Բարձր ջերմություն. ախտանիշներ
30-04-2021
4 րոպե

Բարձր ջերմությունն այն վիճակն է, երբ ձեր մարմնի ջերմաստիճանը բարձրանում է նորմայից վեր:
Ընդ որում, ձեր մարմնի նորմալ ջերմաստիճանը կարող է լինել միջին նորմալ ջերմաստիճանից (37° C) քիչ բարձր կամ ցածր:
Կախված պատճառից, բարձր ջերմությունը կարող է ուղեկցվել լրացուցիչ ախտանիշներով՝
- առատ քրտնարտադրություն
- դող և սարսուռ
- գլխացավ
- մկանային ցավեր և մարմնի ջարդվածության զգացում
- ախորժակի կորուստ
- գրգռվածություն
- ջրազրկում
- ընդհանուր թուլություն:
6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները կարող են ունենալ ջերմային (ֆեբրիլ) ցնցումներ: Նման ցնցումներ տարած մանկահասակ երեխաների շուրջ 1/3-ը հաջորդ 12 ամսվա ընթացքում ունենում են մեկ այլ նման ցնցում:
Ջերմաստիճանի չափում
Մարմնի ջերմաստիճանը չափելու համար կարող եք ընտրել ջերմաչափերի տարբեր տեսակներից մեկնումեկը, այդ թվում՝ բերանի (օրալ), ուղիղաղիքային (ռեկտալ), ականջային (տիմպանիկ) և ճակատային (քունքային զարկերակ):
Օրալ և ռեկտալ ջերմաչափերն ընդհանուր առմամբ ապահովում են մարմնի հիմնային ջերմության ամենաճշգրիտ չափումները: Ականջային կամ ճակատային ջերմաչափերը ավելի հարմարավետ են, սակայն՝ նվազ ճշգրիտ:
Հնարավորության դեպքում խորհուրդ է տրվում չափումը կատարել թվային, այլ ոչ թե սնդիկային ջերմաչափով։
Թևատակի ջերմաստիճանը չափելու համար՝
- թևատակը մաքրեք-չորացրեք մաքուր սրբիչով
- բարձրացրեք աջ կամ ձախ ձեռքը և ջեմաչափը դրեք թևատակի շրջանում՝ չափիչ ծայրը հպելով թևատակի մաշկին
- զգուշությամբ իջեցրեք ձեռքը և հպեք ձեր մարմնին՝ կիպ պահելով ջերմաչափն անութային փոսում
- պահեք ջերմաչափն այնքան, որքան նշված է տվյալ ջերմաչափի տեղեկատվական թերթիկում
- հանեք ջերմաչափը և կարդացեք ձեր մարմնի ջերմաստիճանի ցուցմունքը։
Երբ ձեր երեխայի բժշկին զեկուցում եք նրա ջերմաստիճանը, տեղեկացրեք նաև, թե ինչպես եք չափել այն:
Ե՞րբ դիմել բժշկին
Բարձր ջերմության դեպքերը կարող են որևէ անհանգստության կամ բժշկին դիմելու առիթ չհանդիսանալ: Այնուամենայնիվ, կան որոշ իրավիճակներ, երբ պետք է հարցնել բժշկի խորհուրդ կամ դիմել անհետաձգելի բուժօգնության:
Նորածիններ
Անբացատրելի բարձր ջերմությունը անհանգստության պատճառ է դառնում ավելի շատ նորածինների և մանկահասակ երեխաների, քան չափահասների համար: Զանգեք ձեր երեխայի բժշկին, եթե ձեր նորածինը՝
- 3 ամսականից փոքր է և ունի 38° C կամ ավելի բարձր ռեկտալ ջերմաստիճան
- 3-6 ամսական է և ունի մինչև 38.9° C ռեկտալ ջերմաստիճան, որն ուղեկցվում է անսովոր գրգռվածությամբ, քնկոտությամբ կամ անհարմարավետության այլ նշաններով կամ ունի 38.9°C-ից բարձր ջերմաստիճան
- 6-24 ամսական է և ունի 38.9°C-ից բարձր ռեկտալ ջերմաստիճան, որն առանց որևէ այլ նշանների շարունակվում է մեկ օրից ավելի կամ դրսևորում է մրսածության նշաններ։
Երեխաներ
Եթե երեխան ունի բարձր ջերություն, սակայն համարժեք պատասխան է տալիս՝ պահում է ձեզ հետ տեսողական կոնտակտը, պատասխանում ձեր դիմախաղին և ձեր կանչին, խմում է հեղուկներ և խաղում է, ապա խիստ անհանգստանալու կարիք չկա:
Կապ հաստատեք երեխայի բժշկի հետ, եթե նա՝
- թուլացած կամ գրգռված է և հաճախակի փսխում է, ունի ուժեղ գլխացավ, ստամոքսի ցավ կամ մեկ այլ զգալի անհանգստություն առաջացնող ախտանիշ
- ունի տենդ, որն առաջացել է շոգ ավտոմեքենայում գտնվելուց հետո, որը պահանջում է անհետաձգելի բուժօգնություն
- ունի բարձր ջերմություն, որը շարունակվում է ավելի քան 3 օր
- նվաղած է և չի կարողանում պահպանել ձեզ հետ տեսողական կապ:
Հարցրեք ձեր բժշկից, թե ինչպես վարվել, եթե ձեր երեխան ունի իմունային համակարգի խնդիրներ կամ մեկ այլ հիվանդություն:
Չափահասներ
Զանգեք ձեր բժշկին, եթե ունեք 39.4° C կամ ավելի բարձր ջերմություն:
Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե բարձր ջերմությունն ուղեկցվում է հետևյալ նշաններից մեկնումեկով՝
- ուժեղ գլխացավ
- անսովոր մաշկացան, հատկապես, եթե ցանն արագորեն տարածվում է
- լույսի նկատմամբ անսովոր գերզգայունություն
- պարանոցի կարկամություն կամ գլուխն առաջ թեքելիս ցավեր
- մտավոր խառնաշփոթ վիճակ
- կայուն փսխումներ
- դժվարաշնչություն կամ կրծքավանդակային ցավեր
- որովայնային ցավեր կամ ցավեր միզելիս (դիզուրիա)
- ջղաձգումներ կամ ցնցումներ:
Հոդվածը վերանայվել է՝ 30-04-2021