Ցածր աստիճանի (թեթև) ջերմության դեպքում ձեր բժիշկը կարող է խորհուրդ չտալ, որ ձեր մարմնի ջերմաստիճանը նվազեցնելու համար դեղեր ընդունեք:
Այս աննշան ջերմությունները կարող են օգտակար լինել ձեր հիվանդությունն առաջացնող մանրէների քանակի նվազեցման համար: 38,9° C-ից (102 F) բարձր ջերմաստիճանը հակված է անհանգստություն առաջացնել և հաճախ պահանջում է բուժում:
Դեղատոմս չպահանջող դեղամիջոցներ
Բարձր աստիճանի ջերմության կամ անհանգստություն պատճառող ջերմության դեպքում ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ առանց դեղատոմսի դեղամիջոցներ, ինչպիսիք են Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կամ Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն):
Օգտագործեք այս դեղամիջոցները ըստ պիտակի ցուցումների կամ ինչպես խորհուրդ է տրվում ձեր բժիշկի կողմից: Զգույշ եղեք, որ շատ չընդունեք: Բարձր դեղաչափերը կամ Ացետամինոֆենի կամ Իբուպրոֆենի երկարատև օգտագործումը կարող են առաջացնել լյարդի կամ երիկամների վնասում, իսկ սուր գերդոզավորումը կարող է մահացու լինել: Երեխաներին Ասպիրին մի տվեք, քանի որ այն կարող է առաջացնել հազվադեպ, բայց պոտենցիալ մահացու խանգարում, որը հայտնի է որպես Ռեյի համախտանիշ:
Այս դեղամիջոցները սովորաբար իջեցնում են ձեր ջերմաստիճանը, բայց դուք դեռ կարող եք մեղմ ջերմություն ունենալ: Դեղորայքի ազդեցության համար կարող է պահանջվել 1-ից 2 ժամ: Զանգահարեք ձեր բժշկին, եթե ձեր ջերմությունը չի բարելավվում, նույնիսկ դեղորայք ընդունելուց հետո:
Դեղատոմս պահանջող դեղամիջոցներ
Ձեր բժիշկը կարող է այլ դեղամիջոցներ նշանակել՝ ելնելով ձեր հիվանդության պատճառներից: Հիմնական պատճառի բուժումը կարող է մեղմացնել ձեր գանգատներն ու ախտանիշները, այդ թվում՝ ջերմությունը:
Նկատի ունեցեք, որ հակաբիոտիկները չունեն ուղղակի ջերմիջոցնող ազդեցություն և չեն բուժում վիրուսային վարակները:
Նորածինների բուժումը
Նորածինները, հատկապես երկու ամսականից փոքր մանկահասակ երեխաները, հնարավոր է, որ կարիք ունենան հիվանդանոց ընդունվելու հետազոտության և բուժման համար: Այս փոքր երեխաների մոտ ջերմությունը կարող է վկայել լուրջ վարակի մասին, որը պահանջում է ներերակային (ն/ե) դեղամիջոցներ և շուրջօրյա հսկողություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024