Ֆիբրոմիալգիա. բուժում
26-02-2021
2 րոպե

Ֆիբրոմիալգիայի վերջնական բուժում գոյություն չունի, սակայն ճիշտ բուժական մոտեցմամբ հնարավոր է մեղմացնել ցավերը և մկանային լարվածությունը:
Կարևոր է, որ ֆիբրոմիալգիայով մարդիկ հնարավորինս շատ տեղեկություն ստանան իրենց առողջական խնդրի և ախտանիշների մասին և բուժման մեջ ակտիվ դեր ստանձնեն:
Ընդհանուր առմամբ ֆիբրոմիալգիայի բուժումը ներառում է ինչպես դեղաբուժումը, այնպես էլ ինքնօգնության մոտեցումները: Երկու դեպքում էլ շեշտը պետք է դրվի ախտանիշների առավելագույնս մեղմացման և ընդհանուր առողջական վիճակի բարելավման վրա: Չկա որևէ դեղ կամ միջոց բոլոր ախտանիշների համար, սակայն տարբեր մոտեցումներով կարելի է հասնել հանրագումարային բուժական ազդեցության:
Դեղեր
Դերերը կարող են օգնել ֆիբրոմիալգիայի թիվ մեկ ախտանիշ համարվող ցավերի մեղմացմանը և քնի բարելավմանը:
- Ցավազրկողներ. առանց դեղատոմսի վաճառվող սովորական ցավազրկող դեղերը կարող են օգտակար լինել: Դրանցից են՝ Ացետամինոֆեն (Պարացետամոլ), Իբուպրոֆեն կամ Նապրոքսեն: Օփիոիդային ցավազրկողներ խորհուրդ չի տրվում, քանի որ ունեն զգալի կողմնակի ազդեցություններ, կարող են առաջացնել կախվածություն և ժամանակի ընթացքում վատթարացնել ցավը:
- Հակադեպրեսանտներ. Դուլոքսետինը և Միլնացիպրանը կարող են օգնել ֆիբրոմիալգիայի հետ կապված ցավի և ընդհանուր թուլության մեղմացմանը: Բժիշկը կարող է նաև նշանակել Ամիտրիպտիլին կամ մկանային ռելաքսանտ համարվող Ցիկլոբենզապրին, որպեսզի նպաստի քնի կարգավորմանը:
- Հակացնցումային դեղեր. էպիլեպսիայի բուժման մեջ կիրառվող դեղերը հաճախ օգտակար են ցավի որոշ տեսակների մեղմացման համար: Գաբապենտինը երբեմն նվազեցնում է ֆիբրոմիալգիայի ախտանիշները:
Ոչ դեղորայքային բուժումներ (թերապիա)
Տարբեր ոչ դեղորայքային բուժումներ կարող են օգնել ձեր առօրյա կյանքի վրա ֆիբրոմիալգիայի բացասական ազդեցությունների նվազեցմանը:
- Ֆիզիոթերապիա. ֆիզիոթերապևտը կարող է սովորեցնել վարժանքներ, որոնք որոշ չափով կբարելավեն ձեր ուժը, ճկունությունը և դիմացկունությունը: Ջրային վարժանքներն ունեն առանձնահատուկ օգտակարություն:
- Զբաղվածության թերապիա. զբաղվածության թերապևտը կարող է օգնել, որ ձեր աշխատանքային միջավայրում անեք որոշ համապատասխանեցումներ և «շտկումներ»՝ ուղղված ձեր մարմնի վրա ֆիզիկական լարվածության նվազեցմանը:
- Խորհրդատվություն. խորհրդատուն կարող է օգնել ձեր ունակությունների ամրապնդմանը և սովորեցնել մոտեցումներ, որոնք կարող են նպաստել սթրեսային իրավիճակների հաղթահարմանը:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022