Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ փոխել ապրելակերպը, որը կարող է օգնել ձեր ֆունկցիոնալ դիսպեպսիայի ախտանիշների վերահսկման գործում:
Կատարեք փոփոխություններ ձեր սննդակարգում
Սննդակարգի և սննդի ընդունման բնույթի փոփոխությունները կարող են օգնել ֆունկցիոնալ դիսպեպսիայի ախտանիշների մեղմացմանը:
- Կերեք փոքր քանակներով և ավելի հաճախակի. դատարկ ստամոքսը երբեմն նպաստում է ֆունկցիոնալ դիսպեպսիային: Զուտ ստամոքսում թթվի առկայության պատճառով կարող եք ձեզ վատ զգալ: Փորձեք ուտել փոքր խորտիկ, օրինակ՝ կրեկեր կամ մի կտոր միրգ: Ձգտեք բաց չթողնել հիմնական ճաշերը, սակայն խուսափեք մեծ քանակությամբ կերակուրներից և չափից շատ ուտելուց: Ավելի հաճախ կերեք փոքր նախաուտեստներ:
- Հեռու մնացեք հրահրող մթերքներից. որոշ մթերքներ կարող են նպատսել ֆունկցիոնալ դիսպեպսիային: Օրինակներից են՝ յուղոտ և կծու սնունդ, գազավորված ըմպելիքներ, կոֆեին և ալկոհոլ:
- Ծամեք ձեր սնունդը դանդաղ և ամբողջությամբ. բավարար ժամանակ հատկացրեք ձեր ճաշը վայելելուն:
- Այլ խորհուրդներ. բջջանքով հարուստ սննդամթերքները կարող են օգտակար լինել դիսպեպսիայով այն մարդկանց, ովքեր նաև ունեն փորկապություն: Ստամոքսի թթվայնությունը արագ կրճատող միջոցները, օրինակ՝ կերակրի սոդայի թույլ լուծույթը կարող է մեղմացնել վերորովայնային ցավերը և դիսպեպսիայի մյուս գանգատները: Սակայն, նույնիսկ եթե սոդան օգնում է, ավելի արդյունավետ է (հավանաբար, նաև՝ ավելի անվտանգ) նույն նպատակով հեղուկ կամ հաբի ձևով անտացիդներ խմելը: Նկատի ունեցեք, որ կաթի (կաթնաշաքարի) անտանելիությունը բնավ ֆունկցիոնալ դիսպեպսիա չէ:
Կրճատեք առօրյա սթրեսը
Սթրեսի նվազեցման մեթոդները կամ թուլացման (ռելաքասացիոն) թերապիան կարող են օգնել, որ ավելի լավ վերահսկեք առկա ախտանիշները: Սթրեսը կրճատելու համար ժամանակ հատկացրեք ձեր հոբբիներին, հանգստին, ժամանցին, սպորտին և ձեզ դուր եկած այլ բաներին:
Այլընտրանքային միջոցներ
Ֆունկցիոնալ դիսպեպսիայով մարդիկ հաճախ դիմում են փոխլրացնող և այլընտրանքային բժշկությանը, որ մեղմացնեն գանգատները: Նման միջոցները լրացուցիչ հետազոտությունների կարիք ունեն, սակայն կարող են արդյունավետ դառնալ, եթե կիրառվում են բժշկի նշանակումների և խորհուրդների հետ միասին:
Եթե հետաքրքրված եք օժանդակող և այլընտրանքային բուժումներով, խոսեք ձեր բժշկի հետ հետևյալի մասին:
- Բուսական հավելումներ. անանուխի (мята перечная) և քիմիոնի (тмин) յուղերի համադրությունը կարող է որոշակի օգուտ տալ ֆունկցիոնալ դիսպեպսիայի համար: Դրանք միասին թեթևացրել են ցավի ախտանիշները մեկ շաբաթյա փորձարկման ընթացքում: Իբերոգաստը (STW5), որը պարունակում է 9 բույսի արտամզվածք, կարող է թեթևացնել ստամոքսաղիքային խողովակի կծկանքը (սպազմը) և բարելավել աղիների սնունդը տեղափոխելու ունակությունը: Ճապոնական բուսական դեղամիջոցը, որը կոչվում է ռիկկունշիտո (rikkunshito), նույնպես կարող է օգտակար լինել: Հետազոտողները պարզել են, որ այն ավելի լավ է մեղմացնում որովայնի ցավը, այրոցն ու փքվածությունը, քան պլացեբոն: Պլացեբոն բուժական ազդեցություն չունեցող բուժում է, որն արտաքինից նույնն է և տրվում է նույն ձևով, ինչ հետազոտության ընթացքում փորձարկվող դեղամիջոցը կամ բուժումը: Արտիճուկի (արտիշոկ) տերևի արտամզվածքը նույնպես կարող է նվազեցնել ֆունկցիոնալ դիսպեպսիայի ախտանիշները: Իսկ կոճղապղպեղը (իմբիր) վաղուց է հայտնի որպես սրտխառնոցը մեղմացնող միջոց:
- Ռելաքսացիայի մեթոդներ. հանգստացնող գործողությունները կարող են օգնել ձեզ՝ ավելի հեշտ հաղթահարելու ձեր ախտանիշները: Մեդիտացիան, վարժանքները կամ այլ գործողությունները կարող են օգնել սթրեսի մակարդակի նվազեցմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-05-2020
Վերջին վերանայում՝ 04-04-2024