Ֆունկցիոնալ դիսպեպսիան կարող է բուժման կարիք ունենալ, եթե հնարավոր չէ բուժել ապրելակերպի փոփոխություններով:
Բուժումը կախված է ձեր ախտանիշներից: Այն կարող է համատեղել դեղամիջոցները և վարքաբանական թերապիան:
Դեղորայքային բուժում
Որոշ դեղամիջոցներ կարող են օգնել ֆունկցիոնալ դիսպեպսիայի ախտանիշների բուժմանը: Դրանք ներառում են հետևյալը:
- Աղիքային գազերը քչացնող դեղամիջոցներ. սիմեթիկոն կոչվող բաղադրիչը կարող է որոշակի թեթևացում ապահովել՝ նվազեցնելով աղիքային գազերը և մեղմացնելով փքվածությունը (փոափքանք, մետեորիզմ): Գազերից ազատող միջոցների օրինակներ են Միլանտան և Գազ-X–ը:
- Թթվային արտադրությունը նվազեցնող դեղամիջոցներ. այս դեղերը կոչվում են H2-ընկալիչների պաշաիչներ (բլոկատորներ) և հասանելի են առանց դեղատոմսի: Դրանք ներառում են՝ Ցիմետիդին (Տագամետ HB), Ֆամոտիդին (Պեպսիդ AC) և Նիզատիդին (Աքսիդ AR): Այս խմբի ավելի ուժեղ տարբերակները հասանելի են նաև դեղատոմսով:
- Դեղամիջոցներ, որոնք արգեափակում են թթվային «պոմպերը». պրոտոնային պոմպերի արգելակիչներ (ինհիբիտորներ) կոչվող դեղամիջոցներն «անջատում են» թթվային «պոմպերը» ստամոքսի թթու արտազատող բջիջներում: Դեղատոմս չպահանջող պրոտոնային պոմպի արգելակիչները ներառում են՝ Լանզոպրազոլ (Պրեվացիդ 24HR), Օմեպրազոլ (Պրիլոսեկ OTC) և Էզոպրեմազոլ (Նեքսիում 24HR): Դրանք կարող են մեղմել այրոցքը (изжога): Պրոտոնային պոմպի ինհիբիտորները հասանելի են նաև դեղատոմսով:
- Հակաբիոտիկներ. եթե թեստով ձեր ստամոքսում հայտնաբերվում է հելիկոբակտեր պիլորի կոչվող բակտերիա (H. pylori), ձեր բժիշկը կարող է թթուն ճնշող դեղամիջոցների հետ մեկտեղ նշանակել հակաբիոտիկներ:
- Ցածր դեղաչափով հակադեպրեսանտներ. ձեր բժիշկը կարող է նշանակել եռացիկլիկ հակադեպրեսանտների և սերոտոնինի ետզավթման ընտրողական արգելակիչների ցածր դեղաչափեր: Այս դեղամիջոցները կարող են արգելափակել այն նյարդային բջիջների գործունեությունը, որոնք վերահսկում են աղիքային ցավը:
- Պրոկինետիկներ. այս դեղամիջոցներն օգնում են ձեր ստամոքսին ավելի արագ դատարկվել և բարելավում են ստամոքսի և կերակրափողի միջև գործող սեղմակի (սֆինկտեր) գործունեությունը: Սա օգնում է որովայնի վերին հատվածի ցավի մեղմացմանը։
- Սրտխառնոցը մեղմացնող դեղամիջոցներ. այս դեղերը կոչվում են հակափսխեցուցիչներ (անտիէմետիկներ): եթե ուտելուց հետո առաջացնում է սրտխառնոց, այս միջոցները կարող են օգնել: Դրանք ներառում են՝ Պրոմեթազին, Պրոքլորպերազին կամ Մեկլիզին:
Վարքաբանական թերապիա
Խորհրդատուի կամ թերապևտի հետ աշխատելը կարող է թեթևացնել ախտանիշները, որոնց դեղամիջոցները չեն օգնում: Խորհրդատուն կամ թերապևտը կարող է ձեզ ցույց տալ թուլացման (ռելաքսացիայի) մեթոդներ, որոնք կօգնեն հաղթահարելու ձեր ախտանիշները: Դուք նաև կարող եք սովորել սթրեսը նվազեցնելու մեթոդներ, որոնք օգնում են ձեր ախտանիշների մեղմացմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-05-2020
Վերջին վերանայում՝ 04-04-2024