Գաստրոպարեզ
Գաստրոպարեզը հիվանդություն է, որն ախտահարում է ստամոքսը՝ առաջացնելով տհաճություն պատճառող մի շարք ախտանիշներ:
Այս հոդվածում ձեզ կներկայացվեն գաստրոպարեզի պատճառներն ու բուժման տարբերակները:
Ի՞նչ է գաստրոպարեզը
Գաստրոպարեզը մի վիճակ է, երբ սնունդը ստամոքսում մնում է ավելի երկար, քան նորմայում է:
Ստամոքսի հարթ մկաններից կազմված մկանաշերտի թելերն ունեն տարբեր ուղղություններ: Այդ մկաններն ապահովում են ստամոքսի տարատեսակ «նպատակային» կծկումները: Օրինակ, ստամոքսաելքում հաստանալով՝ օղակաձև մկանաթելերը կազմում են ելքի սեղմանը (սֆինկտեր), իսկ լորձաթաղանթն առաջացնում է շրջանաձև ծալք, որը ստամոքսաելքի փականն է: Սրանք ստամոքսաելքի անցքը փակ են պահում այնքան ժամանակ, մինչև ստամոքսում ավարտվում է մարսողության պրոցեսը, որից հետո սննդախույսը մղվում է առաջ՝ դեպի բարակ աղիներ (12-մատնյա):
Եթե դուք ունեք գաստրոպարեզ, ձեր ստամոքսի մկանների ներդաշնակ աշխատանքը խաթարված է: Ստամոքսում կուտակցված սնունդը չի կարողանում նորմալ կերպով մանրանալ և մնում է ստամոքսում ավելի երկար, քան անհրաժեշտ է:
Որո՞նք են գաստրոպարեզի պատճառները
Գաստրոպարեզի զարգացման ռիսկը բարձրացնում է, եթե դուք ունեք դիաբետ (շաքարախտ), որի բարդություններից մեկը վատ վերահսկվող գլյուկոզի մակարդակի պայմաններում ստամքսի մկանների նյարդերի ախտահարումն է:
Այլ պատճառներից են՝
- ստամոքսի ներգրավմամբ որևէ վիրահատություն
- որոշ հիվանդություններ, օրինակ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ, սկլերոդերմիա կամ ամիլոիդոզ
- որոշ դեղերի ընդունում, օրինակ՝ ափիոնատիպ թմրամիջոցներ (օփիոիդներ) և որոշ հակադեպրեսանտներ:
Որոշ դեպքերում, գաստրոպարեզի որևէ ակնհայտ պատճառ չի գտնվում:
Գաստրոպարեզի ախտանիշները
Եթե դուք ունեք գաստրոպարեզ, հավանակար կզգաք, որ ձեր ընդունած սնունդը նորմալ չեք մարսում և սնունդ ընդունելուց հետո ի հայտ են գալիս ստամոքսի փքվածության զգացում և սրտխառնոց:
Որոշ մարդկանց մոտ կարող են առաջանալ նաև՝
- փսխում, սովորաբար՝ սնունդ ընդունելուց հետո
- սնունդ ընդունելուց հետո ստամոքսի խիստ լցվածության զգացում
- ռեֆլյուքս կամ այրոցքի (изжога) զգացում
- որովայնի վերին (վերորովայն) շրջանում ծանրության զգացում կամ ցավ
- որովայնի փքվածության զգացում (մետեորիզմ)
- փորլուծություն, սովորաբար՝ գիշերները
- ախորժակի անկում
- մարմնի կշռի կորուստ:
Եթե կարծում եք, որ ձեզ մոտ կարող է լինել գաստրոպարեզ, դիմեք ձեր բժշկին:
Գաստրոպարեզի ախտորոշումը
Գաստրոպարեզն ախտորոշելիս բժիշկը կզրուցի ձեզ հետ, կզննի ձեզ (օրինակ՝ կշոշափի ձեր որովայնը) և կնշանակի որոշ արյան հետազոտություններ:
Ձեզ կարող են նաև ուղեգրել այլ հետազոտությունների, օրինակ՝ «ստամոքսի դատարկման հետազոտություն», սոնոգրաֆիա կամ էնդոսկոպիա (օրինակ՝ գաստրոսկոպիա):
Գաստրոպարեզի վարումը
Թեև գաստրոպարեզը բուժելի չէ, կան ախտանիշները մեղմացնող բուժական միջոցներ, այդ թվում՝
- փոքր չափաբաժիններով սննդի ընդունում
- դյուրամարս սննդի ընդունում
- դեղեր, որոնք բարելավում են ստամոքսի կծկողական գործունեությունը և մեղմացնում սրտխառնոցի զգացումը:
Եթե սննդակարգի փոփոխություններով և դեղերով ձեր ախտանիշները չեն մեղմանում, բժիշկը կարող է առաջարկել ստամոքսի մեջ հատուկ փեյսմեյքերի տեղադրում, որը խթանում է ստամոքսի մկանների կծկողունակությունը: Զրուցեք այս թեմայով ձեր բժշկի հետ:
Խիստ ծանր դեպքերում ձեզ կարող է առաջարկվել ստամոքսի և 12-մատնյա աղու միջև առկա «փականի» մեջ բոտոքսի ներարկում, սնուցող խողովակի տեղադրում կամ վիրահատություն:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021