Բժիշկներն օգտագործում են մի քանի հետազոտություններ, որոնք օգնում են գաստրոպարեզի ախտորոշմանը և այնպիսի վիճակների բացառմանը, որոնք կարող են առաջացնել նմանատիպ ախտանիշներ:
Ստամոքսի դատարկման թեստեր
Այս հետազոտություններից մեկը կամ մի քանիսը կարող են առաջարկվել տեսնելու համար, թե որքան արագ է ձեր ստամոքսը դատարկում իր պարունակությունը:
- Սցինտիգրաֆիա. սա գաստրոպարեզի ախտորոշման համար օգտագործվող ամենակարևոր թեստն է: Այն ներառում է թեթև սննդի ընդունումը (օրինակ՝ հավկիթ և տոստ), որը պարունակում է փոքր քանակությամբ ռադիոակտիվ նյութ: Որովայնի շրջանում տեղադրվում է ռադիոակտիվ նյութի տեղաշարժը հայտնաբերող և գրանցող սքաներ: Դուք պետք է դադարեցնեք ցանկացած դեղամիջոց ընդունելը, որը կարող է դանդաղեցնել ստամոքսի դատարկումը: Հարցրեք ձեր բժշկին, թե արդյոք ձեր դեղամիջոցներից որևէ մեկը կարող է դանդաղեցնել ձեր մարսողությունը:
- Շնչառական թեստեր. այս հետազոտության համար դուք օգտագործում եք պինդ կամ հեղուկ սնունդ, որը պարունակում է մի նյութ, որը ձեր օրգանիզմը ներծծում է: Որոշ ժամանակ անց, նույն նյութը կարող է հայտնաբերվել ձեր արտաշնչվող օդում: Ձեր արտաշնչված օդի նմուշները հավաքվում են մի քանի ժամվա ընթացքում և չափվում է այդ նյութի քանակը: Թեստը կարող է ցույց տալ, թե որքան արագ է ձեր ստամոքսը դատարկվում սնունդ օգտագործելուց հետո՝ չափելով ձեր շնչառական նյութի քանակը:
Վերին ստամոքսաղիքային էնդոսկոպիա
Այս միջամտությունը նշանակվում է մարսողական համակարգի վերին հատվածների՝ կերակրափողի, ստամոքսի և բարակ աղիների (տասներկումատնյա աղի) սկիզբը «ներսից» դիտելու և զննելու համար: Այն օգտագործում է երկար ճկուն խողովակ, որի ազատ ծայրին կա լուսավորող փոքրիկ տեսախցիկ: Այս հետազոտությունը կարող է օգտագործվել նաև այլ հիվանդությունների ախտորոշման համար, ինչպիսիք են պեպտիկ խոցային հիվանդությունը կամ ստամոքսաելքի նեղացումը (պիլորիկ ստենոզ), որոնք կարող են ունենալ գաստրոպարեզին նմանվող ախտանիշներ:
Գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա)
Այս հետազոտությունն օգտագործում է բարձր հաճախականության ձայնային ալիքներ՝ ձեր օրգանիզմի ներքին կառուցվածքների սոնոգրաֆիկ պատկերներ ստեղծելու համար: Գերձայնը կարող է օգնել ախտորոշելու, թե արդյոք ձեր ախտանիշների պատճառը ձեր լեղապարկի կամ երիկամների հետ կապված խնդիրներն են:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024