Skip to main content

Գաստրոպարեզի բուժումը սկսվում է հիմքում ընկած հիվանդության կամ վիճակի բացահայտմամբ և բուժմամբ:

Եթե գաստրոպարեզը զարգացել է որպես դիաբետի բարդություն, ձեր բժիշկը կարող է աշխատել ձեզ հետ՝ օգնելու ձեզ վերահսկել դիաբետը:

Սննդակարգի փոփոխություններ

Գաստրոպարեզի բուժման կարևորագույն նպատակը համարժեք սնուցման պահպանումն է: Բազմաթիվ մարդիկ կարող են կառավարել գաստրոպարեզը սննդակարգի փոփոխությունների օգնությամբ: Բժիշկը կարող է ձեզ ուղղորդել դիետոլոգի մոտ, ով կարող է ձեզ օգնել, որ միասին ընտրեք ձեզ համար ավելի հեշտ մարսվող մթերքներ: Սա կարող է օգնել, որ ձեր կերած սննդից բավարար քանակության կալորիաներ և սննդանյութեր ստանաք:

Օրինակ, դիետոլոգը կարող է առաջարկել, որ դուք փորձեք՝

  • ուտել հաճախակի՝ ավելի փոքր քանակներով
  • սնունդը մանրակրկիտ ծամել
  • ուտել լավ եփած, այլ ոչ թե հում մրգեր և բանջարեղեններ
  • խուսափել բջջանքով հարուստ մրգերից ու բանջարեղեններից, ինչպիսիք են նարինջը և բրոկոլիըն, որոնք կարող են բեզոարներ (ստամոքսային քարեր) առաջացնել
  • ընտրել հիմնականում ցածր յուղայնությամբ մթերքներ, եթե գիտեք, որ դրանք դժվարացնում են ձեր մարսողությունը
  • փորձել ապուրներ և մթերքների պյուրեներ, եթե հեղուկները ձեզ համար ավելի հեշտ է կուլ տալու
  • խմել օրական 1-1,5 լիտր ջուր
  • ուտելուց հետո թեթև վարժանքներ անել, օրինակ՝ զբոսնել
  • խուսափել գազավորված ըմպելիքներից, ալկոհոլից և ծխախոտից
  • խուսափել ուտելուց հետո 2 ժամ պառկելուց
  • ամեն օր մուլտիվիտամին ընդունել:

Հարցրեք դիետոլոգին գաստրոպարեզի ժամանակ խորհուրդ տրվող մթերքների ամբողջական ցանկը: Ահա մի համառոտ ցուցակ:

Օսլաներ

  • սպիտակ հաց և բուլկիներ և ամբողջահատիկ ցորենի հաց՝ առանց ընկույզի կամ սերմերի
  • սովորական կամ հավկիթային թխվածքաբլիթներ
  • անգլիական կեքսեր
  • ալյուրի կամ եգիպտացորենի տորտիլաներ
  • բլիթներ
  • փքված ցորենի կամ բրնձի փքափաթիլներ
  • ցորենի կամ բրնձի կրեմներ
  • սպիտակ կրեկեր
  • սպիտակ կամ քաղցր կարտոֆիլ (առանց կեղևի)
  • տապակած կարտոֆիլի ֆրի
  • բրինձ
  • մակարոնեղեն։

Սպիտակուց (պրոտեին)

  • անյուղ տավարի, հորթի և խոզի միս (ոչ տապակած)
  • հավի կամ հնդկահավի միս (առանց կաշվի և ոչ տապակած)
  • ծովախեցգետին, օմար, կակղամորթ, խեցգետին, ոստրե և այլն
  • թունա (փաթեթավորված ջրի մեջ)
  • կաթնաշոռ
  • ձու
  • տոֆու
  • հարած մսով մանկական սնունդ։

Մրգեր եւ բանջարեղեններ

  • տրորած բանջարեղեններ և մրգեր (նման մանկական պյուրեներին)
  • տոմատի սոուս, մածուկ, խյուս, հյութ
  • գազար (եփած)
  • բազուկ (եփած)
  • սունկ (եփած)
  • բանջարեղենային հյութ
  • բանջարեղենային արգանակ (բուլյոն)
  • մրգային հյութեր և խմիչքներ
  • խնձորի պյուրե
  • բանան
  • դեղձ և տանձ (պահածոյացված):

Կաթնամթերք

  • կաթ (եթե լավ եք տանում)
  • յոգուրտ (առանց մրգի կտորների) կամ մածուն
  • եփած կրեմ և պուդինգ
  • սառեցված յոգուրտ:

Դեղամիջոցներ

Գաստրոպարեզի բուժման դեղամիջոցները կարող են ներառել հետևյալ խմբերը:

  • Ստամոքսի մկանները խթանող դեղամիջոցներ. այս դեղամիջոցներից են՝ Մետոկլոպրամիդ (Ռեգլան) և Էրիթրոմիցին: Մետոկլոպրամիդն ունի լուրջ կողմնակի ազդեցությունների ռիսկ: Էրիթրոմիցինը ժամանակի ընթացքում կարող է կորցնել իր արդյունավետությունը և կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ, ինչպիսին է փորլուծությունը: Նորագույն դեղամիջոցներից է Դոմպերիդոնը, որն ունի ավելի սակավաթիվ կողմնակի ազդեցություններ:
  • Սրտառնոցը և փսխումը վերահսկող դեղամիջոցներ. սրտխառնոցի և փսխումների թեթևացմանն օգնող դեղամիջոցներից են՝ Դիֆենհիդրամին (Բենադրիլ և այլն) և Օնդանսետրոն (Զոֆրան): Պրոքլորպերազինը (Կոմպրո) օգտագործվում է, եթե սրտխառնոցն ու փսխումը շարունակվում են:

Վիրահատական բուժում

Գաստրոպարեզ ունեցող որոշ մարդիկ կարող են ի վիճակի չլինել տանելու որևէ մթերք կամ հեղուկ: Այս իրավիճակներում բժիշկները կարող են խորհուրդ տալ բարակ աղիքում սնուցող խողովակի տեղադրում (յեյունոստոմիկ խողովակ): Կամ բժիշկները կարող են խորհուրդ տալ ստամոքսի օդափոխիչ խողովակի տեղադրում, որը կօգնի նվազեցնելու ստամոքսի պարունակության ճնշումը:

Սնուցող խողովակները (զոնդեր) կարող են տեղադրվել ձեր քթով կամ բերանով կամ ուղղակիորեն ձեր մաշկի միջով բարակ աղիներ: Խողովակը սովորաբար ժամանակավոր է և օգտագործվում է միայն այն դեպքում, երբ գաստրոպարեզը ծանր է կամ երբ արյան շաքարի մակարդակը չի կարող վերահսկվել որևէ այլ մեթոդով: Որոշ մարդկանց կարող է պահանջվել ներերակային (պարէնտերալ) սնուցման կաթետեր, որն ուղղակիորեն տեղադրվում է կրծքավանդակի (ենթաանրակային) երակի մեջ:

Ստամոքսի էլեկտրական խթանում և փեյսինգ

Ստամոքսի էլեկտրական խթանման համար վիրահատական միջոցով ներդրվում է սարք, որն էլեկտրական ազդանիշներ է ուղարկում դեպի ստամոքսի մկաններ և օգնում ստամոքսին, որ կծկվի և սնունդն առաջ մղի ավելի արդյունավետ կերպով: Հետազոտության տվյալները հակասական են, սակայն դիաբետիկ գաստրոպարեզով մարդկանց համար ստամոքսի այսպիսի արհեստական խթանիչը կարող է խիստ օգտակար դառնալ:

Հոդվածը հրապարակվել է՝ 11-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024