Գենիտալ հերպեսի վիրուսով (հասարակ հերպեսի վիրուս, HSV) վարակված մարդկանց մեծ մասը չգիտի, որ որ ունի այն:
Նրանք կարող են չունենալ ախտանիշներ կամ նշել շատ մեղմ ախտանիշներ:
Ախտանիշները սկսվում են վիրուսի հետ շփումից մոտ 2-12 օր հետո: Դրանք կարող են ներառել հետևյալը:
- սեռական օրգանների շրջանում ցավ, ցավոտություն կամ քոր
- սեռական օրգանների, հետանցքի (անուս) կամ բերանի շուրջ փոքրիկ կարմիր հանգույցիկներ կամ մանր սպիտակ բշտիկներ, որոնք կարող են հայտնվել վարակվելուց հետո մի քանի օրվանից մինչև մի քանի շաբաթվա ընթացքում
- ցավոտ խոցեր, որոնք առաջանում են, երբ բշտիկները պատռվում են և հոսում կամ արյունահոսում (մեծաքանակ լինելից դրանք կարող են նմանվել մաշկի խոցոտված ցանի)
- կեղևներ, որոնք առաջանում են խոցերի ապաքինման ժամանակ
- ցավոտ միզարձակում, որի հիմնական պատճառը խոցերն են
- արտահոսք միզուկից՝ այն խողովակից, որով մեզը հեռանում է օրգանիզմից
- արտահոսք հեշտոցից:
Առաջին բռնկման ժամանակ դուք հաճախ կարող եք ունենալ գրիպանման ախտանիշներ, ինչպիսիք են՝
- ջերմություն
- գլխացավ
- մարմնի (մկանային) ցավեր
- այտուցված ավշային հանգույցներ աճուկում:
Ախտանիշների տեղակայման տարբերությունները
Խոցերը հայտնվում են այնտեղ, որտեղից վարակը թափանցում է օրգանիզմ: Դուք կարող եք վարակը տարածել՝ դիպչելով խոցին, ապա քսելով կամ քերծելով ձեր մարմնի մեկ այլ հատված: Դա ներառում է ձեր մատները կամ աչքերը:
Տղամարդկանց և կանանց մոտ խոցեր կարող են առաջանալ հետևյալ շրջաններում՝
- հետույք
- ազդրեր
- հետանցք
- բերան
- միզուկ:
Կանանց մոտ խոցեր կարող են զարգանալ նաև հետևյալ շրջաններում՝
- արտաքին սեռական օրգաններ՝ ամոթույք (վուլվա)
- հեշտոց (վագինա)
- արգանդի վզիկ:
Տղամարդկանց մոտ խոցեր կարող են զարգանալ նաև հետևյալ շրջաններում՝
- առնանդամ
- փոշտ:
Կրկնակի բռնկումներ
Սեռական հերպեսի առաջին բռնկումից հետո ախտանիշները հաճախ կրկին հայտնվում են։ Դրանք կոչվում են կրկնակի բռնկումներ կամ կրկնակի դրվագներ (ախտադարձ կամ ռեցեդիվ):
Թե որքան հաճախ են լինում կրկնակի բռնկումները, շատ տարբեր է: Որոշ մարդկանց մոտ նման սրացումներն ու ախտադադարները կրկնվում են տարվա մեջ բազմաթիվ անգամ: Դուք սովորաբար ամենաշատ բռնկումները կունենաք վարակվելուց հետո առաջին տարին: Դրանք կարող են ժամանակի ընթացքում ավելի քիչ հաճախ հայտնվել: Ձեր ախտանիշները կրկնակի բռնկումների ժամանակ (կոչվում է նաև երկրորդային հերպես) սովորաբար այնքան երկար չեն տևում և այնքան սուր չեն, որքան առաջինը (կոչվում է նաև առաջնային հերպես):
Դուք կարող եք նոր բռնկման սկսվելուց մի քանի ժամ կամ օր առաջ ունենալ նախազգուշացնող նշաններ: Դրանք կոչվում են պրոդրոմալ ախտանիշներ և ներառում են՝
- սեռական օրգանների ցավ
- ոտքերում, ազդրերում կամ հետույքի շրջանում ծակող ցավեր:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե կասկածում եք, որ ունեք սեռական հերպես կամ որևէ այլ սեռավարակ, դիմեք ձեր բժշկին:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024