Ձեր բժիշկը սովորաբար կարող է գենիտալ հերպեսի ախտորոշում կատարել՝ հիմնվելով ֆիզիկական քննության (բուժզննման) և ձեր սեռական կյանքի պատմության վրա (սեռական անամնեզ):
Ձեր բժշկին խիստ օգտակար կլինի, եթե անկեղծորեն պատասխանեք նրա բոլոր հարցերին, օրինակ՝ սեռական կյանքին վերաբերվող մանրամասներ, ռիսկային սեռական վարքագծի վերաբերյալ տվյալներ և այլն: Գուցե կարիք զգացվի, որ ձեր բժիշկը նաև զրուցի ձեր սեռական զուգընկերոջ կամ զուգընկերների հետ:
Ախտորոշումը հաստատելու համար ձեր բժիշկը, հավանաբար, նմուշ կվերցնի ակտիվ խոցից: Այս նմուշների մեկ կամ մի քանի թեստեր օգտագործվում են պարզելու, թե արդյոք ունեք հասարակ հերպեսի վիրուսի (HSV), վարակ և տարբերակելու, թե արդյոք ձեր վարակը HSV-1 է, թե HSV-2:
Ավելի հազվադեպ, ախտորոշումը հաստատելու կամ այլ վարակները բացառելու համար կարող է նշանակվել ձեր արյան լաբորատոր թեստ:
Ձեր բժիշկը, հավանաբար, խորհուրդ կտա ձեզ հետազոտվել նաև այլ սեռավարակների համար: Ձեր զուգընկերը նույնպես պետք է թեստ անցնի ինչպես սեռական հերպեսի, այնպես էլ այլ սեռավարակների համար:
Սեռական հերպեսի ախտորոշումը կարևորվում է հատկապես հղիությունը պլանավորելիս կամ բուն հղիության ընթացքում, որը թույլ է տալիս հղիությունն ու ծննդաբերությունը դարձնել ավելի անվտանգ ինչպես մոր, այնպես էլ ապագա երեխայի համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024