Սեռական հերպես. բուժում
19-04-2018
1 րոպե

Սեռական կամ գենիտալ հերպեսը որևէ վերջնական բուժում չունի:
Այնուամենայնիվ, սեռական հերպեսի ժամանակ բժշկի նշանակած հակավիրուսային դեղամիջոցոները կարող են՝
- նախնական բռնկման փուլում օգնել խոցերի ավելի շուտ լավացմանը
- մեղմացնել կրկնվող բռնկումների ախտանիշների ծանրության աստիճանը և տևողությունը
- կրճատել կրկնությունների (ախտադարձ կամ ռեցեդիվ) հաճախականությունը
- նվազեցնել հերպեսի վիրուսի փոխանցումն այն մարդկանց:
Սեռական հերպեսի բուժման մեջ օգտագործվում են հետևյալ հակավիրուսային դեղամիջոցները՝
- Ացիկլովիր (Զորիվաքս)
- Վալացիկլովիր (Վալտրեքս):
Հակավիրուսային դեղամիջոցներն առավել արդյունավետ են, երբ սկսում են օգտագործվել հերպեսի առաջին նշաններն ի հայտ գալուց հետո մինչև 72 ժամվա ընթացքում:
Բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ դեղամիջոցներն ընդունեք միայն սուր ախտանիշների ժամանակ կամ որոշ դեղամիջոցներ ընդունեք ամեն օր, նույնիսկ ախտանիշների բացակայության դեպքում: Դեղամիջոցները սովորաբար լավ են տարվում և ունեն միայն քիչ կողմնակի ազդեցություններ:
Հերպեսային բշտիկների և դրանց «պայթելուց» զարգացած խոցերի հետ կապված գանգատները նաև կարելի է մեղմացնել այս մեթոդներով՝
- ախտահարված շրջանների նուրբ լվացում գոլ աղային լուծույթով (1 թեյի գդալ աղը 2 բաժակ ջրում կամ 1 բաժակ աղը վաննայում)
- սովորական ցավազրկողներ, օրինակ՝ Ացետամինոֆեն (Թայլենոլ, Պարացետամոլ) կամ Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին)
- տեղային անզգայացնող քսուքներ
- եթե միզելը խիստ ցավոտ է, փորձել միզել տաք լոգանքի ընթացքում:
Խորհուրդ է տրվում նաև սեռական հերպեսի բուռն ընթացքի շրջանում (սեռական օրգանների կամ հետանցքի շրջանում բշտիկային կամ խոցային ցան) խուսափել սեռական հարաբերություններից:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022