Գինգիվիտի կամ լնդաբորբի ամենատարածված պատճառը բերանի խոռոչի ոչ պատշաճ հիգիենան է, որը նպաստում է ատամնափառի առաջացմանը և շրջակա լնդային հյուսվածքի բորբոքմանը:
Ահա թե ինչպես կարող է ատամնափառը բերել գինգիվիտի:
- Ատամների մակերևույթին ձևավորվում է փառ. ատամնափառն անտեսանելի, կպչուն թաղանթ է, որը հիմնականում կազմված է ատամների մակերևույթին առկա բակտերիաներից: Վերջիններս աճում ու բազմանում են, երբ սննդում առկա օսլան և շաքարները փոխազդում են նորմայում բերանի խոռոչում առկա բակտերիաների հետ: Ատամնափառը պահանջում է ամենօրյա մաքրում-հեռացում, քանի որ արագորեն վերականգնվում է:
- Ատամնափառը վերաճում է ատամնաքարի. ատամներին պահպանվող փառը կարող է կարծրանալ ատամների վզիկների մակերեսներին կիպ հպվող լնդերի ազատ եզրերի (գինգիվայի) տակ՝ վերածվելով քարերի, որոնք կուտակում են բակտերիաներ: Ատամնաքարերի պատճառով ատամնափառի հեռացումն էլ ավելի է դժվարանում՝ առաջացնելով բակտերիաների համար պաշտպանիչ շերտ և զարգացնելով լնդեզրերի գրգռում: Նման վիճակը պահանջում է ատամնաբույժի կողմից քարերի մասնագիտական մաքրում և հեռացում:
- Գինգիվան սկսում է բորբոքվել (գինգիվիտ). որքան երկար են ատամնափառն ու ատամնաքարերը պահպանվում ատամների վրա, այդքան ավելի շատ են գրգռում գինգիվան՝ առաջացնելով բորբոքում: Ժամանակի ընթացքում լնդերը դառնում են այտուցված և հեշտությամբ արյունահոսող: Նաև կարող է զարգանալ ատամի քայքայում (կարիես): Չբուժվելու դեպքում գինգիվիտը կարող է վերածվել պերիօդոնտիտի և ի վերջո հանգեցնել ատամների կորստի:
Ռիսկի գործոններ
Գինգիվիտը տարածված վիճակ է և կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ, սակայն կան գործոններ, որոնք կարող են բարձրացնել լնդաբորբի զարգացման ռիսկը: Դրանցից են՝
- բերանի խոռոչի հիգիենայի կանոնների անտեսում
- ծխախոտի օգտագործում (ծխել, ծամել)
- մեծ տարիք
- քրոնիկ բերանի չորություն
- վատ սնուցում, ներառյալ՝ վիտամին C-ի դեֆիցիտ
- ոչ ճիշտ հարմարեցված, խոռոչներ առաջացնող կամ լնդերը գրգռող ատամապրոթեզներ կամ դժվար մաքրվող ծուռ ատամներ
- իմունիտետը թուլացնող հիվանդություններ, ինչպիսիք են՝ լեյկեմիա (լեյկոզ), ՄԻԱՎ/ՁԻԱՀ կամ քաղցկեղի բուժում
- որոշ դեղամիջոցների ընդունում, օրինակ՝ էպիլեպտիկ ցնցումների դեմ նշանակվող Ֆենիտոին (Դիլանտին, Ֆենիտեկ), կրծքահեղձուկի դեմ նշանակվող կալցիումական անցուղիների պաշարիչներ, բարձր ճնշման դեղեր և այլն
- հորմոնային փոփոխություններ, որոնք կապված են հղիության, դաշտանային ցիկլի կամ հակաբեղմնավորիչների օգտագործման հետ
- գենետիկ գործոններ
- որոշ հիվանդություններ, օրինակ՝ վիրուսային և սնկային վարակներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-11-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024