Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս-հիվանդության (ԳԷՌՀ) բուժումը փուլային է և սկսվում է ապրելակերպի փոփոխություններից։
Եթե ռեֆլյուքսի ախտանիշները միայն սննդակարգի փոփոխություններով չեն մեղմանում, կարիք է առաջանում նաև ընդունել որոշ դեղամիջոցներ։ Նման դեպքերում բժիշկն ընտրում է ձեզ և ձեր հիվանդությանն առավել համապատասխանող նախ՝ առանց դեղատոմսի վաճառվող, որից հետո, եթե գանգատները չեն մեղմանում՝ ավելի ուժեղ և դեղատոմսով դուրս գրվող դեղամիջոցներ:
Դեղատոմս չպահանջող դեղամիջոցներ
Տարբերակները ներառում են հետևյալը:
- Ստամոքսի թթուն չեզոքացնող անտացիդներ. կալցիումի կարբոնատ պարունակող անտացիդային դեղամիջոցները, ինչպիսիք են Միլանտան, Ռոլէյդսը և Թումսը, կարող են արագ մեղմացնել ձեր գանգատները: Սակասյն, միայն անտացիդները չեն բուժի ստամոքսի թթվից վնասված կերակրափողի բորբոքումը: Որոշ անտացիդների չափից ավելի օգտագործումը կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են փորլուծությունը կամ երբեմն երիկամների հետ կապված խնդիրները: Նաև նկատի ունեցեք, որ անտացիդները չի կարելի ընդունել այլ դեղերի հետ միաժամանակ, քանի որ կարող են կանխել մյուս դեղերի նորմալ ներծծումը։
- Թթվի արտադրությունը կրճատող դեղամիջոցներ. այս դեղամիջոցները հայտնի են նաև որպես հիստամինային (H2) պաշարիչներ (բլոկատորներ), ներառում են Ցիմետիդին (Տագամետ HB), Ֆամոտիդինը (Պեպսիդ AC) և Նիզատիդինը (Աքսիդ AR): H2 պաշարիչները չեն ազդում այնքան արագ, որքան անտացիդները, սակայն դրանք ավելի երկար են թեթևացնում ախտանիշները և կարող են նվազեցնել ստամոքսից թթվի արտադրությունը մինչև 12 ժամ:
- Թթվի արտադրությունն արգելափակող և կերակրափողը բուժող դեղամիջոցներ. այս դեղամիջոցները, որոնք հայտնի են որպես պրոտոնային պոմպի արգելակիչներ (ինհիբիտորներ), թթվի արտադրության ավելի ուժեղ արգելափակիչներ են, քան H2 պաշարիչները և ժամանակ են տալիս կերակրափողի վնասված հյուսվածքի ապաքինման համար: Դեղատոմս չպահանջող պրոտոնային պոմպի արգելակիչները ներառում են՝ Լանզոպրազոլ (Պրեվացիդ 24 HR), Օմեպրազոլ (Պրիլոզեկ OTC) և Էսոմեպրազոլը (Նեքսիում 24 HR):
Դեղատոմս պահանջող դեղամիջոցներ
Տարբերակները ներառում են հետևյալը:
- Ուժեղ ազդող պրոտոնային պոմպի արգելակիչներ (ինհիբիտորներ). այս դեղամիջոցներից են՝ Էզոմեպրազոլ (Նեքսիում), Լանզոպրազոլ (Պրեվացիդ), Օմեպրազոլ (Պրիլոզեկ), Պանտոպրազոլ (Պրոտոնիքս), Ռաբեպրազոլ (Ացիֆեքս) և Դեքլանզոպրազոլ (Դեքսիլանտ): Այս դեղամիջոցներն ընդհանուր առմամբ լավ են տարվում, սակայն կարող են առաջացնել փորլուծություն, գլխացավ, սրտխառնոց և հազվադեպ՝ վիտամին B12-ի կամ մագնեզիումի ցածր մակարդակ:
- Ուժեղ ազդող H2 ընկալիչի պաշարիչներ (բլոկատորներ). այս դեղամիջոցներից են Ֆամոտիդինը և Նիզատիդինը: Այս դեղերի կողմնակի ազդեցությունները սովորաբար մեղմ են և լավ հանդուրժելի:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024