Ձեր բժիշկը կարող է ախտորոշել գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (ԳԷՌՀ)՝ հիմնվելով ձեր գանգատների, ախտանիշների պատմության և բուժզննման վրա:
ԳԷՌՀ-ի ախտորոշումը հաստատելու կամ բարդությունների առկայությունը ստուգելու համար ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ հետազոտությունները:
- Վերին էնդոսկոպիա. ձեր բժիշկը ձեր կոկորդից դեպի ներքև ներմուծում է բարակ, ճկուն խողովակ, որը հագեցած է լույսով և տեսախցիկով (էնդոսկոպ): Էնդոսկոպն օգնում է ձեր բժշկին տեսնել ձեր կերակրափողի և ստամոքսի ներսը: Ռեֆլյուքսի դեպքում հետազոտության արդյունքները կարող են խնդիրներ ցույց չտալ, սակայն էնդոսկոպիան կարող է հայտնաբերել կերակրափողի բորբոքում (էզոֆագիտ) կամ այլ բարդություններ: Էնդոսկոպիան կարող է օգտագործվել նաև հյուսվածքային նմուշ վերցնելու համար (բիոպսիա), որը պետք է ստուգվի այնպիսի բարդությունների համար, ինչպիսին է Բարետի կերակրափողը: Որոշ դեպքերում, եթե նկատվում է կերակրափողի նեղացում, այս միջոցառման ընթացքում նեղացած հատվածը կարող է ձգվել կամ լայնացվել: Սա արվում է կուլ տալու հետ կապված դժվարությունը (դիսֆագիա) բարելավելու համար:
- Թթվի (pH) ամբուլատոր զոնդային թեստ. ձեր կերակրափողում տեղադրվում է մոնիտոր՝ պարզելու, թե երբ և որքան ժամանակ է ստամոքսի թթուն ետ հոսում դեպի կերակրափող: Մոնիտորը միանում է փոքր համակարգչին, որը կրում եք գոտկատեղում կամ ուսով անցկացված ժապավենի վրա: Մոնիտորը կարող է լինել բարակ, ճկուն խողովակ (զոնդ կամ կաթետեր), որը ձեր քթով անցնում է կերակրափող: Կամ դա կարող է լինել սեղմակ, որը տեղադրում է ձեր կերակրափողում էնդոսկոպիայի ժամանակ: Մոտ երկու օր հետո սեղմակը կղանքով դուրս է գալիս ձեր օրգանիզմից:
- Վերին մարսողական համակարգի ռենտգեն. ռենտգենյան հետազոտությունն անցկացվում է կավճագույն հեղուկ խմելուց հետո, որը ծածկում և լցնում է ձեր մարսողական խողովակի ներքին լորձաթաղանթը: Ծածկած շերտը թույլ է տալիս բժշկին տեսնել ձեր կերակրափողի և ստամոքսի ուրվագիծը: Սա հատկապես օգտակար է այն մարդկանց համար, ովքեր դժվարանում են կուլ տալ: Ձեզ նաև կարող են խնդրել կուլ տալ բարիումի հաբ, որը կարող է օգնել կուլ տալուն խանգարող կերակրափողի նեղացման ախտորոշմանը:
- Կերակրափողային (էզոֆագեալ) մանոմետրիա. այս թեստը չափում է կերակրափողի մկանների ռիթմիկ կծկումները, երբ դուք կուլ եք տալիս: Կերակրափողի մանոմետրիան նաև չափում է ձեր կերակրափողի մկանների կծկումների կոորդինացիան և ուժը: Սա սովորաբար նշանակվում է այն մարդկանց, ովքեր դժվարանում են կուլ տալ:
- Ներքթային (տրանսնազալ) էզոֆագոսկոպիա. այս հետազոտությունն արվում է կերակրափողում որևէ վնաս հայտնաբերելու համար: Տեսախցիկով բարակ, ճկուն խողովակը մտցնում են ձեր քթի միջով և ներմուծում ձեր կոկորդով դեպի կերակրափող: Տեսախցիկը նկարներ է ուղարկում վիդեո էկրանին:
Ավելի հազվադեպ, հատկապես կերակրափողի ուռուցքային հիվանդությունների կասկածի դեպքում ձեր բժիշկը նաև կարող է առաջարկել կերակրափողի համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) կամ մագինսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ):
Հոդվածը հրապարակվել է՝ 28-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024