Ձեր բժիշկը, հավանաբար, խորհուրդ կտա նախ փորձել ապրելակերպի փոփոխություններ և դեղատոմս չպահանջող դեղեր:
Եթե մի քանի շաբաթվա ընթացքում գանգատների և ախտանիշների մեղմացում չզգաք, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ դեղատոմս պահանջող դեղեր և լրացուցիչ հետազոտություններ:
Ապրելակերպի փոփոխություններ
Գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքս հիվանդության (ԳԷՌՀ) ախտանիշները կարելի է մեղմացնել կամ դրանց առաջացումը կարելի է կանխարգելել՝ բարեփոխելով ձեր ապրելակերպը։ Ահա որոշ խորհուրդներ՝
- անցեք ճարպերի քիչ քանակներ պարունակող սննդակարգի
- եթե գեր եք, ձեր բժշկի հետ կազմեք առողջ նիհարելու ծրագիր և սկսեք նվզեցնել ձեր քաշը
- սահմանափակեք սուրճ, ալկոհոլ, շոկոլադ կամ կոֆեին պարունակող մթերքների կամ ըմպելիքների ամենօրյա օգտագործումը
- եթե ծխող եք, դադարեցրեք ծխելը
- խուսափեք մեծ քանակով սնունդ ընդունելուց, դրա փոխարեն այն ընդունեք փոքր չափաբաժիններով և հաճախակի
- սնունդն ընդունեք դանդաղ և ոչ հապշտապ՝ մինչև կուլ տալը լավ ծամելով և մանրացնելով ուտելիքը
- խուսափեք ուտելու ընթացքում մեծ քանակի հեղուկներ, հատկապես գազավորված ըմպելիքներ ընդունելուց
- խուսափեք «խնդրահարույց» սննդամթերքներից կամ հեղուկներից, որոնք կարող են խորացնել ձեր գանգատները՝ սուրճ, ալկոհոլ, շոկոլադ, լոլիկ և այլն
- խուսափեք շատ կծու, թթու, քաղցր և դառը սննդից, որը բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը և ստամոքսաելքի հատվածում առաջացնում կծկողաշարժողական խանգարումներ
- երեկոյան վերջին սնունդն ընդունեք անկողին մտնելուց 3-4 ժամ առաջ. սա վերաբերվում է նաև մրգերին
- բարձրացրեք անկողնու գլխային հատվածը, եթե գիշերները ձեր գանգատները սրանում են։
Դեղորայքային բուժում
Եթե միայն ապրելակերպի փոփոխություններով ռեֆլյուքսի ախտանիշները չեն թեթևանում, կարիք է առաջանում բժշկի խորհրդով ընդունել որոշ դեղամիջոցներ։
Ռեֆյլուքսի բուժման դեղատոմս չպահանջող դեղամիջոցների հիմնական խմբերն են՝
- ստամոքսի թթուն չեզոքացնող անտացիդներ
- թթվի արտադրությունը կրճատող դեղամիջոցներ
- թթվի արտադրությունը պաշարող և կերակրափողը լավացնող դեղամիջոցներ։
Ավելի ծանր իրավիճակներում կամ եթե վերոնշյալ դեղամիջոցները բավարար արդյունք չեն ապահովում, ձեր բժիշկը կարող է նշանակել դեղատոմսով դուրս գրվող դեղեր, որոնց հիմնական խմբերն են՝
- ուժեղ ազդող պրոտոնային պոմպի արգելակիչներ (ինհիբիտորներ)
- ուժեղ ազդող H2 ընկալիչի պաշարիչներ (բլոկատորներ):
Եթե դուք մեկ առողջական խնդրի կապակցությամբ ստանում եք այլ խմբի դեղեր, խնդրեք ձեր բժշկին, որ նա համոզվի, որ դրանց մեջ չկան ձեր ռեֆլյուքսի հետ կապված գանգատները խորացնող կամ ռեֆլյուքսի բուժման դեղերի հետ փոխազդող ակտիվ նյութեր կամ բաղադրիչներ։
Վիրահատություն և այլ միջամտություններ
ԳԷՌՀ-ը սովորաբար կարելի է վերահսկել դեղորայքով: Բայց եթե դեղերը չեն օգնում կամ ցանկանում եք խուսափել դեղամիջոցների երկարատև օգտագործումից, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ որոշ վիրահատական միջամտություններ: Նման իրավիճակներում ձեր բժիշկը կարող է ձեզ առաջարկվել լապարոսկոպիկ վիրահատություններ, որոնց նպատակն է ստորին կերակրափողային սեղմանի գործունեության վերականգնումը և ստամոքս-կերակրափողային ռեֆլյուքսի կանխարգելումը։
Ավելի հաճախ կիրառվում են՝
- ֆունդոպլիկացիա՝ ստոծանու ճողվածքների ժամանակ
- LINX սարքի տեղադրում կերակրափողը ստամոքսին միանալու տեղում
- տրանսօրալ անկտրվածք ֆունդոպլիկացիա:
Զրուցեք այս տարբերակների վերաբերյալ ձեր բժշկի հետ:
Գիրությունը կարող է ռիսկի գործոն լինել ԳԷՌՀ-ի համար, ձեր բժիշկը կարող է առաջարկել քաշի կորստի վիրահատություն՝ որպես բուժման տարբերակ: Խոսեք ձեր բժիշկը հետ՝ պարզելու, թե արդյոք դուք այս տեսակի վիրահատության թեկնածու եք:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024