Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության (ԳԷՌՀ) ախտանիշները կապված են թթվից կերակրափողի լորձաթաղանթի բորբոքման հետ:
ԳԷՌՀ-ի ընդհանուր գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- ետկրծոսկրային կամ ստամոքսից դեպի վեր ձգվող այրոցի զգացողություն (արոցք), սովորաբար՝ ուտելուց հետո, որը կարող է ավելի վատանալ գիշերը կամ պառկած ժամանակ
- սննդի կամ թթու հեղուկի ստամոքսից ետ հոսք (ռեգուրգիտացիա), որն ուղեկցվում է բերանում տհաճ, թթու համի զգացողությամբ
- որովայնի վերին հատվածի կամ ետկրծոսկրային ցավ
- կուլ տալու դժվարացում (դիսֆագիա), հատկապես պինդ կերակրատեսակներ ուտելիս
- կոկորդում գոյացության զգացում։
Եթե ունեք գիշերային թթվային ռեֆլյուքս, կարող եք նաև ունենալ՝
- համառ հազ
- ձայնալարերի բորբոքում (լարինգիտ)
- նոր կամ վատթարացող ասթմա։
Որոշ մարդկանց մոտ նաև կարող են ի հայտ գալ կուլտ տալուց հետո կամ կերակրափողով տաք կամ սառը պինդ սննդի և հեղուկների անցմանն ուղեկցող ցավեր (օդինոֆագիա), որը կարող է վկայել կերակրափողի լորձաթաղանթի էրոզիաների առկայության մասին։
Ե՞րբ դիմել բժշկին
Անհապաղ դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ունեք ետկրծոսկրային ցավեր, հատկապես, երբ ունեք նաև շնչառության պակաս և հևոց, ստորին ծնոտի կամ ձեռքերի ցավեր: Սրանք կարող են լինել սրտամկանի ինֆարկտի գանգատներն ու ախտանիշները:
Պայմանավորվեք ձեր բժշկի հետ արտահերթ այց, եթե՝
- ունենում եք ԳԷՌՀ-ի սուր կամ հաճախակի կրկնվող ախտանիշներ
- շաբաթը երկու անգամից ավել օգտագործում եք այրոցքի դեմ դեղամիջոցներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024