Դուք կարող եք ձեռնարկել որոշ քայլեր, որոնք կարող են օգնել ձեր ցնցումների վերահսկմանը:
- Ճիշտ ընդունեք ձեզ նշանակած դեղորայքը. մի՛ փորձեք ինքնուրույն փոխել ձեր դեղաչափը, քանի դեռ այդ մասին չեք խոսել ձեր բժշկի հետ: Տեղեկացրեք նրան, եթե կարծում եք, որ ձեր դեղորայքը կամ դեղաչափը պետք է փոփոխվեն:
- Բավականաչափ քնեք. քնի պակասը կարող է առաջացնել ցնցումներ: Համոզվեք, որ գիշերները բավականաչափ հանգստանում եք:
- Կրեք բժշկական զգուշացման ապարանջան. սա կօգնի շտապ օգնության անձնակազմին իմանալ, թե ինչպես ճիշտ վարվել ձեզ հետ, եթե ունենաք մեկ այլ ցնցում:
Անհատական անվտանգություն
Ցնցումները սովորաբար լուրջ վնասվածքների չեն հանգեցնում: Այնուամենայնիվ, վնասվածքը հնարավոր է, եթե ունեք կրկնվող ցնցումներ: Հետևյալ խորհուրդները կարող են օգնել, որ խուսափեք ցնցումների ժամանակ պատահական վնասվածքներ ստանալուց:
- Զգույշ եղեք ջրի մոտ. մի՛ փորձեք լողալ միայնակ կամ մի՛ նստեք նավակ միայնակ, քանի դեռ մոտակայքում չկա ձեզ ճանաչող որևէ մեկը:
- Հագեք սաղավարտ՝ պաշտպանվելու այնպիսի գործողությունների ժամանակ, ինչպիսիք են հեծանիվ վարելը կամ որևէ մարզաձևին մասնակցելը:
- Լոգանքի փոխարեն ցնցուղ ընդունեք, եթե ձեր կողքին որևէ մեկը չկա:
- Հարմարեցրեք ձեր տան կահավորանքը. վերացրեք բոլոր սուր անկյունները կամ գնեք կահույք կլորացված եզրերով և ընտրեք աթոռներ, որոնք ունեն ամուր թևեր, որ չընկնեք աթոռից: Հատակի հաստ գորգը կարող է պաշտպանել ձեզ, եթե ցնցման ժամանակ ընկնեք:
Ցնցումների առաջին օգնությունը
Օգտակար է իմանալ, թե ինչ անել, եթե ձեր մոտակայքում ինչ-որ մեկը ցնցում ունի: Եթե ապագայում կարող եք ցնցումների ենթարկվել, այս տեղեկատվությունը փոխանցեք ձեր ընտանիքին, ընկերներին և գործընկերներին, որ նրանք իմանան, թե ինչ անել:
Ցնցման ժամանակ ինչ-որ մեկին օգնելու համար՝
- զգուշորեն պտտեք նրան մի կողմի վրա
- փափուկ բան դրեք գլխի տակ
- արձակեք կիպ հագուստը՝ ազատելով պարանոցը
- հանեք ակնոցները
- մի՛ փորձեք ձեր մատները կամ այլ առարկաներ դնել նրա բերանում
- մի՛ փորձեք զսպել կամ խոչընդոտել ցնցվող վերջույթների շարժումները
- հեռացրեք մոտակայքի վտանգավոր կամ սրածայր առարկաները
- մնացեք անձի հետ՝ մինչև բժշկական անձնակազմի ժամանումը
- ուշադիր հետևեք նրան, որ կարողանաք մանրամասներ հաղորդել տեղի ունեցածի մասին
- չափեք ցնցման տևողությունը
- ստուգեք բժշկական զգուշացման ապարանջանի կամ այլ նշանի առկայությունը
- ձեզ հանգիստ և սառը պահեք:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-08-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024