Գրադարան

Տոնիկ-կլոնիկ կամ մեծ ցնցում (grand mal)

Տոնիկ-կլոնիկ կամ մեծ ցնցում (grand mal)

Time Read 1 րոպե

Տոնիկ-կլոնիկ ցնցումը, որը նախկինում հայտնի էր որպես մեծ ցնցում (grand mal), առաջացնում է գիտակցության կորուստ և մկանային ուժեղ կծկանքներ:

Սա ցնցման այն տեսակն է, որի մասին մարդկանց մեծամասնությունը պատկերացնում է, երբ խոսք է գնում ցնցումների մասին:

Ցնցման ժամանակ գլխուղեղում առաջանում է էլեկտրական ակտիվության պոռթկում, որն առաջացնում է վարքագծային և շարժողական փոփոխություններ: Ցնցումները կարող են լինել օջախային (ֆոկալ, պարցիալ), որը նշանակում է, որ էլեկտրական ակտիվության պոռթկումը տեղի է ունենում գլխուղեղի միայն մեկ շրջանում: Կամ ցնցումները կարող են լինել ընդհանրացված (գեներալիզացված), երբ ոչ նորմալ էլեկտրական ակտիվությունն ընդգրկում է գլխուղեղի բոլոր շրջանները: Տոնիկ-կլոնիկ ցնցումները կարող են սկսվել գլխուղեղի փոքր տեղամասում՝ որպես ֆոկալ ցնցումներ, որից հետո տարածվել ամբողջ գլխուղեղով՝ վերածվելով գեներալիզացված ցնցումների:

Ֆոկալ և գեներալիզացված ցնցումները դրսևորվում են միմյանցից տարբերվող ախտանիշներով: Գեներալիզացված ցնցումներ ունեցող մարդիկ սովորաբար կորցնում են գիտակցությունը, սակայն այն մարդիկ, ովքեր ունեն ֆոկալ ցնցումներ, կարող են կորցնել կամ չկորցնել գիտակցությունը: Տոնիկ-կլոնիկ ցնցումների ժամանակ մկանները հանկարծակի պնդանում՝ «քարանում» են, որի հետևանքով մարդն ընկնում է: Այնուհետև մկանները հաջորդաբար կծկվում և թուլանում են:

Տոնիկ-կլոնիկ ցնցման պատճառը սովորաբար էպիլեպսիան է: Սակայն, երբեմն «մեծ» ցնցումներ նաև կարող են առաջանալ առողջական այլ խնդիրների պատճառով: Արյան շաքարի շատ ցածր մակարդակը (հիպոգլիկեմիա), բարձր ջերմությունը (հիպերթերմիա) կամ ինսուլտը նույնպես կարող են առաջացնել տոնիկ-կոնիկ ցնցում:

Հոդվածը տեղադրվել է՝ 11-08-2023 վերանայվել է՝ 11-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով