Տոնիկ-կլոնիկ կամ գեներալիզացված ցնցումներն ունեն երկու փուլ:
- Տոնիկ փուլ. առաջանում է գիտակցության կորուստ: Կմախքային մկանները հանկարծակի կծկվում և «քարանում» են, որի հետևանքով անձը վայր է ընկնում: Այս փուլը հակված է տևելու մոտ 10-20 վայրկյան:
- Կլոնիկ փուլ. մկանները սկսում են ռիթմիկ կծկվել: Դրանք հաջորդաբար կծկվում և թուլանում են: Մկանային ցնցումները (կոնվուլսիաներ) սովորաբար տևում են 1-2 րոպե կամ ավելի պակաս:
Հետևյալ ախտանիշները հանդիպում են տոնիկ-կլոնիկ ցնցումներով որոշ, բայց ոչ՝ բոլոր մարդկանց մոտ:
- Ճչոց. որոշ մարդիկ ցնցման սկզբում կարող են ճիչ արձակել:
- Աղիների և միզապարկի վերահսկողության կորուստ. ակամա կղարձակում կամ միզարձակում կարող է տեղի ունենալ ցնցման ժամանակ կամ դրանից հետո:
- Ցնցումից հետո արձագանքի բացակայություն. ցնցումների ավարտից հետո անձը կարող է մի քանի րոպե մնալ անգիտակից վիճակում:
- Շփոթվածություն. տոնիկ-կլոնիկ ցնցումից հետո անձը հաճախ ապակողմնորոշված է: Սա կոչվում է պոստիկտալ շփոթվածություն:
- Հոգնածություն. տոնիկ-կլոնիկ ցնցումներից հետո քնկոտությունը տարածված վիճակ է:
- Ուժեղ գլխացավ. տոնիկ-կլոնիկ ցնցումներից հետո կարող են առաջանալ գլխացավեր:
Ե՞րբ դիմել բժշկին
Զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն կամ դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե՝
- ցնցումը տևում է ավելի, քան հինգ րոպե
- ցնցումների դադարումից հետո շնչառությունը կամ գիտակցությունը չեն վերականգնվում
- անմիջապես հաջորդում է երկրորդ ցնցումը
- ունեք բարձր ջերմություն
- ենթարկվել եք ջերմահարության
- հղի եք
- ունեք շաքարային դիաբետ
- ցնցման ընթացքում կամ վայր ընկնելիս վնասվածք եք ստացել:
Խոսեք ձեր բժշկի հետ, եթե կյանքում առաջին անգամ ցնցում եք տարել:
Նաև հանդիպեք ձեր կամ ձեր երեխայի բժշկին, եթե՝
- առանց որևէ ակնհայտ պատճառի առկա ցնցումները հաճախացել են
- նկատել եք ցնցման նոր ախտանիշներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-08-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024