Չբուժելու դեպքում Հաշիմոտոյի հիվանդության պատճառով զարգացած թերակտիվ վահանաձև գեղձը (հիպոթիրեոզ) կարող է բերել մի շարք առողջական խնդիրների։
- Խպիպ. ավելի շատ հորմոն արտադրելու համար վահանաձև գեղձի մշտական խթանումը կարող է հանգեցնել գեղձի մեծացման, որը հայտնի է որպես խպիպ։ Վահանաձև գեղձի թերակտիվությունը (հիպոթիրեոզ) խպիպի ամենատարածված պատճառներից մեկն է։ Խպիպը սովորաբար անհարմարավետություն չի առաջացնում, քանի դեռ շատ չի մեծացել և չի ազդել արտաքին տեսքի, կլման ակտի կամ շնչառության վրա։
- Սրտային խնդիրներ. Հաշիմոտոյի հիվանդությունը նաև կարող է կապված լինել սրտային հիվանդության բարձրացած ռիսկի հետ, որը բացատրվում է թերակտիվ վահանաձև գեղձով (հիպոթիրեոզ) մարդկանց շրջանում ցածր խտության լիպոպրոտեինի (ՑԽԼ) խոլեստերինի կամ այսպես կոչված վատ խոլեստերինի բարձր մակարդակներով։ Չբուժելու դեպքում հիպոթիրեոզը նաև կարող է առաջացնել սրտի մեծացում (հիպերտրոֆիա) և, հավանաբար, սրտային անբավարարություն։
- Հոգեկան առողջության խնդիրներ. Հաշիմոտոյի հիվանդության վաղ փուլերում կարող է ի հայտ գալ դեպրեսիա, որը ժամանակի ընթացքում ավելի խորանա։ Հաշիմոտոյի հիվանդությունը նաև կարող է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ նվազեցնել սեռական ցանկությունը (լիբիդոյի), ինչպես նաև դանդաղեցնել հոգեկան գործունեությունը։
- Միքսեդեմա. այս խիստ հազվադեպ հանդիպող, սակայն կյանքին սպառնացող բարդությունը կարող է զարգանալ չբուժված Հաշիմոտոյի հիվանդության պայմաններում խորացող և ծայրահեղ բնույթ ստացող հիպոթիրեոզի պատճառով։ Միքսեդեման սկսվում է քնկոտությամբ, որին հետևում է խոր լեթարգիան և գիտակցության բացակայությունը (կոմա)։ Միքսեդեմային կոմայի զարգացումը կարող է խթանվել ցրտի ազդեցությամբ, քնաբերների օգտագործմամբ, վարակով և այլ սթրեսային գործոններով։ Միքսեդեման պահանջում է անհետաձգելի բուժօգնություն։
- Բնածին արատներ. Հաշիմոտոյի հիվանդության պատճառով զարգացած և չբուժված հիպոթիրեոզով կանանցից ծնված նորածիններ ունեն բնածին արատների բարձրացած ռիսկ։ Մասնավորապես, նման երեխաներն ավելի հակված են ծնվելու մտավոր և զարգացման խնդիրներով, ինչպիսիք են՝ գայլի երախ, սրտի, գլխուղեղի և երիկամների տարբեր խնդիրներ։ Ուստի, եթե նախատեսում եք հղիանալ կամ հղիության վաղ փուլում եք, զրուցեք բժշկի հետ վահանաձև գեղձի հորմոնի մակարդակի ստուգման նպատակահարմարության մասին։
Հոդվածը հրապարակվել է՝ 26-06-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024