Հաշիմոտոյի հիվանդություն
Հաշիմոտոյի հիվանդությունն աուտոիմուն խանգարում է, որբ իմունային համակարգը սկսում է «գրոհել» ու ախտահարել սեփական վահանաձև գեղձը:
Հիվանդության մյուս անվանումներն են՝ «Հաշիմոտոյի թիրեոիդիտ» կամ «քրոնիկ լիմֆոցիտային թիրեոիդիտ», որոնք «հուշում» են այն մասին, որ այն ընթանում է վահանաձև գեղձի քրոնիկ բորբոքմամբ:
Ի՞նչ է Հաշիմոտոյի հիվանդությունը
Վահանաձև գեղձն աղեղաձև ներզատական (էնդոկրին) գեղձ է, որը գրկում է ձեր կոկորդի հիմքը և արտադրում թիրեոիդ հորմոններ: Այս հորմոններն ազդում են ձեր օրգանիզմի կարևոր գործունեությունների վրա, ինչպիսիք են՝ մարմնի ջերմաստիճանի, էներգիայի և աճի կարգավորումներ և այլն:
Վահանաձև գեղձի հորմոնները (բժիշկները կարող են անվանել նաև «թիրեոիդ հորմոններ») անփոխարինելի են ձեր նյութափոխանակության համար: Դրանց ցածր մակարդակն առաջացնում է մի խումբ ախտանիշներ, օրինակ՝ ընդհանուր հոգնածություն, կշռի ավելացում և արտաքին միջավայրի ցածր ջերմաստիճանի նկատմամբ անտանելիություն:
Ախտահարված վահանաձև գեղձը կարող է զգալիորեն մեծանալ. սա կոչվում է խպիպ (զոբ): Կամ, հակառակը, գեղձը կարող է կրճատվել ու փոքրանալ: Ոչ հազվադեպ, վահանաձև գեղձի մեջ կարող են առաջանալ հանգույցներ կամ պնդացած շրջաններ:
Հաշիմոտոյի հիվանդությունը համարվում է վահանաձև գեղձի թերակտիվության (հորմոնային անբավարարության)՝ հիպոթիրեոզի բերող ամենահաճախ հանդիպող պատճառը: Այն սովորաբար զարգանում է միջին տարիքի կանանց շրջանում, սակայն կարող է նաև ախտորոշվել տղամարդկանց, այլ տարիքի կանանց և երեխաների մոտ:
Հաշիմոտոյի հիվանդության պատճառները
Հաշիմոտոյի հիվանդության պատճառն անհայտ է: Այն համարվում է աուտոիմուն խանգարում, երբ իմունային համակարգը սկսում է արտադրել սեփական վահանաձև գեղձը վնասող հակամարմիններ: Որոշ գիտնականներ կարծում են, որ իմունային նման ախտահարման հիմքում կարող են ընկած լինել վիրուսային կամ բակտերիալ վարակները, մյուսները պնդում են, որ բուն պատճառը «թաքնված է» մարդու գեներում:
Հիվանդությունը կարող է ընթանալ որոշ ընտանիքներում:
Ռիսկի գործոններ
Հաշիմոտոյի հիվանդության զարգացման հավանականությունը կարող են բարձրացնել հետևյալ գործոնները՝
- սեռ. կանայք Հաշիմոտոյի հիվանդությամբ ավելի հաճախ են հիվանդանում
- տարիք. հիվանդությունն ավելի հաճախ հայտնաբերվում է միջին չափահաս տարիքում
- ժառանգականություն. հիվանդության ռիսկը բարձրանում է, եթե ձեր ընտանիքի անդամների մոտ կան վահանաձև գեղձի կամ այլ աուտոիմուն հիվանդություններ
- այլ աուտոիմուն հիվանդություններ. օրինակ՝ ռևմատոիդ արթրիտը, 1-ին տիպի շաքարային դիաբետը կամ համակարգային կարմիր գայլախտը բարձրացնում են Հաշիմոտոյի հիվանդության զարգացման հավանականությունը
- ռադիոակտիվ ճառագայթում. արտաքին միջավայրի ճառագայթման ավելցուկային ազդեցությունը բարձրանում է հիվանդության ռիսկը:
Հաշիմոտոյի հիվանդության ախտանիշները
Հաշիմոտոյի հիվանդությունը կարող է աստիճանաբար առաջացնել վահանաձև գեղձի քրոնիկ բորբոքում (քրոնիկ լիմֆոցիտային թիրեոիդիտ) և բերել հորմոնների պակասի (դեֆիցիտ), որը հայտնի է որպես «հիպոթիրեոզ» (հիպոթիրոիդիզմ): Ախտանիշները կարող են լինել թույլ կամ ծանր և զարգանալ տարիների ընթացքում: Դրանցից են՝
- ընդհանուր թուլություն և սովորականից ավելի շատ քնելու կարիք
- ցրտի և սառը ջերմաստիճանի նկատմամբ անտանելիություն
- դեպրեսիա կամ տրամադրության անկում
- ուշադրությունը կենտրոնացնելու հետ կապված դժվարություններ
- մարմնի քաշի ավելացում, դեմքի այտուցվածություն, լեզվի մեծացում
- փորկապություն
- մկանացավեր
- մաշկի գունատություն և չորություն
- մազերի բարակում
- եղուգների փխրունացում
- մկանային թուլություն
- հիշողության վատացում
- վահանաձև գեղձի մեծացում (խպիպ կամ զոբ)
- լիբիդոյի թուլացում (տղամարդկանց և կանանց մոտ):
Ե՞րբ այցելել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե ձեզ մոտ առաջացել է՝
- առանց որևէ պատճառի թուլություն կամ հոգնածություն
- մաշկի չորություն
- դեմքի գունատություն կամ այտուցվածություն
- փորկապություն:
Հանդիպեք ձեր բժշկին և պարբերաբար հետազոտեք ձեր վահանաձև գեղձի գործունեությունը նաև այն դեպքերում, երբ՝
- ենթարկվել եք վահանաձև գեղձի որևէ վիրահատության
- անցել եք ռադիոակտիվ յոդով կամ հակաթիրեոիդային դեղերով բուժում
- անցել եք գլուխը, պարանոցը կամ կրծքավանդակի վերին շրջաններն ընդգրկող ճառագայթային բուժում:
Եթե արյան հետազոտությամբ պարզվել է, որ ձեր արյան խոլեսթերինի մակարդակը բարձր է, ապա զրուցեք ձեր բժշկի հետ հիպոթիրեոիզ հնարավոր առկայության մասին:
Հաշիմոտոյի հիվանդության բարդությունները
Չբուժված Հաշիմոտոյի հիվանդությունը կարող է բերել որոշ խնդիրների, այդ թվում՝
- խպիպ (վահանձև գեղձի արտաքինից տեսանելի մեծացում)
- սրտային խնդիրներ՝ գլխավորապես կապված ցածր խտության լիպոպրոտեիդների («վատ խոլեսթերին») բարձր մակարդակի հետ, ինչպես նաև սրտի մեծացում և սրտային անբավարարություն
- միքսեդեմա՝ հազվադեպ հանդիպող և կյանքին սպառնացող վիճակ, որն առաջանում է չբուժված Հաշիմոտոյի հիվանդության պայմաններում զարգացած երկարատև ու ծանր հիպոթիրեոզի արդյունքում և ընթանում քնկոտությանը հաջորդող ծանր լեթարգիայով և գիտակցության խանգարմամբ (միքսեդեմային կոմա` զարգացած ցրտից, վարակներից, սթրեսից կամ քնաբերներից)
- հոգեկան առողջության խնդիրներ, այդ թվում՝ դեպրեսիա, սեռական հակման նվազում, հոգեկան գործունեության թուլացում
- բնածին արատներ:
Հաշիմոտոյի հիվանդության ախտորոշումը
Եթե կարծում եք, որ ձեզ մոտ առկա են հիպոթիրեոզի ախտանիշներ, այցելեք ձեր բժշկին: Բժիշկը կզննի ձեզ և հավանաբար կնշանակի վահանաձև գեղձի հորմոնների մակարդակները ստուգող հետազոտություններ: Հաշիմոտոյի հիվանդության առկայության մասին են վկայում հետևյալ շեղումները՝
- թիրեոտրոպ հորմոնի (TSH) մակարդակի բարձրացում
- թիրեոիդ հորմոնների (T3 և T4) մակարդակների նվազեցում
- հակա-ԹՊՕ (anto-TPO) հարամարմինների մակարդակի բարձրացում:
Հաշիմոտոյի հիվանդության բուժումը
Հաշիմոտոյի հիվանդության բուժման որևէ առանձին մեթոդ գոյություն չունի, սակայն հիպոթիրեոզն ինքնին կարող է բուժվել:
Բժիշկը հավանաբար ձեզ կնշանակի վահանաձև գեղձի հորմոնների փոխարինող բուժում, որը պետք է ստանաք ձեր ողջ կյանքի ընթացքում: Սովորաբար նշանակվում է «Լևոթիրոքսին» անվանումով սինթետիկ հորմոն (Լևոքիլ, Սինթրոիդ և այլն):
Նման բուժումը պահանջում է թիրեոիդ հորմոնների պարբերաբար ստուգում, որպեսզի ըստ անհրաժեշտության բուժման մեջ կատարվեն համապատասխան փոփոխություններ:
Հիշեք նաև, որ որոշ այլ դեղեր, հավելումներ և սննդամթերքներ կարող են ազդել Լևոթիորքսինի ներծծման արագության վրա, օրինակ՝
- Երկաթի հավելումներ, այդ թվում՝ երկաթ պարունակող մուլտիվիտամիններ
- Խոլեսթիրամին
- Ալյումինի հիդրօքսիդ
- Սուկրալֆատ
- Կալցիումի հավելումներ
- մեծ քանակով բջջանք կամ սոյա պարունակող մթերքներ:
Հոդվածը վերանայվել է՝ 07-02-2021