Ալերգիկ ռինիտ. կանխարգելում
12-04-2018
2 րոպե

Ալերգիկ ռինիտի կանխարգելումը հիմնված է ձեր հիվանդությունը պատճառող կամ սրացնող ալերգենի հետ շփումը բացառելու վրա:
Մինչ այդ, բնականաբար, պետք է հայտնաբերել, թե կոնկրետ որ ալերգենը կամ դրանց խումբն է հանդիսանում ձեր ալերգիկ ռինիտի պատճառը:
Եթե ձեր ալերգենը ծաղկափոշին է
- Փորձե՛ք հետաձգել բնության գիրկ գնալը (հատկապես շոգ կամ քամոտ օրերին, ծառերի ծաղկման շրջանում), ծայրահեղ դեպքում կրեք դիմակ:
- Խուսափե՛ք խոտածածկ տարածքներում քայլելուց կամ խաղալուց, խոտերին ձեռք տալուց, կտրտելուց կամ խոտերի վրա պառկելուց:
- Եթե պետք է դրսում ժամանակ անցկացնեք (այգի և այլն), կրե՛ք աչքերը լավ ծածկող պաշտպանական ակնոցներ:
- Դրսից տուն վերադառնալուց հետո փոխե՛ք ձեր շորերը, ընդունե՛ք ցնցուղ և փոխե՛ք ձեր ներքնազգեստը:
- Տան և ավտոմեքենայի պատուհանները փակ պահե՛ք: Ավտոմեքենայում կարող եք միացնել օդորակիչ՝ ռեցիրկուլատոր ռեժիմով:
- Քամոտ և փոշոտ օրերին աշխատեք տանը մնալ:
- Հնարավորության դեպքում խուսափե՛ք լվացած շորերը դրսում չորացնելուց:
Ալերգենների կանխարգելման այլ քայլեր
- Մաքուր պահե՛ք ձեր տունը՝ հատակ, կահույք և գույք: Տան մաքրության մեջ օգտագործե՛ք միայն խոնավ շորեր և խոզանակներ: Նույնը վերաբերվում է ձեր ավտոմեքենային:
- Աշխատեք տանը չունենա՛լ կամ չպահե՛լ փոշի կլանող գույք և պարագաներ (օրինակ՝ գորգ, վարագույր և այլն):
- Եթե տնային կենդանի եք պահում, հանձնե՛ք այն մեկ այլ մարդու:
- Մի՛ ծխեք և խուսափե՛ք այլ մարդկանց ծխախոտի ծուխը շնչելուց. ծխախոտի ծուխը կարող է հանդիսանալ ալերգեն, միևնույն ժամանակ՝ գրգռել ձեր աչքերը, վերին շնուղիները և սրացնել ռինիտի նշանները:
- Եթե ձեր ռինիտի պատճառը աշխատավայրում առկա ալերգեններն են, ձեր պայմանների հնարավոր փոփոխման հարցերով զրուցե՛ք ձեր ղեկավարի հետ:
Հոդվածը վերանայվել է՝ 05-04-2021