Երբ իմանաք, թե ինչից է ձեր ալերգիան, դուք և ձեր բժիշկը կարող եք մշակել բուժման ծրագիր՝ ձեր ալերգիկ ռինիտի ախտանիշները նվազեցնելու կամ դրանցից ազատվելու համար:
Ցանկալի է սահմանափակել ձեր շփումն այնպիսի նյութերի հետ, որոնք առաջացնում են ձեր ալերգիկ ռինիտը: Եթե ձեր գանգատներն արտահայտված չեն, առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցները կարող են բավարար լինել դրանք թեթևացնելու համար: Ավելի ծանր ախտանիշների դեպքում բժիշկը կարող է նշանակել դեղատոմս պահանջող դեղամիջոցներ:
Բազմաթիվ մարդիկ լավագույն արդյունքներ նշում են ալերգիայի մի քանի դեղամիջոցների զուգակցումից: Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի փորձել մի քանի տարբեր դեղամիջոց՝ մինչև գտնեք, թե որն է ձեզ համար առավել արդյունավետը:
Եթե ձեր երեխայի մոտ կա ալերգիկ ռինիտ, զրուցեք նրա բժշկի հետ բուժման մասին: Ոչ բոլոր դեղամիջոցներն են թույլատրվում երեխաների օգտագործման համար: Ուշադիր կարդացեք դեղատուփում առկա պիտակները:
Ալերգիկ ռինիտի դեղամիջոցներ
Քթային (նազալ) կորտիկոստերոիդներ
Քթային ցողացիրները (սփրեյ) օգնում են ալերգիկ ռինիտով պատճառված քթի փակվածության, քորի և քթահոսության (հարբուխի) կանխարգելմանը և բուժմանը: Շատերի համար դրանք ալերգիկ ռինիտի բուժման ամենաարդյունավետ դեղամիջոցներն են, և հաճախ՝ առաջին հերթին առաջարկվող դեղերի տեսակները:
- Դեղատոմս չպահանջող քթային սփրեյներից են՝ Ֆլուտիկազոն (Ֆլունազ), Բուեզոնիդ (Ռինոկորգ Ալերգիա), Տրիամցինոլոն (Նազակորտ Ալերգիա 24 ժամ) և Մոմետազոն (Նազոնեքս 24HR Ալերգիա):
- Դեղատոմս պահանջող և երկու ազդող նյութ՝ հակահիստամինային և ստերոիդ պարունակող քթային սփրեյներից են՝ Ազելաստին և Ֆլուտիկազոն (Դիմիստա) և Մոմետազոն և Օլոպատադին (Ռինալտրիս):
Քթային կորտիկոստերոիդները մարդկանց մեծ մասի համար համարվում են անվտանգ և երկարատև բուժման միջոցներ: Կողմնակի ազդեցություններից են տհաճ հոտի կամ համի զգացողությունը և քթի լորձաթաղանթի գրգռումը: Քթային սփրեյներից առաջացող ստերոիդների կողմնակի ազդեցությունները հազադեպ են:
Հակահիստամինային դեղամիջոցներ
Հակահիստամին դեղամիջոցները ազդում են՝ պաշարելով ալերգիկ ռեակցիայի ժամանակ ձեր իմունային համակարգի կողմից արյան հուն արձակվող և ախտանիշներ առաջացնող քիմիական նյութի՝ հիստամինի ազդեցությունները: Հակահիստամինները կարող են օգնել քթում քորի, փռշտոցի և քթահոսության (հարբուխի) դեպքում, բայց ավելի քիչ ազդեցություն ունեն քթի փակվածության վրա: Այս պատրաստուկները սովորաբար տրվում են հաբերի տեսքով (բերանով): Այնուամենայնիվ, կան նաև հակահիստամինային քթային սփրեյներ, որոնք կարող են թեթևացնել քթային ախտանիշները: Հակահիստամինային աչքի կաթիլները կարող են օգնել աչքերի քորի ու գրգռվածության մեղմացմանը:
- Դեղատոմս չպահանջող բերանային (օրալ) հակահիստամինայիններից են՝ Լորատադին (Կլարիտին, Ալավերտ), Ցետիրիզին (Զինտրեկ Ալերգիա) և Ֆեքսոֆենադին (Ալեգրա Ալերգիա):
- Դեղատոմս չպահանջող աչքի կաթիլներից են՝ Օլոպատադին (Պատադեյ) և Կետոտիֆենի ֆումարատ (Ալավեյ, Զադիտոր)։
- Դեղատոմս չպահանջող քթային սփրեյներից է՝ Ազելաստին (Աստեպրո Ալերգիա):
- Դեղատոմս պահանջող քթային սփրեյներից է՝ Օլոպատադին (Պատանազ):
Հակահիստամինայինների տարածված կողմնակի ազդեցություններից են բերանի, քթի և աչքերի չորությունը: Բերանային (օրալ) որոշ հակահիստամինայիններ կարող են առաջացնել քնկոտություն: Բերանային հակահիստամինայինների այլ կողմնակի ազդեցություններից են անհանգստությունը, գլխացավերը, ախորժակի փոփոխությունները, քնելու դժվարությունը և արյան ճնշման ու միզելու հետ կապված խնդիրները: Զրուցեք ձեր բժշկի հետ նախքան որևէ հակահիստամինային դեղամիջոց ընդունելը, հատկապես, եթե հղի կամ կերակրող մայր եք, ունեք գլաուկոմա կամ մեծացած շագանակագեղձ (ադենոմա):
Դոկոնգեստանտներ
Դեկոնգեստանտները նվազեցնում են քթի փակվածությունը և լորձաթաղանթի այտուցով պայմանավարված քթային անցուղիներում ճնշման զգացողությունը: Դրանք չեն մեղմացնում ալերգիկ ռինիտի մյուս ախտանիշները, ուստի երբեմն զուգակցվում են այլ դեղամիջոցների, օրինակ՝ հակահիստամինայինների հետ:
Դեկոնգեստանտներն առկա են որպես հեղուկներ, հաբեր և քթային սփրեյներ: Դրանք կարող են վաճառվել առանց դեղատոմսի կամ դեղատոմսով:
- Բերանային (օրալ) դեկոնգեստանտներից է՝ Պսևդոէֆեդրին (Սուդաֆեդ)։
- Քթային դեկոնգեստանտային սփրեյներից են՝ Ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ (Նեո–Սինեֆրին) և Օքսիմետազոլին (Աֆրին)։
Օրալ դեկոնգեստանտները կարող են առաջացնել բազմաթիվ կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝ բարձրացած արյան ճնշում, անքնություն, դյուրագրգռություն և գլխացավ: Դրանք կարող են առաջացնել միզարձակության խնդիրներ, եթե ունեք մեծացած շագանակագեղձ (ադենոմա): Զրուցեք ձեր բժշկի հետ նախքան դեկոնգեստանտներ ընդունելը, եթե ունեք բարձր արյան ճնշում (հիպերտենզիա), սրտային հիվանդություն կամ եթե հղի եք:
Մի՛ օգտագործեք դեկոնգեստանտային քթային սփրեյներ ավելի քան 2-3 օր շարունակ, քանի որ երկարատև օգտագործման դեպքում դրանք կարող են վատթարացնել ախտանիշները (կողոպտման այտուց):
Կրոմոլին
Կրոմոլինի նատրիումական աղը կարող է օգնել ալերգիկ ռինիտի ախտանիշների թեթևացմանը հիստամինի ազատումը կանխարգելելու միջոցով: Այս դեղամիջոցն առավել արդյունավետ է, եթե սկսում եք այն օգտագործել նախքան ձեր ախտանիշների զարգացումը: Կրոմոլինը հասանելի է որպես դեղատոմս չպահանջող քթային սփրեյ, որը պետք է օգտագործվի օրական մի քանի անգամ: Այն նաև մատչելի է աչթի կաթիլների ձևով: Կրոմոլինը չի դրսևորում լուրջ կողմնակի ազդեցություններ:
Լեյկոտրիենային ձևափոխիչ (մոդիֆիկատոր)
Մոնտելուկաստը (Սինգուլյար) դեղատոմսով դուրս գրվող հաբ է, որը պաշարում է լեյկոտրիենների ազդեցությունը: Լեյկոտրիեններն իմունային համակարգի քիմիական նյութեր են, որոնք առաջացնում են ալերգիայի ախտանիշներ, ինչպիսիք են քթի լորձաթաղանթի գրգռումը և մեծ քանակությամբ լորձի արտադրությունը: Այն առանձնակի արդյունավետ է ալերգիայով պայմանավորված ասթմայի բուժման համար: Այս դեղամիջոցը հաճախ նշանակվում է, երբ թեթև ասթմայով մարդիկ չեն կարողանում տանել քթային սփրեյները:
Մոնտելուկաստը կարող է առաջացնել գլխացավեր: Հազվադեպ, այն կապված է հոգեբանական ռեակցիաների հետ, ինչպիսիք են անքնությունը, անհանգստությունը, դեպրեսիան և ինքնասպանության (սուիցիդային) մտքերը: Դիմեք ձեր բժշկին, եթե ձեզ մոտ ի հայտ է եկել որևէ անսովոր հոգեբանական ռեակցիա:
Քթային Իպրատրոպիում
Որպես դեղատոմս պահանջող քթային սփրեյ, Իպրատրոպիումն օգնում է ծանր քթահոսության (հարբուխի) թեթևացմանը քթային գեղձերի կողմից լորձի արտադրությունն արգելակելու միջոցով: Այն արդյունավետ չէ քթի փակվածության, քորի կամ փռշտոցի բուժման համար:
Մեղմ կողմնակի ազդեցությունները ներառում են քթի չորությունը, քթային արյունահոսությունները, աչքերի չորությունը և գրգռումը, ինչպես նաև կոկորդացավը: Հազվադեպ, այս դեղամիջոցը կարող է զարգացնել ավելի ծանր կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են մշուշոտ տեսողությունը, գլխապտույտը և միզելու դժվարությունը: Իպրատրոպիում խորհուրդ չի տրվում, եթե ունեք գլաուկոմա կամ մեծացած շագանակագեղձ (ադենոմա):
Բերանային (օրալ) կորտիկոստերոիդներ
Կորտիկոստերոիդային հաբերը, օրինակ՝ Պրեդնիզոնը երբեմն օգտագործվում է ծանր ալերգիայի ախտանիշները թեթևացնելու համար: Կորտիկոստերոիդների երկարատև օգտագործումը կարող է առաջացնել լուրջ կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝ կատարակտ, օստեոպորոզ և մկանային թուլություն, ուստի դրանք նշանակվում են միայն կարճաժամկետ ընդունման համար:
Այնուամենայնիվ, այս միջոցները միայն մեղմացնում են հիվանդության նշանները, և բժիշկը կարող է նշանակել այլ միջոցներ` ուղղված օրգանիզմի իմունային համակարգի գերզգայուն վիճակի մեղմացմանը (ալերգիկ-սպեցիֆիկ իմունային բուժում կամ «դեսենսիբիլիզացիա»): Նման բուժման համար բժիշկը նաև կարող է դիմել կլինիկական իմունաբանի օգնությանը։
Ալերգիկ ռինիտի իմունոթերապիա
Ալերգիայի դեմ ներարկումներ
Ալերգիայի դեմ ներարկումները, որոնք նաև կոչվում են իմունոթերապիա կամ ապազգայունացնող (դեզենսիտիզացիոն) բուժում, կարող են փոխել ալերգենների նկատմամբ ձեր իմունային համակարգի արձագանքը: Եթե դեղամիջոցները չեն վերացնում ձեր ալերգիկ ռինիտի ախտանիշները կամ պատճառում են չափազանց շատ կողմնակի ազդեցություններ, բժիշկը կարող է խորհուրդ տալ այս բուժումը: 3-ից 5 տարվա ընթացքում դուք կստանաք քիչ քանակով ալերգեններ պարունակող լուծույթների կանոնավոր ներարկումներ: Իմունոթերապիայի նպատակն է ձեր օրգանիզմն ընտելացնել այն ալերգեններին, որոնք առաջացնում են ձեր ախտանիշները և նվազեցնել ձեր դեղորայքի կարիքը:
Իմունոթերապիան կարող է արդյունավետ լինել հատկապես այն դեպքերում, երբ ալերգիկ եք կենդանիների թեփի, փոշու տիզերի կամ ծառերի, խոտի կամ մոլախոտերի կողմից առաջացած ծաղկափոշու նկատմամբ: Երեխաների մոտ իմունոթերապիան կարող է օգնել ասթմայի կանխարգելմանը:
Ենթալեզվային (սուբլինգվալ) ալերգիայի հաբեր
Ներարկումներ ստանալու փոխարեն դուք կարող եք ընդունել քիչ քանակությամբ ալերգեն պարունակող հաբ, որը լուծվում է ձեր բերանում: Հաբերը սովորաբար ընդունում են ամեն օր։ Այս ենթալեզվային հաբերները չեն օգնում բոլոր ալերգենների դեպքում, սակայն կարող են օգտակար լինել խոտի և ամբրոզիայի ծաղկափոշու և փոշու տզերի դեպքում:
Քթի խոռոչի աղային լուծույթներ
Աղային քթային սփրեյներ
Աղային լուծույթների սփրեյները կարող են խոնավացնել քթի չոր հատվածները և նոսրացնել քթի լորձը: Դուք դեղատոմսի կարիք չունեք և կարող եք դրանք օգտագործել այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է:
Քթային ոռոգում (իռիգացիա)
Քթային անցուղիները աղային լուծույթով ողողելը (քթային ոռոգում) քթի փակվածությունը վերացնելու արագ և արդյունավետ միջոց է: Ոռոգումը ձեր քթից դուրս է հանում լորձն ու ալերգենները: Որպես ոռոգող հեղուկ օգտագործվում է ջրային լուծույթ, որը պարունակում է փոքր քանակությամբ աղ (նատրիում) և այլ բաղադրիչներ:
Այս լուծույթները կարելի է ձեռք բերել պատրաստի կամ ջրի մեջ ավելացնելու հավաքածուների տեսքով: Կարող եք նաև օգտագործել տնային պայմաններում պատրաստված լուծույթ: Ձեր դեղատանը փնտրեք քթի խոռոչը ողողելու համար նախատեսված փոքրիկ տարա և կաթոցիկ: Զրուցեք այս մասին ձեր բժշկի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-04-2018
Վերջին վերանայում՝ 04-04-2024