Գրադարան

Ալերգիկ ռինիտ. ինքնօգնություն

Ալերգիկ ռինիտ. ինքնօգնություն

Time Read 2 րոպե

Իրականում հնարավոր չէ ամբողջությամբ խուսափել ալերգեններից, բայց դուք կարող եք նվազեցնել ձեր ախտանիշները՝ սահմանափակելով ձեր նկատմամբ այս նյութերի ​ազդեցությունը:

Եթե գիտեք, թե ինչից եք ալերգիկ, կարող եք խուսափել ձեր հրահրող գործոններից: Դիտարկենք այս խորհուրդներից մի քանիսը:

Ծաղկափոշի և բորբոսասնկերի սպորներ

Ծաղկափոշին և բորբոսասնկերի սպորները փոշու մանր մասնիկներ են, որոնք բույսերն օգտագործում են փոշոտման ժամանակ: Դրանք լողում են քամու մեջ և կարող են մտնել ձեր քիթն ու աչքերը:

  • Փակեք դռներն ու պատուհանները ծաղկափոշու սեզոնի ժամանակ:
  • Լվացքը դրսում մի՛ կախեք. ծաղկափոշին կարող է կպչել սավաններին և սրբիչներին:
  • Օգտագործեք օդորակիչ (կոնդիցիոներ) ձեր տանը և մեքենայում:
  • Օգտագործեք ալերգենների զտիչ (ֆիլտր) ձեր տան օդափոխության համակարգում և պարբերաբար փոխեք այն:
  • Խուսափեք բացօթյա զբոսանքից վաղ առավոտյան, երբ ծաղկափոշու քանակը ամենաբարձրն է, ինչպես նաև ծաղկափոշու բարձր քանակի օրերին:
  • Չոր, քամոտ օրերին մնացեք տանը:
  • Օգտագործեք չորացուցիչ ներսի տարածքների խոնավությունը նվազեցնելու համար :
  • Օգտագործեք բարձարդյունավետ օդային զտիչ (HEPA) ձեր ննջասենյակում և այլ սենյակներում, որտեղ շատ ժամանակ եք անցկացնում:
  • Խուսափեք սիզամարգը հնձելուց կամ տերևները փոցխելուց:
  • Կրեք փոշու դիմակ, եթե զբաղված եք տան կամ այգու մաքրության գործերով:
  • Դրսում կրեք պաշտպանիչ կամ արևային ակնոց, որ սահմանափակեք ծաղկափոշու ներթափանցումը ձեր աչքեր:

Փոշու տիզեր

Փոշու տիզերը մանր միջատների նմանվող վնասատուներ են, որոնք տարածված են փոշու մեջ: Դրանք ապրում են անկողնային պարագաներում, գորգերում, կահույքի պաստառներում և փափուկ խաղալիքներում։ Փոշու տիզերը սիրում են տաք և խոնավ տարածքներ:

  • Օգտագործեք հակաալերգիկ ծածկոցներ ներքնակների և բարձերի վրա:
  • Լվացեք սավանները, վերմակները և փափուկ խաղալիքներն առնվազն շաբաթը մեկ անգամ՝ առնվազն 54° C տաք ջրով:
  • Ներսի տարածքների խոնավությունը նվազեցնելու համար օգտագործեք չորացուցիչ կամ օդորակիչ:
  • Ամեն շաբաթ փոշեծծեք գորգերն այնպիսի փոշեկուլով, որն ունի փոքր մասնիկների կամ HEPA ֆիլտր:
  • Եթե շատ զգայուն եք փոշու տիզերի նկատմամբ, մտածեք գորգերը հեռացնելու մասին, հատկապես այն վայրերից, որտեղ դուք քնում եք:
  • Օգտագործեք խոնավ շվաբր և փոշու շոր, որ խուսափեք փոշին օդ բարձրացնելուց:

Ուտիճներ (տառականներ)

Ուտիճները թողնում են մանրագույն արտաթորանքներ, որոնք կարող են հայտնվել օդում: Ազատվելով միջատներից՝ խուսափում են դրանց արտաթորանքների մասնիկներից։

  • Փակեք բոլոր ճաքերն ու ճեղքերը, որտեղ կարող են մտնել ուտիճները:
  • Ամրացրեք (հերմետիկացրեք) և վերանորոգեք հոսացող ծորակները և խողովակները:
  • Ամեն օր լվացեք սպասքը և դատարկեք կենցաղային աղբը:
  • Մաքրեք սննդի փշրանքները սեղաններից և հատակից:
  • Պահպանեք սնունդը, ներառյալ տնային կենդանիների սնունդը փակ ամաններում:
  • Մտածեք վնասատուների մասնագիտական ոչնչացման մասին:

Տնային կենդանիների թեփ

Կենդանիների թեփը մաշկի մանր մասնիկներ են, որոնք թափվում են կատուների, շների և մորթի կամ փետուրն ունեցող այլ կենդանիների կողմից: Տնային կենդանիների մեզը և թուքը նույնպես կարող են պարունակել ալերգեններ:

  • Հնարավորության դեպքում տնային կենդանիներին պահեք ձեր տնից դուրս:
  • Հնարավորության դեպքում շներին լողացրեք շաբաթը երկու անգամ: Կատուներին լողացնալու օգուտը ապացուցված չէ:
  • Կենդանիներին հեռու պահեք ձեր ննջասենյակից և կահույքից:
  • Հաճախակի փոշեծծեք գորգերն այնպիսի փոշեկուլով, որն ունի փոքր մասնիկների կամ HEPA ֆիլտր:
  • Լվացեք ձեռքերը տնային կամ ընտանի կենդանուն շոյելուց հետո։
  • Լվացեք հագուստը տնային կամ ընտանի կենդանու հետ շփվելուց հետո:
  • Խնդրեք ալերգիա չունեցող անձին, որ հոգ տանի տնային կենդանիների տարածքների խնամքի և մաքրման մասին:
  • Եթե շատ զգայուն եք կենդանիների թեփի նկատմամբ, մտածեք գորգերի հեռացման մասին, հատկապես այն վայրերից, որտեղ դուք քնում եք:
  • Օգտագործեք խոնավ շվաբր և փոշու կտոր, որ խուսափեք տնային կենդանիների թեփն օդ բարձրացնելուց:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 12-04-2018 վերանայվել է՝ 02-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով