Գրադարան
Ալերգիկ ռինիտ. ախտանիշներ

2 րոպե
Ալերգիկ ռինիտի ախտանիշները կարող են տարբերվել ինչպես տարբեր մարդկանց մոտ, այնպես էլ նույն մարդու մոտ՝ կյանքի տարբեր շրջաններում։
Ալերգիկ ռինիտի ախտանիշները կարող են ներառել՝
- քթահոսություն (հոսող քիթ) կամ քթի փակվածություն (լցվածություն կամ փակ քիթ)
- արցունքոտ, քոր եկող և կարմրած աչքեր (ալերգիկ կոնյուկտիվիտ)
- փռշտոց
- հազ
- քոր քթում, բերանի առաստաղում (քիմք) կամ կոկորդում
- քթից դեպի ըմպանի հետև հոսացող լորձ (հետքթային հոսք)
- աչքերի տակ կապտուկներով այտուցված մաշկ («ալերգիկ մետաղադրամներ»)
- խիստ հոգնածություն (թուլություն), հաճախ՝ վատ քնի պատճառով:
Ալերգիկ ռինիտի խթանիչները (տրիգերներ)
Ձեր ալերգիկ ռինիտի գանգատներն ու ախտանիշները կարող են առաջանալ ամբողջ տարվա ընթացքում կամ կարող են սկսվել կամ վատթարանալ տարվա որոշակի ժամանակաշրջանում (սեզոնային):
Ալերգիկ ռինիտի տրիգերները ներառում են՝
- ծառերի ծաղկափոշի, որը տարածված է վաղ գարնանը
- խոտի ծաղկափոշի, որը տարածված է գարնան վերջում և ամռանը
- ամրոզիայի ծաղկափոշի, որը տարածված է աշնանը
- փոշու տիզեր և ուտիճների կեղտ, որոնք առկա են ամբողջ տարին
- տնային կենդանիների թեփ, որը կարող է անհանգստացնել ամբողջ տարին, սակայն ձմռանը, երբ տները փակ են, առաջացնել ավելի վատ ախտանիշներ
- ներսի և դրսի սնկիկների և բորբոսների սպորներ, որոնք կարող են լինել ինչպես սեզոնային, այնպես էլ ամբողջ տարվա ընթացքում:
Ալերգիկ ռինիտ, թե՞ մրսածություն
Ախտանիշները կարող են նմանվել, ուստի դժվար է ասել, թե որն է ձեր մոտ:
Հիվանդություն | Ախտանիշներ | Սկիզբը | Տևողությունը |
---|---|---|---|
Ալերգիկ ռինիտ | Քթահոսություն ջրիկ, թափանցիկ արտադրությամբ, ջերմության բարձրացում չկա | Ալերգենների ազդեցությանը ենթարկվելուց անմիջապես հետո | Այնքան երկար, որքան ենթարկվում եք ալերգենների ազդեցությանը |
Մրսածություն | Քթահոսություն ջրիկ կամ թանձր դեղնավուն արտադրությամբ, մարմնի ջարդվածություն, թեթև աստիճանի ջերմություն | Մրսածության վիրուսով վարակվելուց 1–ից 3 օր անց | 3–ից մինչև 7 օր |
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե՝
- չեք կարող գտնել ձեր ալերգիկ ռինիտի ախտանիշները մեղմացնող որևէ միջոց
- ալերգիայի դեղամիջոցները չեն թեթևացնում կամ առաջացնում են տհաճ ազդեցություններ
- ունեք մեկ այլ հիվանդություն, որը կարող է վատթարացնել ալերգիկ ռինիտի ախտանիշները, ինչպիսիք են քթի պոլիպները, ասթման կամ հաճախակի ծոցային վարակներ (սինուսիտ):
Շատ մարդիկ, հատկապես երեխաները, ընտելանում են ալերգիկ ռինիտի ախտանիշներին, ուստի կարող են չդիմել բուժման, քանի դեռ ախտանիշները չեն սրվել: Սակայն ճիշտ բուժում ստանալը կարող է թեթևացնել գանգատները:
Հոդվածը տեղադրվել է՝ 12-04-2018 վերանայվել է՝ 02-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: