Այն, ինչ դուք տալիս եք ձեր մարմնին մինչև հղի դառնալը, հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո, կարող է ազդել ձեր երեխայի վրա:
Ճիշտ սնունդ ընդունելը, իմանալը, թե ինչպիսի մթերքներից կամ ըմպելիքներից պետք է խուսափել, կանոնավոր վարժանքները, ալկոհոլից ու ծխախոտից հրաժարվելը՝ բոլորն էլ կարևոր են, եթե ցանկանում եք բարձրացնել ձեր հղիությունն առողջ դարձնելու հավանականությունը:
Առողջ սնունդ
Դուք բնավ կարիք չունեք հղիության ժամանակ ուտել երկուսի՝ ձեր և ձեր երեխայի համար: Դուք պարզապես կարիք ունեք շատացնել այն սննդանյութերը, որոնք անհրաժեշտ են ձեր երեխայի առողջ աճի ու զարգացման համար և դրա փոխարեն քչացնել աղի, քաղցր և ճարպոտ մթերքները: Վերջին նշվածները կարող են վնասակար լինել ինչպես ձեզ, այնպես էլ ձեր երեխայի համար:
Հղի կանանց խորհուրդ է տրվում ամեն օր օգտվել տարբեր տեսակի և գույնի մրգերից ու բանջարեղեններից: Դուք նաև կարող եք ձեր սննդակարգը հարստացնել չթեփազերծված հացամթերքներով՝ օրական 8-8,5 չափաբաժին, երբ ձեր հղիությունն ընթանում է նորմալ: Կարևոր է նաև, որ դուք ուտեք երկաթով հարուստ սննդամթերքներ, օրինակ՝ կարմիր (անճարպ) միս, ինչպես նաև կալցումով հարուստ կաթնամթերք, օրինակ՝ ցածր յուղայնության կաթ, յոգուրտ (մածուն) կամ պանիր: Մրգերը, բանջարեղենները, ոլոռազգիները և շատ ջուր խմելը նաև կարող են օգնել փորկապության կանխարգելմանը:
Հղի վիճակում պետք է բավարարվել կոֆեինի փոքր քանակներով և սահմանափակվել օրական 2-3 բաժակ սուրճով կամ 6 բաժակ թեյով:
Շատ կարևոր է, որ հղի վիճակում խուսափեք սննդային թունավորումից, օրինակ՝ զերծ մնաք փափուկ պանրից, պաշտետներից և հում ձվից, քանի որ դրանք կարող են պարունակել բակտերիաներ: Ուշադիր եղեք և հետևեք պատշաճ հիգիենայի կանոններին, երբ պատրաստում կամ դասավորում եք հում սննդամթերք:
Դուք գուցե կարիք ունենաք հղիության ընթացքում ստանալ ֆոլաթթվի և յոդի սննդային հավելումներ: Զրուցեք այս մասին ձեր բժշկի հետ:
Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում առողջ սննդակարգի օգտակարության մասին:
Առողջ մարմնի քաշ
Երբ դուք հղի եք, ավելցուկային քաշը կամ գիրությունը կարող են կապված լինել առողջական տարբեր խնդիրների հետ, որոնք կարող են վնասել ինչպես ձեզ, այնպես էլ ձեր երեխային, ինչպիսիք են մեռելածնություն և վաղաժամ ծննդաբերություն, բնածին արատներ, բարձր արյան ճնշում (պրեէկլամպսիա), գեստացիոն դիաբետ և դեպրեսիա: Զգալի ավելորդ քաշը կարող է բացասաբար անդրադառնալ նաև ծննդաբերության և կրծքով կերակրման ձեր ունակության վրա: Ավելորդ քաշով կանայք հավանական է, որ հղիության և ծննդաբերության ընթացքում զգան լրացուցիչ խնամքի կարիք:
Պակաս քաշը նույնպես հղիությանը խանգարող խնդիր է: Այն կարող է բերել վաղաժամ ծննդաբերության և թերքաշ նորածնի հավանականության բարձրացման:
Բժիշկը ձեզ կներկայացնի, թե ինչ չափի քաշի ավելացում է խորհուրդ տրվում հղիության ընթացքում: Սա կախված է այն հանգամանքից, թե մարմնի ինչ քաշ եք ունեցել մինչև հղիանալը: Նույնիսկ, եթե մինչև հղի դառնալը ունեցել եք նորմալ քաշ, արագորեն ավելորդ կիլոգրամներ հավաքելը ինչպես ձեր, այնպես էլ երեխայի վրա կարող է վատ ազդեցություն թողնել:
Եթե բժիշկը կարծում է, որ ձեր քաշի ավելացումը խորհուրդ տրվող մակարդակից ավելի բարձր կամ ցածր է, ապա կարող է առաջարկել դիետոլոգի խորհրդատվություն.
Հղիության ընթացքում մարմնի քաշի նվազեցմանն ուղղված խիստ սահմանափակող սննդակարգ խորհուրդ չի տրվում, քանի որ ձեր երեխան կարող է զրկվել աճի ու զարգացման համար անհրաժեշտ սննդանյութերից:
Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում մարմնի առողջ քաշի օգտակարության մասին:
Ալկոհոլ
Երբ դուք ալկոհոլ եք խմում, այն թափանցում է ընկերքով և հայտնվում է երեխայի արյան հունի մեջ: Ալկոհոլը բարձրացնում է վիժման, մեռելածնության և վաղաժամ ծննդաբերության ռիսկը: Ալկոհոլի չարաշահումը կարող է առաջացնել ֆետալ ալկոհոլային սպեկտրի խանգարում, որը ձեր երեխայի մոտ կարող է պատճառել նրա ողջ կյանքի ընթացքում շարունակվող խնդիրներ:
Եթե դուք օգտագործել եք ալկոհոլի փոքր քանակություն մինչև իմանալը, որ հղի եք, հավանականությունը ցածր է, որ դա վնաս կպատճառի ձեր երեխային: Սակայն, եթե դուք արդեն գիտեք, որ հղի եք, այլևս գոյություն չունի ալկոհոլի անվտանգ քանակություն: Որքան շատ ալկոհոլ օգտագործեք, այդքան կբարձրանա ձեր երեխային վնասելու վտանգը: Երեխայի համար ճակատագրական վնաս կարող է պատճառել հատկապես ալկոհոլի մեծ քանակներ օգտագործելը:
Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում ալկոհոլի վնասակարության մասին:
Ծխախոտի ծուխ
Հղիության ընթացքում ծխելը և պասիվ ծխելը խիստ վնասակար են ինչպես ձեզ, այնպես էլ ձեր երեխայի համար: Դրանք բարձրացնում են հղիության բարդությունների, այդ թվում՝ վաղաժամ ծննդաբերության և վիժման ռիսկը: Ծխելը և երկրորդային ծուխը ձեր երեխայի մոտ կարող են առաջացնել ծնվելիս ցածր քաշ, երեխայի հանկարծակի մահվան համախտանիշ և երկարաժամկետ առողջական խնդիրներ:
Ծխող բազմաթիվ կանայք հրաժարվում են ծխախոտից, երբ իմանում են, որ հղի են, սակայն հետո կրկին վերսկսում են ծխելը: Պետք չէ ինքներդ ձեզ մեղադրել. սա նորմալ երևույթ է: Պարզապես մի՛ ընկճվեք և կրկին փորձեք: Եթե ձեր զուգընկերը ծխող է և միանում է ձեր փորձին, գլանակից ձերբազատվելու ձեր շանսերը մեծանում են:
Բժիշկը կարող է հարցնել ձեր ծխելու վերաբերյալ, և կարևոր է, որ դուք նրան ասեք ճիշտը: Բժիշկը նույնպես կարող է օգնել ձեզ, որ դեն նետեք ծխախոտը: Օրինակ, նա կարող է առաջարկել նիկոտինային փոխարինող բուժում կամ խորհրդատվություն: Հիշեք, որ երբեք ուշ չէ դադարեցնել ծխելը:
Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում ծխելու և երկրորդային ծխի վնասակարության մասին:
Ֆիզիկական ակտիվություն
Հղի կանանց խիստ օգտակար է ամեն օր որևէ տեսակի ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելը: Յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում դուք պետք է 150-ից մինչև 300 րոպե տրամադրեք միջին ծանրաբեռնվածության ֆիզիկական զբաղմունքներին:
Զրուցեք ձեր բժշկի հետ այն մասին, թե որ տեսակի ֆիզիկական զբաղմունքն է լավագույնս համապատասխանում ձեր առողջական վիճակին և հղիությանը: Արագ քայլքը, լողը, հեծանիվ վարելը՝ բոլորն ել լավ տարբերակներ են: Քայլքի խմբակներին, լողի ակումբնեին կամ յոգայի դասընթացներին մասնակցելը կարող է նպաստել ձեր շարժառիթների պահպանմանը:
Ճիշտ կլինի, եթե դուք խուսափեք այնպիսի վարժանքներից, որոնք կարող են վնասել ձեր որովայնը կամ չափից դուրս ծանրաբեռնել ձեր հոդերը, օրինակ՝ կտրուկ շարժումներ պահանջող կամ կոնտակտային մարզաձևեր: Մի՛ փորձեք նաև վարժանքներ կատարել օրվա տոթ կամ շոտ ժամերին և համոզվեք, որ ֆիզիկական ակտիվ ժամանակ խմում եք շատ ջուր:
Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում ֆիզիկական վարժանքների օգտակարության մասին:
Պատվաստումներ (իմունիզացիա)
Եթե պատրաստվում եք հղիանալ, ապա համոզվեք, որ կարմրախտի և ջրծաղիկի ձեր պատվաստումներն ուժի մեջ են: Այս երկու վարակիչ հիվանդություններն էլ կարող են ձեր երեխային պատճառել ծանր բարդություններ:
Հղիության ընթացում խորհուրդ տրվող երկու պատվաստումներն են՝
- Գրիպ (ինֆլուենցա). հղի վիճակը ձեզ դնում է գրիպի բարդությունների մեծ ռիսկի տակ: Գրիպը կարող է խիստ ծանր հետևանքներ ունենալ նաև ձեր նորածին երեխայի համար: Գրիպի կախարգելման լավագույն միջոցը պատվաստումն է:
- Կապույտ հազ. այս վարակը կարող է դառնալ նորածին երեխայի մահվան պատճառ: Մինչև երեխայի մեծանալը և պատվաստման տարիքին հասնելը, դուք կարող եք պաշտպանել նրան, եթե ինքներդ պատվաստվեք: Խորհուրդ է տրվում կապույտ հազի պատվաստում ստանալ յուրաքանչյուր հղիության ժամանակ 20-32-րդ շաբաթների ընթացքում:
Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում պատվաստումների օգտակարության մասին:
Քիմիական նյութերի և այլ վնասակար ազդեցություն
Կան մի շարք քիմիական նյութեր, որոնցից պետք է հղի ժամանակ խուսափել: Դրանցից են՝ ծխախոտի երկրորդային ծուխ, կենցաղային որոշ քիմիական նյութեր, այդ թվում՝ հեշտ ցնդող, ճառագայթում, բակտերիաներ և սնկիկներ, մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումներ, աշխատավայրում օգտագործվող քիմիկատներ և այլն:
Ձեր երեխային վնասող քիմիական նյութերից են հակաբիոտիկները, մանրէազերծող նյութերը, մաքրող կամ այլ լուծիչները, ներկանյութերը, միջատասպան նյութերը և պարարտանյութերը: Ձեր երեխան կարող է վնաս ստանալ, եթե դուք շնչեք, կուլ տաք կամ երբեմն հպվեք այսպիսի նյութերին: Վտանգի չափը կախված է նյութի տեսակից, քանակից և ազդեցության տևողությունից:
Կարևոր է, որ դուք զրուցեք ձեր գործատուի հետ, եթե աշխատանքի բերումով ստիպված եք շփվել քիմիական նյութերի կամ պարագաների հետ, որոնք կարող են վնաս հասցնել ձեր երեխային: Դուք իրավունք ունեք նույն գործատուի մոտ անցնելու դեպի ավելի անվտանգ աշխատանքի:
Բավարար հանգիստ
Հղիության ընթացքում ձեր հոգեկան առողջության մասին հոգ տանելն այնքան կարևոր է, որքան ֆիզիկական առողջությանը հետևելը:
Եթե հղի վիճակում զգում եք որոշակի անհանգստություն և տագնապ, դա կարելի է համարել նորմալ երևույթ: Սական, եթե կարծում եք, որ կարող եք ունենալ նախածննդյան տագնապի կամ դեպրեսիայի ախտանիշներ, կարևոր է, որ առանց հետաձգելու դիմեք օգնության: Հիշեք, որ այս վիճակը կարող է բուժվել:
Համոզվեք նաև, որ դուք ունեք բավարար քնի և հանգստի հնարավորություն: Ընդունեք այլ մարդկանց օժանդակությունը, եթե նրանք ցանկանում են թեթևացնել ձեր առօրյա հոգսերը: Դուք կարող եք օգտագործել ռելաքսացիայի մեթոդներ, որպեսզի մեղմացնեք ձեր սթրեսը և ավելի հեշտ տանեք հղիության հետ կապված անհարմարությունները: Բազմաթիվ կանայք օգտակար են համարում մկանները թուլացնելը, շնչառական վարժությունները կամ խաղաղ և ջերմ սցենարներ պատկերացնելը:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024