Սրտի առիթմիաները կարող են որևէ գանգատ կամ ախտանիշ չառաջացնել:
Բժիշկը կարող է հայտնաբերել անկանոն սրտազարկ այլ առիթով ձեզ զննելիս:
Ընդհանուր առմամբ, առիթմիայի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- կրծքավանդակի ներսում «թփրտոց» կամ թրթռոց կամ սրտխփոց
- հաճախացած սրտազարկ (տախիկարդիա)
- դանդաղած սրտազարկ (բրադիկարդիա)
- ցավ կրծքավանդակում
- օդի պակաս և հևոց:
Այլ ախտանիշներից են
- անհանգստություն
- թուլություն
- աչքերի դեմը մթնելու զգացողություն կամ գլխապտույտ
- քրտնարտադրություն
- ուշագնացություն (սինկոպե) կամ նախաուշագնացություն (ընկնելու զգացողություն):
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե կարծում եք, որ ձեզ մոտ կա առիթմիա, դիմեք ձեր բժշկին։
Եթե զգում եք, որ ձեր սիրտը շատ արագ կամ շատ դանդաղ է կծկվում, կամ բաց է թողնում հերթական կծկումը, պայմանավորվեք բժշկի այց: Անհապաղ դիմեք բուժօգնություն, եթե ունեք հևոց, թուլություն, գլխապտույտ, աչքերի դեմը մթնելու զգացողություն, ուշագնացություն կամ նախաուշագնացություն, և կրծքավանդակի շրջանում ցավ կամ անհարմարավետություն:
Առիթմիայի մի տեսակը, որը կոչվում է փորոքների ֆիբրիլյացիա, կարող է առաջացնել արյան ճնշման կտրուկ անկում: Կոլապսը կարող է առաջանալ վայրկյանների ընթացքում, և շուտով մարդու շնչառությունն ու անոթազարը դադարում են: Եթե դա տեղի է ունեւոմ ձեր ներկայությամբ, կատարեք հետևյալ քայլերը:
- Զանգեք 1-03:
- Եթե դուք կամ մոտակայքում ինչ–որ մեկն անցել եք սիրտ–թոքային վերակենդանացման (ՍԹՎ) դասընթաց, սկսեք ՍԹՎ միջոցառումները․ ՍԹՎ կարող է օգնել պահպանելու օրգանների արյան հոսքը, մինչև կիրականացվի դեֆիբրիլյացիա:
- Եթե դուք չեք անցել ՍԹՎ դասընթաց կամ կարծում եք, որ չեք կարող իրականացնել արհեստական շնչառություն, սկսեք միայն–ձեռքով ՍԹՎ․ ուժեղ և կտրուկ սեղմեք տուժողի կրծոսկրի շրջանում րոպեում 100-ից 120 սեղմման արագությամբ, մինչև շտապօգնության անձնակազմը ժամանի: Նման իրավիճակում կարիք չկա անցկացնելու արհեստական շնչառություն:
- Շարունակեք ՍԹՎ միջոցառումները՝ մինչև շտապօգնության անձնակազմը ժամանի:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-03-2021
Վերջին վերանայում՝ 05-05-2024