Սրտամկանի ինֆարկտի գլխավոր պատճառը սրտի իշեմիկ կամ պսակային հիվանդությունն է:
Սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) ժամանակ մեկ կամ մի քանի սրտային (պսակային) զարկերակներն արգելափակվում են, որի պատճառը խոլեստերին պարունակող կուտակումներն են` վահանիկները: Վերջիններս կարող են նեղացնել պսակային զարկերակները և նվազեցնել սրտամկանի արյան հոսքը: Երբ սրտամկանի մի մասի արյունամատակարարումը հանկարծակի դադարում է, այդ շրջանի սրտամկանը սկսում է նախ իշեմիայի ենթարկվել (թթվածնաքաղց), որից հետո՝ մեռուկանալ (նեկրոզ)։
Սրտամկանի ինֆարկտի ժամանակ պսակային զարկերակի լուսանցքի պատին առաջացած վահանիկներից մեկը պատռվում է՝ ակտիվացնելով թրոմբոցիտների միմյանց միաձուլվելը (ագրեգացիա), որն էլ բերում է մակարդուկի ձևավորման (թրոմբ) և, եթե վերջինս մեծ է՝ նույն զարկերակի խցանման և տվյալ շրջանում սրտամկանի արյունամատակարարման դադարեցման։
Սրտամկանի ինֆարկտը կարող է զարգանալ սրտի (պսակային) զարկերակի ամբողջական կամ մասնակի արգելափակման (խցանման) պատճառով: Սրտամկանի ինֆարկտի դասակարգման տեսակներից մեկը հիմնվում է այն բանի վրա, թե արդյոք էլեկտրասրտագրությամբ (ԷՍԳ) ի հայտ են եկել առանձնահատուկ փոփոխություններ (ST բարձրացում կամ էլևացիա), որը պահանջում է անհետաձգելի ինվազիվ բուժում: Ուստի, ձեր բժիշկը կարող է օգտագործել ԷՍԳ պատասխանը, որ ներկայացնի սրտամկանի ինֆարկտի ստորև տեսակները՝
- միջին կամ մեծ տրամաչափի պսակային զարկերակի սուր ամբողջական խցանումը սովորաբար նշանակում է, որ զարգացել է ST էլևացիայով սրտամկանի ինֆարկտ (անգլերեն հապավումը՝ STEMI)
- մասնակի խցանումը հաճախ նշանակում է, որ զարգացել է ոչ ST էլևացիայով սրտամկանի ինֆարկտ (անգլերեն հապավումը՝ NSTEMI) (այնուամենայնիվ, NSTEMI-ով որոշ մարդկանց մոտ առկա է լրիվ խցանում):
Ոչ բոլոր սրտամկանի ինֆարկտներն են զարգանում զարկերակների խցանման պատճառով: Այլ պատճառներից են՝
- պսակային զարկերակի կծկանք (սպազմ). սա իրականում չխցանված արյունատար անոթի կտրուկ նեղացումն է, որի պատճառը խոլեստերինային վահանիկի, ծխելու կամ այլ ռիսկի գործոնի հետևանքով անոթի վաղ կարծրացումն է (մյուս անվանումներից են՝ Պրինցմետալի ստենոկարդիա, վազոսպաստիկ ստենոկարդիա կամ վարիանտային ստենոկարդիա)
- որոշ վարակներ. COVID-19-ը և այլ վիրուսային վարակներ կարող են առաջացնել սրտամկանի վնասում
- պսակային զարկերակի ինքնաբուխ դիսսեկցիա (SCAD). սա կյանքին սպառնացող վիճակ է, որի պատճառը պսակային զարկերակի ներքին ճեղվածքն է:
Ռիսկի գործոններ
Որոշ հայտնի գործոններ նպաստում են պսակային զարկերակները նեղացնող ճարպային կուտակումների ձևավորմանը (աթերոսկլերոզ) կամ արագացնում այս ախտաբանական գործընթացը: Դուք կարող եք մեղմացնել կամ վերացնել այս գործոնների մեծ մասը՝ կրճատելով առաջին կամ այլ ինֆարկտների առաջացման հավանականությունը:
Սրտամկանի ինֆարկտի հայտնի ռիսկի գործոնները ներկայացվում են ստորև:
- Տարիք. 45 տարեկան և ավելի մեծ տղամարդկանց և 55 տարեկան և ավելի մեծ կանանց մոտ սրտամկանի ինֆարկտի ռիսկն ավելի բարձր է, քան ավելի երիտասարդ տղամարդկանց և կանանց մոտ:
- Ծխախոտ. սա ներառում է ծխելը և երկարատև ժամանակի ընթացքում երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվելը, որոնք բարձրացնում են ինֆարկտի զարգացման ռիսկը։
- Բարձր արյան ճնշում (հիպերտենզիա). ժամանակի ընթացքում զարկերակային հիպերտենզիան կարող է ախտահարել սիրտը սնուցող պսակային զարկերակները: Բարձր արյան ճնշման զուգակցումն այլ վիճակների, օրինակ՝ գիրության, բարձր խոլեստերինի կամ դիաբետի հետ ավելի է բարձրացնում այս ռիսկը:
- Արյան խոլեստերինի կամ տրիգլիցերիդների բարձր մակարդակ. ցածր խտության լիպոպրոտեիդների խոլեստերինի (ՑԽԼ կամ «վատ խոլեստերին») բարձր մակարդակը մեծ հավանականությամբ կարող է նեղացնել անոթները: Սննդակարգի հետ սերտորեն կապված արյան տրիգլիցերիդների բարձր մակարդակը նույնպես բարձրացնում է սրտամկանի ինֆարկտի ռիսկը: Ի տարբերություն դրանց, բարձր խտության լիպոպրոտեիդների խոլեստերինի (ԲԽԼ կամ «լավ խոլեստերին») բարձր մակարդակը կարող է նվազեցնել նույն ռիսկը:
- Գիրություն. մարմնի ավելցուկային քաշը, հատկապես՝ գիրությունը կապված են արյան խոլեստերինի և տրիգլիցերիդների բարձր մակարդակների, բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) զարգացման հետ: Գեր մարդիկ իրենց քաշի արդեն 10%-ով նվազեցմամբ կարող են կրճատել այս ռիսկը:
- Դիաբետ. ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլին հորմոնի ոչ բավարար արտադրությունը բերում է արյան գլյուկոզի (շաքար) մակարդակի բարձրացման, որը կոչվում է հիպերգլիկեմիա: Դիաբետին ուղեկցող հիպերգլիկեմիան բարձրացնում է սրտամկանի ինֆարկտի զարգացման ռիսկը:
- Մետաբոլիկ համախտանիշ. սա ներառում է գիրությունը, բարձր արյան ճնշումը և հիպերգլիկեմիան: Մետաբոլիկ համախտանիշը կրկնակի բարձրացնում է սրտային հիվանդության զարգացման ռիսկը:
- Սրտամկանի ինֆարկտի ընտանեկան պատմություն. եթե ձեր արյունակից հարազատներից, ծնողներից կամ «մեծ» ծնողներից մեկնումեկը կամ մի քանիսը (տղամարդկանց դեպքում՝ մինչև 55 և կանանց դեպքում՝ մինչև 65 տարեկանը) ունեցել են սրտամկանի ինֆարկտ, ապա ձեր ռիսկը ևս բարձրանում է:
- Ֆիզիկական ակտիվության պակաս («նստակյաց» ապրելակերպ). ֆիզիկապես ոչ ակտիվ լինելը նպաստում է արյան խոլեստերինի մակարդակի բարձրացմանը և ավելցուկային քաշին (գիրություն): Ընդհակառակը, կանոնավոր վարժանքները օգնում են սիրտն առողջ պահելուն, ինչպես նաև արյան ճնշման կարգավորմանը:
- Սթրես. դուք կարող եք հուզական լարվածությանը պատասխանել այնպիսի ձևերով, որոնք բարձրացնեն սրտամկանի ինֆարկտի զարգացման ռիսկը:
- Ապօրինի թմրամիջոցների օգտագործում. խթանիչ թմրամիջոցները, օրինակ՝ կոկաինը կամ ամֆետամինները կարող են նպաստել պսակային զարկերակների կծկանքի (սպազմ) առաջացմանը, հետևաբար՝ սրտամկանի ինֆարկտի զարգացման ռիսկը:
- Պրեէկլամպսիայի պատմություն. պրեէկլամպսիան հղիության ընթացքում բերում է բարձր արյան ճնշման և բարձրացնում կյանքի ընթացքում սրտային հիվանդության զարգացման ռիսկը:
- Աուտոիմուն հիվանդություն. ռևմատոիդ արթրիտը, համակարգային կարմիր գայլախտը (լուպուս) կամ նմանատիպ աուտոիմուն հիվանդությունները կարող են բարձրացնել սրտամկանի ինֆարկտի ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 02-06-2024