Սրտամկանի ինֆարկտ. ախտանիշներ
13-04-2018
3 րոպե

Սրտամկանի ինֆարկտը կամ «սրտի նոպան» համարվում է ծանր և վտանգավոր բարդությունների մեծ ռիսկով հիվանդություն։
Սա այն վիճակն է, երբ հիվանդանոցային հաջող բուժման համար ժամանակային գործոնն ունի որոշիչ նշանակություն։ Որքան սրտի նոպայով մարդը արագ և անվտանգ տեղափոխվի սրտաբանական կենտրոն, այդքան հաջող բուժման շանսերը կմեծանան։
Անհապաղ զանգահարեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե կասկածում եք, որ ձեզ մոտ կամ մեկ այլ մարդու մոտ առկա է սրտամկանի ինֆարկտ։
Սրտամկանի ինֆարկտի ախտանիշները ներառում են՝
- կրծքավանդակի շրջանի ցավեր, որոնք ավելի հաճախ կենտրոնանում են կրծքավանդակի կենտրոնում՝ կրծոսկրի ետևում, սակայն կարող են տեղակայվել սրտի շրջանում կամ ընդգրկել կրծքավանդակի ամբողջ ձախ կեսը և ունեն սեղմող, ճնշող կամ այրող բնույթ
- մարմնի այլ շրջաններում տեղակայված կամ կրծոսկրից ճառագայթվող ցավեր՝ դեպի ձեռքեր (ավելի հաճախ՝ ձախ ձեռքը), ստորին ծնոտ, պարանոց, թիկունք, ուսագոտի և որովայն
- սրտխառնոց, «ստամոքսի խանգարում», այրոցք (изжога) կամ վերորովայնային ցավեր
- սուր օդի պակասի և շնչարգելություն (հևոց)
- ամբողջ մարմինը պատող սառը կպչուն քրտնարտադրություն
- ինքնազգացողության կտրուկ վատթարացում
- կտրուկ թուլություն
- ուշագնացության զգացում և գլխապտույտ
- վախի («մահվան վախ»), տագնապի ճնշող զգացումներ (կարող է հասնել աժիտացիայի կամ խուճապի):
Սրտամկանի ինֆարկտի ախտանիշները տարբերվում են
Սրտամկանի ինֆարկտով ոչ բոլոր մարդիկ ունեն նույն գանգատները կամ դրանց նույն ծանրության աստիճանը: Նրանց մի մասի մոտ սրտի նոպան կարող է դրսևորվել միայն մեկ, մյուսների մոտ՝ մի քանի, իսկ երրորդների մոտ՝ բոլոր ախտանիշներով։
Ցավի ուժգնությունը նույնպես տարբեր մարդկանց մոտ կարող է լինել տարբեր։ Մեծ մասի մոտ դրանք խիստ ուժեղ են («կարծես կրծքավանդակիս փիղ կանգնած լինի»), իսկ մյուսների դեպքում ցավը կարող է մղվել երկրորդ պլան և առաջ գան մարսողության խանգարմանը բնորոշ նշաններ՝ սրտխառնոց և (կամ) փսխում։ Իսկ որոշ մարդիկ կարող են ընդհանրապես ետկրծոսկրային կամ այլ ցավեր չզգալ («համր» ինֆարկտ)։
Կարևոր է նաև, որ սրտամկանի ինֆարկտն ախտորոշելիս կրծքավանդակի ցավի ուժգնությունն այդքան էլ կարևոր չէ։ Ավելի կարևոր է տարբեր ախտանիշների զուգակցումը կամ միասին ի հայտ գալը։
Որոշ ինֆարկտներ զարգանում են հանկարծակի, սակայն բազմաթիվ մարդիկ բուն ինֆարկտից ժամեր, օրեր և անգամ շաբաթներ առաջ նշում են «նախազգուշացնող» նշաններ և, ցավալիորեն, նրանց մի մասը դրանք անտեսում է:
Վաղ նշաններից են սրտի շրջանում անհարմարավետությունը (դիսկոմֆորտ), կրկնվող ետկրծոսկրային ցավերը կամ ծանրության, ճնշման զգացումը (կրծքահեղձուկ), որոնք ի հայտ են գալիս ֆիզիկական ակտիվության ժամանակ և մեղմանում հանգիստ վիճակում: Կրծքահեղձուկը կարող է պատճառվել սրտամկանի արյունամատակարարարման ժամանակավոր նվազեցմամբ:
Ե՞րբ դիմել բժշկին
Գործեք անհապաղ: Որոշ մարդիկ սպասում են շատ երկար, քանի որ չեն հասկանում գանգատների պատճառը:
Ձեռնարկե՛ք այս քայլերը:
- Զանգե՛ք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն. զանգեք առանց երկար մտածելու։ Յուրաքանչյուր դեպքում, երբ կա սրտամկանի ինֆարկտի կասկած, պետք չէ կարծել, թե՝ գուցե սխալվում եք։ Ավելի լավ է սխալվեք, քան կորցնեք թանկ ժամանակը։ Եթե զանգել չի հաջողվում, խնդրեք մեկնումեկին, որ ձեզ տեղափոխի մոտակա հիվանդանոց: Եթե այլընտրանք չունեք, վարեք ինքներդ, թեև դա կարող է վտանգավոր լինել ձեր և մյուսների համար:
- Եթե բժիշկը նշանակել է, ընդունե՛ք Նիտրոգլիցերին. ընդունեք այնպես, ինչպես հրահանգել է բժիշկը՝ մինչև շտապբուժօգնության անձնակազմը կժամանի:
- Հակացուցումների բացակայության դեպքում ընդունեք Ասպիրին. սրտի նոպայի ժամանակ Ասպիրինը կարող է նվազեցնել սրտամկանի վնասումը՝ օգնելով արյան մակարդման դանդաղելուն: Սակայն, Ասպիրինը կարող է փոխազդել այդ դեղերի հետ, ուստի, մի ընդունեք այս դեղամիջոցը, քանի դեռ ձեր բժիշկը կամ շտապբուժօգնության անձանակազմը խորհուրդ չի տվել: Ասպիրինը որևէ կապ չունի 1-03 զանգելու հետ, ուստի մի՛ սպասեք դեղամիջոցի ազդեցությանը. զանգե՛ք առանց հապաղելու:
Հոդվածը վերանայվել է՝ 29-06-2021