Սրտամկանի ինֆարկտ․ բարդություններ
13-04-2018
2 րոպե

Սրտամկանի սուր ինֆարկտի հավանական բարդությունները կարող են լինել շատ տարբեր։ Մի դեպքում դրանք կարող են լինել մեղմ, մյուս դեպքում՝ կյանքին սպառնացող։
Սրտամկանի ինֆարկտի բարդությունները հաճախ կապված են սրտի նոպայի պատճառ դարձած սրտամկանի վնասման՝ մեռուկացման հետ (նեկրոզ):
Սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումներ
Առիթմիա (սրտի ռիթմի խանգարում)
Առիթմիան սրտի ոչ ռիթմիկ աշխատանքն է։ Սրտի կծկումները կարող են՝
- հաճախանալ (տախիկարդիա)
- հազվադեպանալ (բրադիկարդիա)
- դառնալ անկանոն (օրինակ՝ շողացող առիթմիա)։
Առիթմիայի որոշ տեսակներ կարող են ունենալ հանկարծակի սկիզբ և նոպայաձև ընթացք (օրինակ՝ պարօքսիզմալ տախիկարդիա):
Սրտամկանի սուր ինֆարկտից հետո առիթմիաների ի հայտ գալը պայմանանավորված է այն հանգամանքով, որ սրտամկանի մեռուկացած տեղամասն ընդհատում է սրտի էլեկտրական ազդանիշների նորմալ փոխանցումը։ Առիթմիայի որոշ տեսակներ կարող են առաջացնել հետևյալ ախտանիշները՝
- սրտխփոցի զգացում (կարծես սիրտը «վազում» կամ «թփրտում է» կրծաքավանդակի կամ կոկորդի միջով)
- հետկրծոսկրային կամ սրտի շրջանի ցավեր
- գլխապտույտ
- ընդհանուր թուլություն
- շնչառական խանգարումներ (օդի պակաս և հևոց)։
Սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումների մեծ մասը ենթարկվում է դեղորայքային բուժմանը, մինչդեռ ծանր դեպքերը պահանջում են այլ միջոցառումներ, օրինակ՝ արհեստական ռիթմավարի տեղադրում («փեյսմեյքեր»)։
Սրտամկանի ինֆարկտի բարդությունների այս խմբի թերևս ամենածանր և մահաբեր տեսակը սրտի փորոքների շողացումն է (փորոքների ֆիբրիլյացիա), որը ասոցացվում է կլինիկական մահվան հետ և պահանջում է կյանք փրկող սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների անհապաղ իրականացում՝ սրտի մերսում, արհեստական շնչառություն, դեֆիբրիլյացիա («էլեկտրաշոկ»)։
Սրտային անբավարարություն
Սրտային անբավարարությունը մի վիճակ է, երբ սիրտը չի կարողանում արդյունավետ կերպով բավարար ծավալի արյուն մղել դեպի մյուս օրգանները։ Որպես սրտամկանի ինֆարկտի բարդություն սրտային անբավարարության պատճառը դարձյալ սրտամկանի մի մասի ծանր վնասումն է՝ մեռուկացումը։ Որքան մեծ է սրտամկանի նեկրոզված շրջանի չափը, այդքան սրտային անբավարարության ընթացքը կարող է դառնալ ավելի սուր և ծանր, իսկ երբեմն՝ մահվան ելքով։
Սրտային սուր անբավարարության ախտանիշները ներառում են՝
- շնչարգելություն և հևոց
- ընդհանուր թուլություն
- ձեռքերի և ոտքերի այտուցներ։
Սրտային անբավարարությունը կարող է բուժվել որոշ դեղերով, սակայն ծանր դեպքերում երբեմն վիրահատությունը կարող է դառնալ անխուսափելի։
Սրտի պատռում
Սրտի պատռումը սրտամկանի ինֆարկտի ամենածանր բարդությունն է, որն ունի բարձր մահացություն։
Հոդվածը վերանայվել է՝ 30-03-2021