Սրտամկանի ինֆարկտից հետո յուրաքանչյուր րոպե ավելի շատ սրտային հյուսվածք է վնասվում կամ մեռուկանում:
Ուստի անհետաձգելի բուժումը դառնում է անհրաժեշտություն՝ սրտամկանի արյան հոսքը և թթվածնի մակարդակներն ապահովելու համար: Թթվածինը տրվում է անհապաղ: Սրտամկանի ինֆարկտի հատուկ բուժումը կախված է այն հանգամանքից, թե արդյոք արյան հոսքը մասնակի կամ ամբողջապես է արգելափակվել:
Անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե կասկածում եք, որ ձեզ մոտ կամ մեկ այլ անձի մոտ զարգացել է սրտամկանի սուր ինֆարկտ:
Դեղորայքային բուժում
- Ասպիրին. Ասպիրինը նվազեցնում է արյան մակարդելիությունը և օգնում նեղացած պսակային զարկերակով արյան հոսքի պահպանմանը: Եթե զանգել եք 1-03, ձեզ կարող են խորհուրդ տալ, որ մինչև շտապ օգնության անձնակազմի ժամանումը ծամեք մեկ հաբ Ասպիրին:
- Մակարդուկի տարալուծիչներ (թրոմբոլիտիկներ կամ ֆիբրինոլիտիկներ). այս դեղերն օգնում են պսակային զարկերակը խցանող և սրտամկանի արյունամատակարմանը խոչընդոտող արյան մակարդուկի (թրոմբ) տարալուծմանը: Սրտամկանի ինֆարկտից հետո որքան շուտ տրվեցին թրոմբոլիտիկ դեղերը, այդքան ավելի փոքր չափի հյուսվածք կվնասվի և կբարձրանա ապրելու շանսը:
- Արյունը «ջրիկացնող» այլ դեղամիջոցներ. նմանատիպ դեղերից է Հեպարինը, որը տրվում են ներերակային կամ ենթամաշկային ներարկմամբ: Հեպարինն արյունը դարձնում է ավելի քիչ թանձր և կրճատում մակարդուկների առաջացման հավանականությունը:
- Նիտրոգլիցերին. այս դեղամիջոցը լայնացնում է արյունատար անոթները և օգնում սրտի արյունամատակարարման բարելավմանը: Նիտրոգլիցերինը հայտնի է որպես հանկարծակի ետկրծոսկրային ցավերի (կրծքահեղձուկ) բուժման միջոց: Այն նշանակվում է որպես ենթալեզվային դեղահաբ, կուլ տալու դեղահաբ կամ ներարկման լուծույթ:
- Մորֆին. այս դեղամիջոցը նշանակվում է սուր ետկրծոսկրային ցավերը մեղմելու համար, եթե դրանք Նիտրոգլիցերինով չեն անհետանում:
- Բետա պաշարիչներ (բլոկատորներ). բետա պաշարիչները դանդաղեցնում են սրտազարկը և նվազեցնում արյան ճնշումը: Այս խմբի դեղամիջոցները կարող են սահմանափակել սրտամկանի վնասման չափը և կանխարգելել հետագա ինֆարկտները: Դրանք նշանակվում են սրտամկանի ինֆարկտով մարդկանց մեծ մասին:
- ԱՓՖ ինհիբիտորներ (արգելակիչներ). անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչները նվազեցնում են արյան ճնշումը և թուլացնում սրտի լարվածությունը:
- Ստատիններ. այս դեղամիջոցերը օգնում են արյան խոլեստերինի կարգավորմանը (նվազեցմանը): «Վատ» խոլեստերինի մեծ քանակները կարող են նեղացնել զարկերակները:
Վիրահատական և այլ միջամտություններ
Եթե զարգացել է սրտամկանի ինֆարկտ, ապա բժիշկը կարող է առաջարկել խցանված զարկերակը «բացող» վիրահատություն կամ միջամտություն:
- Կորոնար անգիոպլաստիկա և ստենտավորում. այս միջամտության էությունը խցանված պսակային զարկերակի մեխանիկական լայնացումն է, որի շնորհիվ վերականգնվում է սրտամկանի նորմալ արյան հոսքը: Սրտամկանի ինֆարկտի դեպքում կորոնար անգիոպլաստիկան (անգլերեն կոչվում է նաև percutaneous coronary intervention կամ PCI) հաճախ իրականացվում է խցանումները հայտնաբերող միջամտության ընթացքում (կոչվում է սրտային կաթետերիզացիա կամ անգիոգրաֆիա): Անգիոպլաստիկայի ավարտին հատուկ մեղաղական պարույրը (ստենտ) տեղադրվում է նեղացած պսակային զարկերակի մեջ, որն այդ անոթը պահում է մշտապես «բաց» վիճակում և չի թողնում, որ կրկին «փակվի»: Անգիոպլաստիկայի արդյունավետությունը շատ ավելի բարձրանում է, եթե իշեմիայի ենթարկված սրտամկանը դեռ չի հասցրել մեռուկանալ: Միջամտությունը տևում է 30 րոպեից մինչև 3 ժամ, իրականացվում է ընդհանուր անզգայացման ներքո և դուք որևէ ցավ չեք զգում:
- Աորտո-կորոնար շունտավորում. պսակային անոթի շունտավորումը «մեծ» վիրահատություն է, որի ժամանակ սրտային վիրաբույժը վերցնում է ձեր առողջ երակի որևէ մի հատված (սովորաբար՝ ստորին վերջույթներից) և մի ծայրը կարում աորտային, իսկ երկրորդ ծայրը՝ պսակային զարկերակի ճյուղին՝ նեղացումից ներքև: Այսպիսով, արյան համար ստեղծվում է լրացուցիչ հոսքագիծ՝ շրջանցելով պսակային զարկերակի խցանված հատվածը:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-04-2018
Վերջին վերանայում՝ 02-06-2024