Բժիշկը ստետոսկոպով կլսի ձեր սիրտը և կտա հարցեր, որոնք վերաբերվում են ձեր հիվանդության պատմությանը (անամնեզ):
Նա նաև զննմամբ կփորձի գտնել այնպիսի նշաններ, որոնք վկայում են սրտխփոց առաջացնող որևէ առողջական խնդրի առկայության մասին, օրինակ՝ այտուցված վահանաձև գեղձ:
Եթե ձեր բժիշկը կասկածի, որ սրտխփոցների պատճառը առիթմիան է կամ որևէ այլ սրտային հիվանդություն, կառաջարկի մի շարք հետազոտություններ:
- Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ). սա անցավ և անվտանգ հետազոտություն է, որի օգնությամբ գրանցվում է սրտի էլեկտրական ակտիվությունը: ԷՍԳ-ն թույլ է տալիս հայտնաբերել սրտի ռիթմի և կառուցվածքի հետ կապված խնդիրներ, որոնք կարող էին լինել սրտխփոցների առաջացման պատճառը: Հետազոտությունը կարող է կատարվել հանգիստ վիճակում կամ ֆիզիկական վարժանքի ընթացքում (սթրես ԷՍԳ):
- Հոլտեր մոնիտորինգ. սա փոքր շարժական սարք է, որը գրանցում է շարունակական ԷՍԳ 24-ից մինչև 72 ժամվա ընթացքում: Հոլտեր մոնիտորինգի ընթացքում օրագրում կատարում եք նշումներ այն մասին թե երբ են առաջանում և ավարտվում սրտխփոցները կամ այլ գանգատները, ինչպես նաև օգտագործված դեղամիջոցների մասին: Բժիշկը համադրում է ԷՍԳ-ն և ձեր գրանցումների հետ, որ գնահատի, թե արդյոք սրտխփոցները կապ ունեն սրտի ռիթմի կամ այլ խանգարումների հետ:
- Պատահարի գրանցում. սա նման է հոլտեր մոնիտորինգին, սակայն ԷՍԳ գրանցումը ոչ թե շարունակական է, այլ միայն ըստ հրահանգի, երբ սեղմելով կոճակը շարժական փոքր ԷՍԳ սարքը միանում և սկսում է գրանցում կատարել, երբ նշում եք սրտխփոցներ կամ այլ գանգատներ: Պատահարի գրանցման սարքը կարող եք կրել մի շաբաթից մինչև մի քանի ամիս:
- Էխոսրտագրություն (սրտի էխո). սա անցավ և անվտանգ հետազոտություն է, որը ձայնային ալիքների օգնությամբ ստեղծում է սրտի կենդանի պատկերներ: Այն կարող է հայտնաբերել սրտի խոռոչներում արյան հոսքի և կառուցվածքային խնդիրները:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024