Հեմոֆիլիայի գանգատներն ու ախտանիշները տարբեր են՝ կախված մակարդելիության գործոնների մակարդակից:
Եթե ձեր մակարդելիության գործոնի մակարդակը թեթև նվազել է, դուք կարող եք արյունահոսել միայն վիրահատությունից կամ վնասվածքից հետո: Եթե ձեր մակարդելիության գործոնի անբավարարությունը ծանր է, դուք կարող եք հեշտությամբ արյունահոսել առանց տեսանելի պատճառի:
Ինքնաբուխ արյունահոսության գանգատներն ու ախտանիշները ներառում են հետևյալը՝
- անբացատրելի և չափազանց առատ արյունահոսություն կտրվածքներից կամ վնասվածքներից, վիրահատությունից կամ ատամնաբուժական միջամտություններից հետո
- շատ խոշոր կամ խորը արյունազեղումներ (կապտուկներ)
- պատվաստումներից հետո անսովոր արյունահոսություն
- ձեր հոդերում ցավ, այտուց կամ կարկամություն
- արյուն ձեր մեզի կամ կղանքի մեջ
- քթից արյունահոսություն՝ առանց հայտնի պատճառի
- նորածինների մոտ՝ անբացատրելի գրգռվածություն:
Ներուղեղային արյունահոսություններ
Ծանր հեմոֆիլիա ունեցող որոշ մարդկանց մոտ գլխի նույնիսկ թեթև հարվածը կարող է արյունահոսություն առաջացնել գլխուղեղի մեջ: Սա հազվադեպ է պատահում, սակայն հնարավոր ամենածանր բարդություններից մեկն է: Գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- ուժեղ, երկարատև գլխացավ
- կրկնվող փսխումներ
- քնկոտություն կամ անտարբերություն
- երկտեսություն (դիպլոպիա)
- հանկարծակի թուլություն կամ անհաջող շարժումներ
- ջղաձգումներ (կոնվուլսիա) կամ ցնցումներ:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե& դուք կամ ձեր երեխան ունեք՝
- ներուղեղային արյունահոսության գանգատներ կամ ախտանիշներ
- վնասվածք, որի դեպքում արյունահոսությունը չի դադարում
- այտուցված հոդե, որոնք հպվելիս տաք են և վիրակապելիս՝ ցավոտ:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024