Ծանր հեմոֆիլիան կարող է ընթանալ տարբեր բարդություններով, որոնք կարող են ստանալ կյանքին վտանգ սպառնացող բնույթ:
Հեմոֆիլիայի ամենատարածված բարդությունները կապված են արյունահոսության կամ հարակից շեղումների հետ:
- Սուր արտաքին արյունահոսություններ. մեծաքանակ արյան կորուստը կարող է հանգեցնել շոկային վիճակի:
- Խոր արյունազեղումներ. խորանիստ մկաններում առաջացող արյունահոսությունը կարող է բերել ծայրանդամների այտուցի: Նման այտուցը կարող է ճնշել նյարդերը և առաջացնել վերջույթի թմրածություն կամ ցավեր:
- Արյունազեղումներ կենսական կարևոր օրգաններում. գլխի նույնիսկ «անվնաս» համարվող վնասվածքը հեմոֆիլիայով անձի մոտ կարող է առաջացնել ծանր ներգանգային արյունահոսություն, որն ուղեկցվում է հանկարծակի ծանր, երկարատև գլխացավերով, կրկնակի փսխումներով, գիտակցության խանգարումներով և ցնցումներով:
- Հոդերի վնասում. հաճախակի կրկնվող ներհոդային արյունազեղումները (հեմարթրոզ), հատկապես՝ չբուժվելու դեպքում կարող են առաջացնել ուժեղ ցավեր, բորբոքում (հեմարթրիտ), հոդի շարժումների սահմանափակում կամ անշարժացմում (անկիլոզ):
- Վարակ. հեմոֆիլիայով մարդիկ ավելի հավանական է, որ կունենան արյան փոխներարկման անհրաժեշտություն: Արյան բաղադրամասերի փոխներարկումը թեև 1980-ականներից դարձել է խիստ անվտանգ, այնուամենայնիվ, կարող է բարձրացնել արյունածին վարակների հավանականությունը (հեպատիտ B, հեպատիտ C, ՄԻԱՎ և այլն): Ավելին, արյան կուտակումների թարախակալումը կարող է բերել սեպտիկ բարդությունների:
- Մակարդելիության գործոններով բուժման նկատմամբ կողմնակի ռեակցիա. ծանր հեմոֆիլիայով որոշ մարդկանց մոտ արյունահոսության բուժման համար օգտագործվող մակարդելիության գործոնների նկատմամբ կարող է դրսևորվել բացասական ռեակցիա: Նման դեպքերում նրանց իմունային համակարգն արտադրում է սպիտակուցներ (հայտնի են որպես արգելակիչներ), որոնք արգելափակում են ներմուծված մակարդելիության գործոնները՝ բուժումը դարձնելով նվազ արդյունավետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024