Թութք. պատճառներ
27-04-2018
2 րոպե

Թութքը զարգանում է հետանցքի ներսի պաշտպանիչ հյուսվածքների թուլացման պատճառով:
Որոշակի գործոնների ազդեցությամբ ենթարկվելով լրացուցիչ ճնշման՝ հետանցքի շրջանի արյունատար անոթները արյունալեցվում և լայնանում են՝ առաջացնելով հանգույցներ (հեմորոիդներ): Այս գործոններից են՝
- բարձր տարիք
- մարմնի ավելցուկային քաշ
- երկար ձգձգվող փորկապություն կամ փորլուծություն
- հղիություն
- զուգարանում կքանստած կամ զուգարանակոնքին նստած վիճակում երկար ժամանակ անցկացնելը
- հաճախակի ծանր բեռներ բարձրացնելը:
Փորկապությունը հանդիսանում է թութքի առաջացման կարևոր գործոն, քանի որ զուգարանում աղիները դատարկելիս (կղելիս) դուք ստիպված գործադրում եք լրացուցիչ ջանքեր և լարում եք որովայնի պատը, որը բերում է հետանցքի ներսի անոթների արյունալեցման և լայնացման, իսկ ժամանակի ընթացքում՝ նաև հետանքցի պատերի թուլացման:
Թութքը հաճախ ուղեկցում է նաև հղիությանը, քանի որ մի կողմից հղի կանանց մոտ փորկապությունն ավելի հաճախ է հանդիպում, և մյուս կողմից՝
- աճող և մեծացող պտուղը բարձրացնում է ներորովայնային ճնշումը
- մեծանում է շրջանառող արյան ծավալը
- հղիության ընթացքում արտադրվող որոշ հորմոններ թուլացնում են արյունատար անոթների պատը:
Թութքը կարող է նաև ունենալ ժառանգական նախատրամադրվածություն և ավելի հաճախ հանդիպել որոշ ընտանիքներում:
Թութքը հաճախ առանց որևէ բուժման ինքնուրույն լավանում է, սակայն, եթե դուք աղիները դատարկելիս նկատել եք արյուն կամ թութքային ցավերը խիստ ուժեղ են, դիմեք ձեր բժշկին:
Հոդվածը վերանայվել է՝ 10-05-2021