Ճողվածք. ախտանիշներ
26-05-2018
2 րոպե

Փոքր ճողվածքները կարող են որևէ գանգատ չառաջացնել, սակայն, կախված ճողվածքապարկի պարունակությունից և դրա սեղմվածության աստիճանից, ավելի հաճախ զարգանում են որոշ նշաններ:
Ճողվածքներին բնորոշ ախտանիշներն են՝
- որովայնի կամ աճուկի շրջանում փքվածություն կամ արտացցում
- ցավ, այրոցի, կծկանքի, ծանրության կամ անհարմարավետության զգացում (դիսկոմֆորտ), հատկապես հազալիս, ծանրություն բարձրացնելիս կամ զուգարանում որովայնը ձգելիս
- արտացցման շրջանում ձգող-քաշող զգացողություններ
- աճուկի շրջանում թուլության կամ ձգվածության զգացողություն
- ամորձիների շրջանում այտուցվածության կամ ցավ։
Ստոծանիական ճողվածքի դեպքում կարող են առաջանալ հետկրծոսկրային ցավեր, որոնք երբեմն նմանվում են սրտամկանի ինֆարկտի նշաններին։
Եթե կարծում եք, որ ձեզ մոտ առաջացել է ճողվածք, զրուցեք բժշկի հետ ձեր հետագա քայլերի և բուժման հնարավորությունների մասին։
Երբեմն ճողվածքի մեջ հայտնված աղիները կամ ճարպոնը կարող են խիստ սեղմվել, որի պատճառով դրանց արյունամատակարարումը նվազում կամ դադարում է՝ հանգեցնելով աղիքային անանցանելիության և սուր պերիտոնիտի։ Նման դեպքերում ասում են, որ ճողվածքն «օղակվել» և դարձել է «չներուղղվող»։
Օղակված ճողվածքի ժամանակ կարող են զարգանալ հետևյալ լրացուցիչ նշանները՝
- ճողվածքային փքված շրջանի կարմրություն և լարվածություն
- ջերմության բարձրացում
- սրտխառնոց
- փսխումներ
- կտրուկ սկսվող, հարաճուն ուժգնացող և ողջ որովայնով տարածվող ցավեր
- աղիների գործունեության ընդհատում (աղիքային անանցանելիություն)։
Եթե ձեզ մոտ զարգացել են այս ախտանիշներից մեկը կամ մի քանիսը, առանց ուշացնելու տեղեկացրեք ձեր բժշկին կամ այցելեք մոտակա վիրաբուժական բաժանմունք, քանի որ ամենայն հավանականությամբ առաջացել է անհետաձգելի վիրահատության անհրաժեշտություն։
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021