ՄԻԱՎ վարակ և ՁԻԱՀ. պատճառներ
22-05-2018
3 րոպե

ՄԻԱՎ-ն առկա է վարակված մարդու արյան մեջ, սերմնահեղուկում, հեշտոցային արտադրուկում և կրծքի կաթում։
ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի ախտածագումը
Ներթափանցելով օրգանիզմ՝ ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային (պաշտպանական) համակարգը, ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է վարակների և մի շարք չարորակ ուռուցքների դեմ պայքարելու ունակությունը:
ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ ժամանակի ընթացքում զարգանում են մի շարք հիվանդություններ, որոնքիմունային համակարգի բնականոն վիճակի պայմաններում չէին դրսևորվի: Դրանց անվանում են «օպորտունիստական հիվանդություններ»:
Օպորտունիստական հիվանդությունները հիմնականում պայմանական ախտածին բակտերիաներով պայմանավորված վարակներ և չարորակ նորագոյացություններ են: Առավել հաճախ զարգացող օպորտունիստական հիվանդություններից են տուբերկուլոզը, պնևմոցիստային թոքաբորբը, Կապոշիի սարկոման, հերպեսը և սնկային հիվանդությունները:
Օպորտունիստական հիվանդությունների զարգացումը վկայում է, որ ՄԻԱՎ վարակը թևակոխել է իր վերջնային՝ ՁԻԱՀ-ի փուլը, երբ առաջին պլան են մղվում հիվանդության բարդությունները:
Ինչպե՞ս է ՄԻԱՎ-ը վերածվում ՁԻԱՀ-ի
ՄԻԱՎ-ն ախտահարում և ոչնչացնում է արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտներ) տեսակներից մեկը՝ CD4 T լիմֆոցիտները: Հիվանդության զարգացման ընթացքում տեղի է ունենում CD4 T բջիջների քանակի աստիճանական նվազում և դրանց գործունեության խանգարում, ինչի հետևանքով ընկճվում է իմունիտետը: Որքան պակասում են CD4 T բջիջները, այդքան թուլանում է ձեր իմունային համակարգը:
ՁԻԱՀ-ն ախտորոշվում է՝ ելնելով հենց այս բջիջների քանակից: Եթե առողջ մարդու մոտ CD4 T լիմֆոցիտների քանակն արյան 1 մկլ-ում 800-1200 է, ապա ՁԻԱՀ-ի փուլում նվազում է՝ հասնելով մինչև 200 և ավելի ցածր: ՁԻԱՀ-ը նաև հիվանդության այն փուլն է, երբ զարգանում են տարաբնույթ բարդություններ:
ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները
ՄԻԱՎ-ը վարակված մարդուց առողջին կարող է փոխանցվել հետևյալ ճանապարհներով՝
- առանց պահպանակի օգտագործման, չպաշտպանված հեշտոցային (վագինալ) կամ հետանցքային (անալ) սեռական հարաբերություն
- վարակված ասեղների, ներարկիչների և ներարկման պարագաների համատեղ օգտագործում
- վարակված ասեղներով կամ պարագաներով դաջվածքներ (տատու), փիրսինգ և այլ միջամտություններ
- մորից երեխային վարակի փոխանցում հղիության, ծննդաբերության կամ կրծքով կերակրելու ընթացքում
- բերանային (օրալ) սեռական հարաբերություն
- հազվադեպ՝ վերքային մակերեսներով։
Կարևոր է նաև հիշել, որ ՄԻԱՎ-ը չի տարածվում այնպիսի առօրյա գործողություններով, ինչպիսիք են համբուրվելը, բաժակից կամ սպասքից օգտվելը, նորմալ սոցիալական շփումները և զուգարանակոնքը։ ՄԻԱՎ-ը չի տարածվում նաև մոծակի խայթոցով։
Ե՞րբ հետազոտվել
Եթե կարծում եք, որ կարող էիք վարակվել ՄԻԱՎ-ով, առանց երկմտելու դիմեք ձեր բժշկին կամ այցելեք «ՁԻԱՀ-ի կենտրոն»:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն
Հասցե՝ ք.Երևան, Աճառյան 2
Թեժ գիծ՝ 61-08-20
Վեբ կայք՝ www.armaids.am
Եթե անհանգստացած եք ձեր առողջական վիճակով կամ վարակված լինելու կասկածով, մի´ խուսափեք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելուց, որը կարող է լինել նաև անանուն։
ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտությունը առավել կարևոր նշանակություն է ստանում և խորհուրդ է տրվում հետևյալ մարդկանց համար՝
- տղամարդկանց հետ սեռահարաբերվող տղամարդիկ
- ապօրինի ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդիկ
- կոմերցիոն սեքսով զբաղվող մարդիկ
- մարդիկ, ովքեր ունեն սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ (ՍՃՓՀ)։
Հոդվածը վերանայվել է՝ 10-05-2021