Դեղորայքային բուժում ստանալու հետ մեկտեղ կարևոր է ակտիվ դեր ունենալ ձեր սեփական խնամքի մեջ:
Հետևյալ խորհուրդները կարող են օգնել ձեզ, որ ավելի երկար առողջ մնաք:
- Կերեք առողջ սնունդ. hամոզվեք, որ բավարար սնուցում եք ստանում: Թարմ մրգերն ու բանջարեղենը, ամբողջահատիկ ցորենի մթերքները և անյուղ սպիտակուցը օգնում են ձեզ, որ ամուր պահեք ձեր առողջությունը, ավելի շատ ուժ ստանաք և պաշտպանեք ձեր իմունային համակարգը:
- Խուսափեք հում միսից, ձվից և այլ մթերքներից. սննդամթերքով փոխանցվող հիվանդությունները կարող են հատկապես ծանր ընթացք ստանալ ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ: Միսը եփեք այնքան, մինչև լավ պատրաստվի։ Խուսափեք չպաստերիզացված կաթնամթերքից, հում ձվերից և հում ծովամթերքներից, ինչպիսիք են ոստրեները, սուշիները կամ սաշիմիները:
- Ստացեք ճիշտ պատվաստումներ. դրանք կարող են կանխել սովորական վարակները, ինչպիսիք են թոքաբորբը և գրիպը: Ձեր բժիշկը կարող է նաև խորհուրդ տալ այլ պատվաստումներ, այդ թվում՝ մարդու պապիլոմավիրուսի (HPV), հեպատիտ A-ի և հեպատիտ B-ի դեմ: Ոչ ակտիվացված պատվաստանյութերը հիմնականում անվտանգ են, սակայն կենդանի վիրուսներով պատվաստանյութերի մեծ մասը՝ ոչ, որի պատճառը ձեր թուլացած իմունային համակարգն է:
- Հոգ տարեք ձեզ ուղեկից կենդանիների համար. որոշ կենդանիներ կարող են կրել մակաբույծներ, որոնք կարող են վարակել ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց: Կատուների կղանքը կարող է առաջացնել տոքսոպլազմոզ, սողունները կարող են կրել սալմոնելլա, իսկ թռչունները՝ կրիպտոկոկ կամ հիստոպլազմոզ: Ձեռքերը մանրակրկիտ լվացեք տնային կամ ընտանի կենդանիների հետ շփվելուց կամ աղբի տուփը դատարկելուց հետո:
Այլընտրանքային բժշկություն
ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ երբեմն փորձում են սննդային հավելումներ, որոնք գովազդվում են որպես իմունային համակարգն ամրապնդող կամ ՄԻԱՎ-ի դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները մեղմացնող միջոցներ: Այնուամենայնիվ, չկա որևէ գիտական ապացույց, որ ցանկացած սննդային հավելում բարելավում է իմունիտետը, և դրանցից շատերը կարող են խանգարել ձեր ընդունած այլ դեղամիջոցներին: Միշտ ճշտեք ձեր բժշկի հետ՝ նախքան որևէ հավելում կամ այլընտրանքային թերապիա ընդունելը, որպեսզի համոզվեք, որ դեղորայքային փոխազդեցություններ չկան:
Հավելումներ, որոնք կարող են օգտակար լինել
ՄԻԱՎ-ի համար հավելումների արդյունավետության և օգուտների վերաբերյալ քիչ ապացույցներ կան: Սահմանափակ հետազոտություններով որոշ օրինակներ ներառում են այս միջոցները:
- Ացետիլ-L-կարնիտին. հետազոտողները օգտագործել են ացետիլ-Լ-կարնիտին՝ դիաբետով հիվանդ մարդկանց նյարդային ցավը, թմրածությունը կամ թուլությունը (նեյրոպաթիա) բուժելու համար: Այն կարող է նաև թեթևացնել ՄԻԱՎ-ի հետ կապված նեյրոպաթիան, եթե այս նյութի պակաս ունեք:
- Շիճուկի սպիտակուց և որոշակի ամինաթթուներ. վաղ տվյալները ցույց են տալիս, որ շիճուկի սպիտակուցը, որը պանրի կողմնակի արտադրանք է, կարող է օգնել ՄԻԱՎ-ով որոշ մարդկանց քաշ հավաքելուն: L-գլուտամին, L-արգինին և հիդրօքսիմեթիլբուտիրատ (ՀՄԲ) ամինաթթուները նույնպես կարող են օգնել քաշի ավելացմանը:
- Պրոբիոտիկներ. որոշ ապացույցներ կան, որ պրոբիոտիկ Saccharomyces boulardii-ն կարող է օգնել ՄԻԱՎ-ի հետ կապված փորլուծության դեպքում, սակայն այն պետք է օգտագործել միայն ձեր բժշկի ցուցմամբ: Փորլուծության բուժման համար ուսումնասիրվում է նաև խոշոր եղջերավորների խեժը (կաթնագեղձերի արտազատուկ, որն արտադրվում է հղիության վերջին և ծննդաբերությունից հետո առաջին օրերին): Սակայն անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ:
- Վիտամիններ և միներալներ. A, D, E, C և B վիտամինները, ինչպես նաև ցինկ, երկաթ և սելեն միներալները կարող են օգտակար լինել, եթե ունեք դրանց ցածր մակարդակ: Նախ խոսեք ձեր բժշկի հետ, քանի որ որոշ վիտամինների և միներալների չափազանց մեծ քանակությունը կարող է վնասակար լինել:
Հավելումներ, որոնք կարող են վտանգավոր լինել
- Սրոհունդ (зверобой). սա դեպրեսիայի տարածված միջոց է, որը կարող է ավելի քան կեսով նվազեցնել ՄԻԱՎ-իմի քանի տեսակի դեղամիջոցների արդյունավետությունը:
- Սխտորի հավելումներ. չնայած սխտորն ինքնին կարող է օգնել իմունային համակարգի ամրապնդմանը, սխտորի հավելումները կարող են փոխազդել ՄԻԱՎ-ի դեմ որոշ դեղամիջոցների հետ և նվազեցնել դրանց արդյունավետությունը: Ժամանակ առ ժամանակ սննդի հետ սխտոր ուտելն անվտանգ է թվում:
- Կարմիր խմորասնկի բրնձային թուրմ. որոշ մարդիկ օգտագործում են սա խոլեստերինը իջեցնելու համար, սակայն խուսափեք այս հավելումից, եթե ընդունում եք պրոտեազի արգելակիչ կամ ստատին:
Միտք-մարմին մեթոդներ
Ապացուցված է, որ այնպիսի մեթոդները, ինչպիսիք են յոգան, մեդիտացիան և մերսումը, նվազեցնում են սթրեսը, ինչպես նաև ապահովում են թուլացում և բարելավում կյանքի որակը: Թեև դրանք ավելի շատ ուսումնասիրության կարիք ունեն, այս մեթոդները կարող են օգտակար լինել, եթե դուք ապրում եք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024