Մինչ օրս դեռևս չկա ՄԻԱՎ վարակը կանխարգելող պատվաստանյութ, սակայն դուք կարող եք ինչպես ինքներդ ձեզ, այնպես էլ, եթե վարակված եք, ապա՝ մյուսներին պաշտպանել այս վարակից:
ՄԻԱՎ-ով չվարակվելու ուղիները շատ պարզ են՝ սեռական հարաբերության ժամանակ օգտագործեք պահպանակներ և ջրային հիմքով լուբրիկանտներ, երբեք մի օգտագործեք արդեն օգտագործված ասեղներ, ներարկիչներ կամ ներարկման համար նախատեսված այլ պարագաներ և համոզվեք, որ ձեր մարմնի վրա տատու, փիրսինք կամ մեկ այլ միջամտությունը կատարվում է ստերիլ պարագաներով:
ՄԻԱՎ-ի տարածումը կանխարգելելու համար՝
Օգտագործեք բուժումը որպես կանխարգելում. եթե ձեզ մոտ հայտնաբերել են ՄԻԱՎ, վիրուսի դեմ դեղեր ընդունելը կարող է ձեր սեռական զուգընկերոջը պաշտպանել ՄԻԱՎ-ով վարակվելուց: Եթե լաբորատոր հետազոտությամբ պարզվում է, որ հակառետրովիրուսային բուժման (ՀՌԲ) շնորհիվ ձեր արյան վիրուսային բեռնվածությունը նվազել է այնքան, որ հասել է չհայտնաբերվող մակարդակի, նշանակում է դուք այլևս չեք կարող այլ մարդկանց վարակել ՄԻԱՎ-ով: Կարևոր է նաև, որ ձեր դեղերն ընդունեք ճիշտ այնպես, ինչպես նշանակել է բժիշկը և վերջինիս ուղեգրմամբ պարբերաբար անցնեք անհրաժեշտ բոլոր հետազոտությունները:
Օգտագործեք «հետազդեցության կանխարգելումը», եթե ենթարկվել եք ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկին. եթե կարծում եք, որ կարող էիք սեռական հարաբերության, ասեղի միջոցով կամ մեկ այլ ճանապարհով ենթարկվել ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգին, այցելեք ձեր բժշկին կամ ՁԻԱՀ-ի կենտրոն: Նման դեպքից հետո առաջին 72 ժամվա ընթացքում (որքան շուտ՝ այդքան լավ) իրականացվող «կանխարգելիչ բուժումը» կարող է զգալիորեն նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակվելու ձեր ռիսկը: Բժիշկը կարող է նշանակել դեղեր, որոնք պետք է ընդունեք 28 օրվա ընթացքում:
Յուրաքանչյուր սեռական հարաբերության համար օգտագործեք միայն նոր պահպանակ. ինչպես հետանցքային (անալ), այնպես էլ հեշտոցային (վագինալ) յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ օգտագործեք միայն նոր՝ տուփից նոր հանված պահպանակ: Կանայք կարող են նաև օգտագործել «կանացի պահպանակ»: Եթե օգտագործեում եք լուբրիկանտ, համոզվեք, որ պատրաստված է ջրային հիմքի վրա, քանի որ յուղային հիմքով լուբրիկանտները կարող են թուլացնել պահպանակը և դառնալ վերջինիս պատռման պատճառ: Բերանային (օրալ) հարաբերության դեպքում օգտագործեք ոչ լուբրիկանտային միանգամյա օգտագործման պահպանակ կամ «ատամի պահպանակ»:
Մտածեք «նախաազդեցության կանխարգելման» մասին. Էմտրիցիտաբեն/Տենոֆովիր (Տրուվադա) և Էմտրիցիտաբեն/Տենոֆովիր (Դեսկովի) համակցված հակավիրուսային դեղերը խիստ բարձր ռիսկի խմբի մարդկանց մոտ կարող են նվազեցնել սեռական ճանապարհով փոխանցվող ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը: Այս մոտեցումը կարող է ՄԻԱՎ-ով վարակվելու ձեր ռիսկը կրճատել ինչպես սեռական ճանապարհով (90%-ով), այնպես էլ՝ ներերակային թմրամիջոցների օգտագործման միջոցով (70%-ով) փոխանցման դեպքում: Բժիշկն այս դեղամիջոցները դուրս է գրում զուտ ՄԻԱՎ-ի կանխարգելման, այլ ոչ թե բուժման համար: ՄԻԱՎ-ը հաստատվելու համար անհրաժեշտ է լաբորատոր հետազոտություն: Հիշեք նաև, որ ՄԻԱՎ-ի դեղերը ձեզ չեն պաշտպանում այլ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից (ՍՃՓՀ):
Տեղեկացրեք սեռական զուգընկերոջը, եթե ունեք ՄԻԱՎ. կարևոր է, որ ներկա և անցյալ սեռական զուգընկերներին տեղեկացնեք ձեր ՄԻԱՎ-դրական կարգավիճակի մասին: Շատ հավանական է, որ նրանք նույնպես հետազոտվելու կարիք ունեն:
Օգտագործեք միայն ստերիլ ներարկման ասեղներ և պարագաներ. եթե օգտագործում եք ներարկային թմրամիջոցներ, ապա համոզվեք, որ ձեր ներարկման ասեղները, ներարկիչները և մյուս պարագաները ստերիլ են: Խուսափեք ընկերների հետ ասեղները, ներարկիչները կամ պարագաները համատեղ օգտագործելուց: Օգտվեք ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց համար նախատեսված վնասի նվազեցման ծրագրերից, որոնք կարող են տրամադրել ստերիլ ներարկիչներ, պահպանակներ. օգտակար այլ պարագաներ և տեղեկատվական-կրթական նյութեր:
Եթե հղի եք, անպայման դիմեք բուժծառայություն. եթե ՄԻԱՎ-դրական հղի կին եք, կարող եք վարակը փոխանցել ձեր պտղին: Սակայն, եթե հղիության ընթացքում հնարավորինս շուտ ստանում եք ՀՌԲ, ձեր երեխային վարակելու ռիսկը զգալիորեն կրճատվում է:
Տղամարդկանց թլպատում. կան որոշ հետազոտություններ, որոնց արդյունքները վկայում են, որ տղամարդկանց թլպատումը կարող է օգնել ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկի նվազեցմանը:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։