ՄԻԱՎ վարակ և ՁԻԱՀ. ախտանիշներ
22-05-2018
2 րոպե

ՄԻԱՎ-ով վարակվելիս մարդկանց մեծ մասի մոտ որևէ գանգատ կամ նշան չի առաջանում կամ կարող են զարգանալ թույլ գրիպանման ախտանիշներ։
Նման դեպքերում ՄԻԱՎ-ը վիրուսային այլ վարակներից տարբերակելը խիստ դժվարանում է։
ՄԻԱՎ-ի վաղ ախտանիշները հաճախ սկսվում են վարակվելուց 10-14 օր անց։ Այս շրջանում (կոչվում է «սերոկոնվերսիոն» փուլ) կարող են ի հայտ գալ հետևյալ գանգատները՝
- ջերմության բարձրացում
- ընդհանուր թուլություն
- գլխացավ
- մկանա-հոդացավեր
- ցավեր ըմպանում
- պարանոցի, թևատակի և աճուկային շրջանների ավշային գեղձերի այտուցվածություն
- մաշկային ցան։
Այս նշանները շուտով վերանում են, սակայն ՄԻԱՎ-ը մնում է վարակված մարդու օրգանիզմում։
ՄԻԱՎ-ի վաղ նշանները կարող են պատճառվել նաև այլ հիվանդություններով։ Սակայն, եթե դուք կարծում եք, որ կարող էիք վարակվել ՄԻԱՎ-ով, առանց ուշացնելու դիմեք ձեր բժշկին կամ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն։
ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը կարող է բարձրանալ, եթե՝
- սեռական հարաբերություն ունենալիս չեք օգտագործում պահպանակ
- տղամարդ եք և սեռական հարաբերություն եք ունեցել տղամարդու հետ
- սեռական հարաբերություն եք ունեցել այպիսի մարդկանց հետ, ովքեր ժամանել են ՄԻԱՎ-ի բարձր տարածվածությամբ երկրներից
- օգտագործում եք ապօրինի կամ տնայնագործական մեթոդներով պատրաստված ներարկային թմրամիջոցներ և դրանց ստանում եք ոչ ստերիլ ներարկիչներով
- սեռական հարաբերություն եք ունեցել այնպիսի մարդու հետ, ով ՄԻԱՎ-ով վարակվելու բարձր ռիսկի խմբում է
- ձեզ մոտ կամ ձեր սեռական զուգընկերոջ մոտ առկա է որևէ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն (ՍՃՓՀ)։
Հոդվածը վերանայվել է՝ 22-04-2021