Ցածր արյան ճնշման ախտանիշները տարբեր մարդկանց մոտ կարող են լինել տարբեր՝ կախված հիպոտենզիայի բնույթից ու պատճառից, զարգացման արագությունից և ընդհանուր առողջական վիճակից։
Ցածր արյան ճնշման ախտանիշները կարող են ներառել՝
- մշուշոտ կամ մթնող տեսողություն
- գլխապտույտ կամ նախաուշագնացություն (պրեսինկոպե)
- ուշագնացություն (սինկոպե)
- թուլություն
- ուշադրության պակաս
- սրխառնոց:
Որոշ մարդկանց մոտ ցածր արյան ճնշումը կարող է լինել առկա առողջական խնդրի ախտանիշներից մեկը, հատկապես, եթե այն ընկնում է հանկարծակի կամ ուղեկցվում է գանգատներով:
Արյան ճնշման հանկարծակի անկումը կարող է լինել վտանգավոր: Ընդամենը 20 մմ ս.ս.–ով փոփոխությունը, օրինակ՝ սիստոլիկ ճնշման 110 մմ ս.ս.–ից մինչև 90 մմ ս.ս. նվազելը կարող է առաջացնել գլխապտույտ և ուշագնացություն: Արյան ճնշման ավելի մեծ անկումները, օրինակ՝ չկարգավորվող արյունահոսության, ծանր վարակների կամ ալերգիկ ռեակցիաների ժամանակ, կարող է լինել կյանքին սպառնացող:
Ծայրաստիճան ցածր արյան ճնշումը կարող է բերել անհետաձգելի բուժօգնություն պահանջող մի վիճակի, որը հայտնի է որպես շոկ: Շոկի ախտանիշներից են՝
- շփոթվածություն, հատկապես տարեցների մոտ
- սառը, կպչուն մաշկ
- մաշկի գունատություն
- արագացած մակերեսային շնչառություն
- թույլ և արագացած անոթազարկ (պուլս):
Շոկի զարգացումը վկայում է այն մասին, որ առկա է հյուսվածքային արյան hոսքի լրջագույն խանգարում, որը հանգեցրել է բջիջների թթվածնաքաղցի:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ունեք խիստ ցածր արյան ճնշման կամ շոկի ախտանիշներ, առանց ուշացնելու զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:
Բազմաթիվ բժիշկներ արյան ճնշումը համարում են խիստ ցածր միայն այն դեպքերում, եթե այն առաջացնում է ախտանիշներ: Եզակի թեթև գլխապտույտը կամ նախաուշագնացությունը կարող են ի հայտ գալ բազմաթիվ պատճառներից, օրինակ՝ երկար ժամանակ արևի տակ մնալուց կամ խիստ տաք ջակուզիում պառկելուց: Բոլոր դեպքերում բժշկին այցելելը կարևոր է, որ ախտորոշում ճիշտ լինի:
Եթե ունեք կայուն ցածր զարկերակային ճնշում, բայց ձեզ լավ եք զգում, բժիշկը հավանաբար կբավարարվի հերթական ստուգայցների ընթացքում արյան ճնշման վերահսկմամբ: Բժշկին կարող է օգտակար լինել, եթե գրանցեք ձեր գանգատները, օրինակ՝ երբ են դրանք առաջացել և ինչ էիք անում այդ ժամանակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-03-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024