Առանց ախտանիշների կամ միայն թեթև ախտանիշներով ցածր արյան ճնշումը (հիպոտենզիա) հազվադեպ է բուժում պահանջում:
Եթե ցածր արյան ճնշումն առաջացնում է ախտանիշներ, բուժումը կախված է պատճառից: Օրինակ, եթե դեղամիջոցն առաջացրել է ցածր արյան ճնշում, բժիշկը կարող է խորհուրդ տալ փոփոխել կամ դադարեցնել տվյալ դեղի ընդունումը կամ կրճատել դեղաչափը: Նկատի ունեցեք, որ այս քայլերը պետք է արվեն միայն բժշկի հետ քննարկելուց հետո:
Եթե այնքան էլ պարզ չէ, թե ինչ պատճառով է արյան ճնշումը նվազել, բուժման նպատակը ճնշումը բարձրացնելն է և ախտանիշների մեղմացումը: Կախված տարիքից, ընդհանուր առողջական վիճակից և հիպոտենզիայի տեսակից, բժիշկը կարող է առաջարկել մի շարք մոտեցումներ:
- Օգտագործեք ավելի շատ աղ. փորձագետները սովորաբար խորհուրդ են տալիս սահմանափակել սննդի մեջ կերակրի աղի (նատրիում) քանակները, քանի որ այն կարող է բարձրացնել արյան ճնշումը (երբեմն՝ զգալի կերպով): Սակայն, ցածր արյան ճնշմամբ մարդկանց աղը կարող է օգտակար լինել: Այնուամենայնիվ, նատրիումի խիստ մեծ քանակները, հատկապես մեծ տարիքով մարդկանց մոտ, կարող է բերել սրտային անբավարարության: Հետևաբար, մինչև ձեր սննդակարգում աղ ավելացնելը զրուցեք բժշկի հետ:
- Խմեք ավելի շատ ջուր. հեղուկները մեծացնում են արյան ծավալը և օգնում ջրազրկման կանխարգելմանը: Այս երկուսն էլ կարևոր են հիպոտենզիայի բուժման համար: Կրկին, պետք է ուշադիր լինել կամ խուսափել առատ հեղուկներից, եթե առկա է սրտային անբավարարություն:
- Հագեք սեղմող (կոմպրեսիոն) գուլպաներ. էլաստիկ գուլպաներն ավելի հաճախ օգտագործվում են վարիկոզ երակներին ուղեկցող ցավը և այտուցը մեղմացնելու համար: Դրանք բարելավում են ոտքերից դեպի սիրտ արյան ետհոսքը: Այս գուլպաները կիպ գրկում են ոտքերը և սահմանափակում արյունատար անոթների լայնացումը՝ օգնելով ցածր արյան ճնշման կարգավորմանը:
- Դեղամիջոցներ. որոշ դեղեր կարող են նշանակվել, երբ արյան ճնշումն ընկնում է արագ ոտքի կանգնելիս (կոչվում է օրթոստատիկ կամ պոստուրալ հիպոտենզիա)։ Օրինակ, Ֆլուդրոկորտիզոնը, որը մեծացնում է արյան ծավալը, հաճախ օգտագործվում է օրթոստատիկ հիպոտենզիայի բուժման մեջ: Եթե ունեք քրոնիկ օրթոստատիկ հիպոտենզիա, բժիշկը կարող է նշանակել Միդոդրին (Օրվատեն), որը սահմանափակում է արյունատար անոթների լայնացման ունակությունը և կանխարգելում դիրքի կտրուկ փոփոխության հետ կապված զարկերակային ճնշման անկումները:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-03-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024