Երկաթ-դեֆիցիտային անեմիա. բուժում
14-04-2021
2 րոպե

Երկաթ-դեֆիցիտային անեմիայի բուժման համար բժիշկը կարող է խորհուրդ տալ երկաթի հավելումների ընդունում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև երկաթի դեֆիցիտ առաջացնող պատճառի բուժում:
Երկաթի հավելումներ
Ձեր օրգանիզմում երկաթի պաշարները լրացնելու համար բժիշկը կարող է նշանակել երկաթի հաբեր: Նորածինների և երեխաների համար երկաթի պատրաստուկներն առկա են նաև հեղուկ դեղաձևերով: Բժիշկը ձեզ նաև կհրահանգավորի, որ՝
- երկաթի հաբերն ընդունեք քաղցած վիճակում
- երկաթի պատրաստուկները չզուգակցեք անտացիդների հետ (ստամոքսի թթվայնությունը նվազեցնող դեղեր)
- երկաթի հաբերն ընդունեք վիտամին C-ի հետ (վերջինս բարելավում է բարակ աղիներում երկաթի ներծծումն արյան հուն):
Նկատի ունեցեք, որ երկաթի հավելումները կարող են առաջացնել փորկապություն և գուցե կարիք առաջանա ավելացնել աղիների պարունակությունն ավելի փափուկ դարձնող լրացուցիչ միջոցներ: Երկաթը նաև կարող է կղանքը դարձնել սև, որն ինքնին անվնաս կողմնակի երևույթ է:
Հիշեք նաև, որ երկաթի պակասը հնարավոր չէ մեկ գիշերվա մեջ շտկել: Դուք հավանաբար կարիք կունենաք երկաթի հավելումներն ընդունել մի քանի ամսվա կամ ավելի երկար ժամանակի ընթացքում, որ լիարժեք լրացնեք ձեր օրգանիզմի երկաթի պաշարները: Ընդհանուր առմամբ, ինքնազգացողությունը կարող է բարելավվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում, բայց սա չի նշանակում, որ առանց բժշկին տեղեկացնելու կարող եք ինքնուրույն դադարեցնել ձեր բուժումը:
Երկաթի դեֆիցիտի պատճառների բուժում
Եթե երկաթի հավելումները չեն բարձրացնում ձեր արյան երկաթի մակարդակները, հավանական է, որ առկա է քրոնիկ արյունահոսության աղբյուր կամ աղիներում երկաթի ներծծման խնդիր, որը պահանջում է լրացուցիչ հետազոտություն և բուժում:
Կախված պատճառից, երկաթ-դեֆիցիտային անեմիայի բուժումը կարող է ներառել՝
- դեղամիջոցներ, օրինակ՝ ներքին ընդունման հակաբեղմնավորիչներ, եթե նպատակն առատ դաշտանային արյունահոսությունը մեղմացնելն է
- հակաբիոտիկներ և այլ դեղամիջոցներ, օրինակ՝ պեպտիկ խոցերը բուժելիս
- վիրհատություն, օրինակ՝ արյունահոսող պոլիպի, ուռուցքի կամ արգանդի միոմայի հեռացում:
Ծանր երկաթ-դեֆիցիտային անեմիայի ժամանակ կարող է առաջանալ երկաթի ներերակային ներմուծման կամ արյան փոխներարման անհրաժեշտություն (երկաթի և հեմոգլոբինի արագ փոխարինում):
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022