Առողջական խնդիրներ
Հետանցքի շրջանի քոր

2 րոպե
Հետանցքի շրջանի քորը տհաճություն և անհարմարության զգացում (դիսկոմֆորտ) առաջացնող գանգատ է:
Սա ոչ հազվադեպ հանդիպող ախտանիշ է, որը թեև կարող է ստանալ տանջալի բնույթ, սակայն հեշտությամբ բուժվում է, եթե ժամանակին հայտնաբերվում և վերացվում է պատճառը: Հետանցքի շրջանի քորը լատիներեն անվանում են «պրուրիտուս անի»:
Պատճառները
Հետանցքի կամ հետանցքի հարակից շրջանների քորը կարող է ունենալ տարբեր պատճառներ, որոնցից ամենահաճախ հանդիպողներն են՝
- կղանքի կամ արտաթորանքների մնացուկներով մաշկի գրգռում, որը կարող է տեղ գտնել փորլուծության, փորկապության, անկղապահության ժամանակ
- վարակներ, այդ թվում՝ սեռական կամ գոտևորող հերպես, բակտերիաներ
- աղիքային մակաբույծներ, օրինակ՝ սրատուտ
- թութք (հեմորոյ), հետանցքի շրջանի գորտնուկ, խիստ հազվադեպ՝ քաղցկեղ
- գերքրտնոտություն
- մաշկի հիվանդություններ, օրինակ՝ փսորիազ, կոնտակտային մաշկաբորբ (երբ հետանցքի մաշկը գրգռվում է օճառներից, քսուքներից կամ ոչ փափուկ և անհարթ զուգարանի թղթից):
Հետանցքի շրջանի քորի ամենատարածված պատճառներից մեկն այս շրջանի գերխնամքն է: Փորձեք խուսափել օճառներից, շամպուններից և օճառային այլ նյութերից, որոնք կարող են հեռացնել մաշկի բնակական պաշտպանիչ ճարպաշերտը և նպաստել մաշկի գրգռմանը: Երկարատև տաք ցնցուղները կամ լոգանքները նույնպես կարող են դառնալ պուրիտուս անիի պատճառ:
Հետանցքի քորի ինքնաբուժում
Կան հետանցքի շրջանի քորը մեղմացնող մի շարք միջոցներ:
- Աշխատեք չքորել (հիշեք, որ քորելով դուք ավելի եք գրգռում մաշկը և էլ ավելի սաստկացնում քորի զգացումը): Ծայրահեղ դեպքում մի քերծեք և մի վնասեք հետանցքի շրջանի մաշկը:
- Աղիները դատարկելուց հետո հետանցքի շրջանը մեղմ կերպով լվացեք գոլ մաքուր ջրով: Մի փորձեք տրորել հետանցքի շրջանը: Նույն կերպ, լվանալուց հետո տվյալ շրջանը չորացրեք նուրբ մաքուր սրբիչով՝ առանց քսելու կամ տրորելու այդ շրջանի մաշկը:
- Կրեք ազատ և բամբակե ներքնազգեստ:
- Խուսափեք գրգռող սննդից, օրինակ՝ կոֆեին, ալկոհոլ, լոլիկ, կծու և թթու սննդամթերքներ, ցիտրուսային մրգեր
- ընտրեք զգայուն մաշկի համար նախատեսված հիգիենիկ միջոցներ՝ օճառ, քսուքներ, զուգարանի թուղթ և այլն
- եթե մինչ այժմ չեք անցել առողջ սննդակարգին, ապա արեք դա և դարձեք ֆիզիկապես ակտիվ, որոնք կկարգավորեն ձեր աղիների գործունեությունը և կնպաստեն կղանքի փափկացմանը:
Ե՞րբ այցելել բժշկին
- Դուք նկատել եք հետանցքային արյունահոսություն:
- Դուք որևէ գաղափար չունեք այն մասին, թե ինչը կարող էր հարուցել նման գանգատը:
- Քորը դարձել է խիստ ուժգին և տանջալի:
- Ձեր գանգատը շարունակվում է ավելի քան մեկ ամիս:
Նման դեպքերում ձեր բժիշկը կզննի ձեզ, կպարզի ձեզ անհանգստացնող գանգատների պատճառը և կնշանակի համապատասխան բուժում:
Հոդվածը տեղադրվել է՝ 20-07-2018 վերանայվել է՝ 07-04-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: