Գոյություն չունի որևէ եզակի թեստ կամ հետազոտություն, որը կարող է ախտորոշել Կավասակի հիվանդությունը:
Ախտորոշումը ներառում է նույն ախտանիշներն առաջացնող այլ հիվանդությունների բացառումը, որոնցից են՝
- քութեշ
- պատանեկան (յուվենիլ) ռևմատոիդ արթրիտ
- Ստիվեն-Ջոնսոնի համախտանիշ՝ լորձաթաղանթների հիվանդություն
- տոքսիկ շոկային համախտանիշ
- կարմրուկ
- որոշ հիվանդություններ, որոնք տարածվում են տզերի միջոցով, օրինակ՝ ժայռոտ լեռների բծավոր տենդ:
Ձեր երեխայի բուժմամբ զբաղվող մասնագետները կանցկացնեն ֆիզիկական քննություն (բուժզննում) և կնշանակեն արյան և մեզի թեստեր և այլ գործիքային հետազոտություններ, որոնք կարող են օգնել ախտորոշմանը:
- Արյան թեստեր. արյան թեստերն օգնում են բացառել այլ հիվանդությունները և ստուգել արյան բջիջների քանակը: Արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտների) բարձր քանակությունը, սակավարյունությունը (անեմիա) և բորբոքումը (օրինակ՝ C-ռեակտիվ սպիտակուցի բարձր մակարդակը) Կավասակի հիվանդության նշաններ են:
- Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ). այս արագ և անցավ հետազոտությունը ստուգում է սրտի էլեկտրական ակտիվությունը: Այն ցույց է տալիս, թե ինչպես է սիրտը կծկվում: Կպչուն սենսորները, որոնք կոչվում են էլեկտրոդներ, ամրացվում են կրծքավանդակին, երբեմն՝ ձեռքերին կամ ոտքերին: Լարերը էլեկտրոդները միացնում են սարքին, որը տպում կամ ցուցադրում է արդյունքները: ԷՍԳ-ն կարող է ախտորոշել անկանոն սրտազարկը (առիթմիա): Կավասակի հիվանդությունը կարող է առաջացնել սրտի ռիթմի հետ կապված խնդիրներ:
- Էխոսրտագրություն (սրտի էխո). այս հետազոտությունն օգտագործում է ձայնային ալիքներ՝ շարժման մեջ գտնվող սրտի պատկերներ ստեղծելու համար: Այն ցուցադրում է, թե ինչպես է արյունը հոսում սրտի և սրտի փականների միջով: Էխոսրտագրությունը թույլ է տալիս գնահատել, թե որքան արդյունավետ է կծկվում սիրտը: Այն նաև կարող է օգնել սրտի զարկերակների հետ կապված խնդիրների հայտնաբերմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024