Կավասակի հիվանդության բուժումը պետք է սկսել հնարավորինս շուտ, երբ ձեր երեխան դեռ ջերմություն ունի:
Կավասակի հիվանդության բուժումը հաճախ կազմակերպվում է հիվանդանոցում: Բուժման նպատակներն են իջեցնել ջերմությունը, նվազեցնել այտուցը և կանխել սրտի ախտահարումը:
Դեղորայքային բուժում
Կավասակի հիվանդության բուժումը կարող է ներառել հետևյալը:
- Գամա գլոբուլին․ գամմա գլոբուլին կոչվող սպիտակուցը տրվում է երակով։ Այս բուժումը մեղմացնում է արունատար անոթների բորբոքումը: Այն կարող է նվազեցնել սրտի զարկերակի հետ կապված խնդիրների ռիսկը: Բուժման դեպքում երեխան կարող է սկսել լավանալ գամմա գլոբուլինային մեկ բուժումից անմիջապես հետո: Առանց բուժման Կավասակիի հիվանդությունը տևում է մոտ 12 օր։ Այնուամենայնիվ, սրտային բարդությունները կարող են ավելի երկար տևել: Գամմա գլոբուլին ստանալուց հետո անհրաժեշտ է սպասել առնվազն 11 ամիս կենդանի, օրինակ՝ ջրծաղիկի կամ կարմրուկի դեմ պատվաստանյութ ստանալու համար: Գամմա գլոբուլինը կարող է ազդել այս պատվաստանյութերի արդյունավետության վրա:
- Ասպիրին. Ասպիրինի բարձր դեղաչափերը կարող են օգնել բորբոքման բուժմանը: Ասպիրինը նաև կարող է նվազեցնել ցավը, հոդերի այտուցը և ջերմությունը: Ասպիրինի դեղաչափերը, հավանաբար, կիջեցվեն, երբ ջերմության նորմալացումը շարունակվի մոտ 48 ժամ: Կան բազմաթիվ այլ վիճակներ, երբ երեխաներին Ասպիրին պետք է չնշանակվի: Ասպիրինը կապված է Ռեյի համախտանիշի հետ, որը գրիպ կամ ջրծաղիկ ունեցող երեխաների կամ դեռահասների մոտ հազվադեպ հանդիպող, սակայն՝ կյանքին սպառնացող վիճակ է: Բժիշկը պետք է վերահսկի Կավասակի հիվանդությամբ երեխաների Ասպիրինով բուժումը: Երեխաները, ովքեր բուժման ընթացքում հիվանդանում են գրիպով կամ ջրծաղիկով, պետք է դադարեցնեն Ասպիրին ստանալը:
Առաջին բուժումից հետո
Երբ ջերմությունն իջնում է, երեխան կարող է նվազագույնը վեց շաբաթվա ընթացքում ցածր դեղաչափերով Ասպիրին ընդունել: Սա կարող է ավելի երկար լինել, եթե հայտնաբերվել են սրտային զարկերակի հետ կապված խնդիրներ: Ասպիրինն օգնում է արյան մակարդուկների (թրոմբների) ձևավորման կանխարգելմանը։
Սրտային խնդիրների վերահսկում
Եթե ձեր երեխան ունի սրտային խնդիրների որևէ նշան, բժիշկը կարող է առաջարկել լրացուցիչ հետազոտություններ՝ վերահսկելու ձեր երեխայի սրտի առողջությունը: Հետազոտությունները հաճախ կատարվում են հիվանդության սկսվելուց 6-8 շաբաթ անց, այնուհետև՝ նորից վեց ամիս հետո:
Եթե սրտի հետ կապված խնդիրները շարունակվեն, ձեր երեխան կարող է ուղարկվել մանկական սրտաբանի մոտ, ով բուժում է երեխաների սրտային հիվանդությունները: Կավասակի հիվանդության հետ կապված սրտային խնդիրների բուժումը կախված է սրտի ախտահարման տեսակից:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024