Կելոիդ սպիների բուժումը ներառում է մի քանի տարբերակներ:
Դրանցից մեկնումեկը կամ տարբեր մեթոդների զուգակցումը կարող է ձեր իրավիճակի համար լինել լավագույնը: Այնուամենայնիվ, նույնիսկ կելոիդի հաջող հարթեցումից կամ հեռացումից հետո այն կարող է նորից աճել՝ երբեմն դառնալով ավելի մեծ, քան նախկինն էր: Կամ ձեզ մոտ կարող են առաջանալ նոր կելոիդներ:
- Վերքերի խնամք. ավելի նոր կելոիդների դեպքում բուժման առաջին տարբերակը կարող է լինել առաձգական գործվածքից կամ այլ նյութերից պատրաստված ճնշող (կոմպրեսիոն) վիրակապ օգտագործելը: Այս մեթոդը նաև կիրառվում է կելոիդների հեռացման վիրահատությունից հետո։ Նպատակն է նվազեցնել կամ կանխել սպիի ձևավորումը՝ ճնշում գործադրելով լավացող վերքի վրա: Արդյունավետ լինելու համար նման վիրակապերը պետք է կրել օրական 12-ից 24 ժամ՝ 4-6 ամսվա ընթացքում: Այս մեթոդը կարող է մեծ անհարմարություն ստեղծել։
- Կորտիկոստերոիդային նրբաքսուք (կրեմ). կորտիկոստերոիդային նրբաքսուք կիրառելը կարող է օգնել քորի մեղմացմանը:
- Ներարկային դեղամիջոցներ. եթե ունեք ավելի փոքր կելոիդ, ձեր բժիշկը կարող է փորձել կրճատել դրա հաստությունը՝ կելոիդի մեջ ներարկելով Կորտիզոն կամ մեկ այլ ստերոիդ: Հավանաբար, ձեզ անհրաժեշտ կլինի ստանալ ամսական ներարկումներ մինչև վեց ամսվա ընթացքում՝ մինչև սպիի հարթեցումը: Կորտիկոստերոիդների ներարկումների հնարավոր կողմնակի ազդեցություններից են՝ մաշկի բարակում, սարդային երակներ և մաշկի գույնի մշտական փոփոխություն (հիպոպիգմենտացիա կամ հիպերպիգմենտացիա):
- Սպիի սառեցում. փոքր կելոիդները կարող են փոքրացվել կամ հեռացվել՝ սառեցնելով հեղուկ ազոտով (կրիոթերապիա): Կարող են անհրաժեշտ լինել կրկակի միջամտություններ: Կրիոթերապիայի հնարավոր կողմնակի ազդեցություններից են՝ բշտիկների առաջացում, ցավ և մաշկի գույնի կորուստ (հիպոպիգմենտացիա):
- Լազերային բուժում. ավելի մեծ կելոիդները կարող են հարթեցվել պուլսային ներկանյութերի լազերային սեանսների միջոցով: Այս մեթոդը նաև օգտակար է քորը թեթևացնելու և կելոիդների կրճատման համար: Նմանատիպ ներկանյութերով լազերային թերապիան իրականացվում է մի քանի սեանսների ընթացքում՝ միջև 4-ից 8 շաբաթ ընդմիջումներով: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ լազերային թերապիան համատեղել Կորտիզոնի ներարկումների հետ: Հնարավոր կողմնակի ազդեցությունները, որոնք ավելի տարածված են ավելի մուգ մաշկ ունեցող մարդկանց մոտ, ներառում են՝ հիպոպիգմենտացիա կամ հիպերպիգմենտացիա, բշտիկների առաջացում և մաշկի կեղևակալում:
- Ճառագայթային թերապիա. ցածր մակարդակի ռենտգենյան ճառագայթումը միայնակ կամ կելոիդի վիրահատական հեռացումից հետո կարող է օգնել սպիական հյուսվածքի կրճատմանը կամ նվազագույնի հասցնելուն: Կարող են անհրաժեշտ լինել կրկակի ռադիոթերապիաներ: Ճառագայթային թերապիայի հնարավոր կողմնակի ազդեցություններից են՝ մաշկային բարդություններ և երկարաժամկետ հեռանկարում՝ քաղցկեղ:
- Վիրահատական հեռացում. եթե ձեր կիլոիդը չի արձագանքել այլ բուժումներին, բժիշկը կարող է խորհուրդ տալ հեռացնել այն վիրահատության միջոցով՝ այլ մեթոդների հետ համատեղ: Միայն վիրահատության ենթարկվելն ունի կելոիդի կրկնության բարձր՝ 45% -ից մինչև 100% հաճախականություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-08-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024