Առողջական խնդիրներ
Պիելոնեֆրիտ (երիկամների վարակ)

2 րոպե
Պիելոնեֆրիտը երիկամների վարակային բորբոքումն է՝ հարուցված ախտածին բակտերիաներով:
Պիելոնեֆրիտը կամ երիկամների վարակային բորբոքումը բերում է ինքնազգացողության վատթարացման, որը ժամանակին և պատշաճ բուժման շնորհիվ կարող է հեշտությամբ վերանալ:
Եթե կարծում եք, որ ձեզ մոտ առկա է պիելոնեֆրիտ, հնարավորինս շուտ այցելեք ձեր բժշկին, այլապես, ուշացման կամ բուժումից դուրս մնալու դեպքում կարող է զարգանալ երիկամների քրոնիկ անդառնալի ախտահարում:
Պիելոնեֆրիտի տեսակները
Պիելոնեֆրիտները կարող են լինել սուր կամ քրոնիկ: Երբ պիելոնեֆրիտի նշանները զարգանում են արագ և բուժմանը զուգընթաց մեղմանում և վերանում են, ուրեմն խոսքը սուր պիելոնեֆրիտի մասին է:
Հակառակ սրան, քրոնիկ պիելոնեֆրիտը կարող է զարգանալ դանդաղ, անգամ՝ աննկատ, իսկ ախտանիշները, բուժումից անկախ, մնան ողջ կյանքի ընթացքում: Պատճառն այն է, որ քրոնիկ պիելոնեֆրիտը բերում է երիկամների անդառնալի փոփոխությունների: Քրոնիկ պիելոնեֆրիտը հաճախ զարգանում է, երբ ինչ-ինչ պատճառներով մեզը միզուղիներով բարձրանալով՝ միզապարկից հասնում է երիկամներ՝ իր հետ դեպի երիկամներ տարածելով նաև ստորին միզուղիներում առկա վարակը: Քրոնիկ պիելոնեֆրիտը տարիների ընթացքում կարող է ավարտվել երիկամային անբավարարությամբ:
Ի՞նչն է պիելոնեֆրիտի պատճառը
Պիելոնեֆրիտը սովորաբար պատճառվում է բակտերիաներով (մանրէներ), որոնք կարող են երիկամ թափանցել միզապարկից:
Միզուղիների խցանումները (քարեր և այլ), ինչպես օրգանիզմի դիմադրողականությունն ընկճող տարբեր քրոնիկ հիվանդությունները (օրինակ՝ դիաբետ) բարձրացնում են պիելոնեֆրիտի զարգացման հավանականությունը:
Պիելոնեֆրիտի ախտանիշները
Պիելոնեֆրիտի դեպքում դուք կարող եք ունենալ հետևյալ գանգատները կամ նշանները՝
- երիկամային ցավ, որը տեղակայվում է ձեր գոտկատեղից վերև (վերջին կողերից քիչ ներքև), ախտահարված երիկամի շրջանում՝ մեկ կամ երկու կողմերից
- սրտխառնոց և փսխումներ
- ջերմության բարձրացում կամ դողով ու սարսուռով ուղեկցվող տենդ
- տհաճ հոտով պղտոր մեզ կամ արյունամիզություն
- միզելուց այրոցի զգացում
- սովորականից հաճախացած միզելու ցանկություն:
Պիելոնեֆրիտի ախտորոշումը
Պիելոնեֆրիտի վերաբերյալ կասկած ունենալու դեպքում բժիշկը ձեզ հետ զրուցելուց և զննելուց հետո կարող է նշանակել որոշ հետազոտություններ:
Մեզի թեստը կարող է օգնել պարզելու, թե արդյոք ձեզ մոտ կա՞ միզուղիների վարակ:
Ձեզ կարող է նշանակվել նաև միզասեռական համակարգի սոնոգրաֆիա՝ գնահատելու երիկամների ընդհանուր անատոմիական վիճակը և, եթե առկա է, հայտնաբերելու միզուղիների խցանման հավանական պատճառները (քար և այլն):
Ձեզ կարող է նշանակվել նաև արյան թեստեր՝ գնահատելու երիկամների գործունեությունը կամ ստուգելու արյան մեջ վարակների առկայությունը:
Վերջապես, որոշ դեպքերում կարող է օգտակար տվյալներ տրամադրել նաև համակարգչային շերտագիրը (ԿՏ):
Պիելոնեֆրիտի բուժումը
Պիելոնեֆրիտը սովորաբար պահանջում է հիվանդանոցային բուժում: Սուր դեպքերում ձեզ կարող են նշանակել հակաբիոտիկներ (սկզբում՝ կաթիլային և լավացման փուլում՝ խմելու ձևով):
Ցավերի դեպքում կարող են օգնել ցավամոքիչ դեղերը:
Եթե պիելոնեֆրիտի պատճառը միզուղիները խցանող քարն է, ձեզ կարող է առաջարկվել անհետաձգելի վիրահատություն:
Պիելոնեֆրիտի կանխարգելումը
Պիելոնեֆրիտի ռիսկը կարելի է նվազեցնել՝ մեծացնելով խմվող ջրի քանակները և ժամանակին բուժելով միզուղիների վարակը: Եթե կարծում եք, որ միզուղիների վարակային հիվանդությունները կարող են առաջանալ սեռական հարաբերության պատճառով, դրանից անմիջապես հետո շտապեք զուգարան՝ միզելու: Եթե ունեք դիաբետ, բժշկի նշանակումներին հետևելը կարող է նվազեցնել հիվանդության առաջացումը:
Հոդվածը տեղադրվել է՝ 05-05-2018 վերանայվել է՝ 24-01-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: