Lարինգիտի ախտանիշները սովորաբար տևում են մինչև մի քանի շաբաթ և պատճառվում են վիրուսով:
Ավելի հազվադեպ լարինգիտի ախտանիշներն ի հայտ են գալիս ավելի լուրջ պատճառով կամ ձգվում ավելի երկար:
Լարինգիտի ախտանիշները կարող են ներառել՝
- ձայնի խռպոտացում կամ կոշտացում
- ձայնի թուլացում կամ կորուստ
- կոկորդում խուտուտի և քերծման զգացողություն
- կոկորդում ցավ
- կոկորդում չորություն
- չոր հազ:
Ե՞րբ դիմել բժշկին
Լարինգիտի սուր դեպքերի մեծ մասը կարող է բուժվել տնային միջոցներով, օրինակ՝ ձայնի հանգստացում («ձայնային ռեժիմ») և առատ հեղուկների օգտագործում: Սուր լարինգիտի ընթացքում ուժեղ ձայնի օգտագործումը կարող է վնասել ձայնալարերը:
Պայմանավորվեք և այցելեք բժշկին, եթե լարինգիտի ախտանիշները շարունակվում են ավելի քան 2 շաբաթ:
Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ունեք՝
- դժվարաշնչություն
- արյունային հազ
- կայուն ջերմություն
- շաբաթների ընթացքում կոկորդի ցավի ուժգնացում։
Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ձեր երեխան ունի՝
- ներշնչելիս աղմկոտ և սուր շնչառական ձայներ (ստրիդոր), ձայնի խռպոտություն և հաչոցանման հազ
- սովորականից շատ թքահոսություն
- կլման դժվարացում (դիսֆագիա)
- դժվարաշնչություն
- ջերմություն:
Այս նշանները կարող են վկայել կրուպի մասին՝ կոկորդի և ավելի ցածր ընկած շնչուղիների բորբոքում: Կրուպը կարող է բուժվել տանը, սակայն սուր ախտանիշները պահանջում են բժշկական ուշադրություն։ Այս ախտանիշները նաև կարող են վկայել էպիգլոտիտի` շնչափողը փակող մակկոկորդի բորբոքման մասին, որն ինչպես երեխաների, այնպես էլ չափահասների համար կարող է դառնալ կյանքին սպառնացող վիճակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024