Ձախ փորոքի գերաճն ունի մի շարք պատճառներ, որոնց մի մասը մեծացնում է սրտի մկանաբջիջների չափը, իսկ մյուսներն այդ բջիջները շրջապատում են ախտաբանական հյուսվածքով:
Ձեր սրտի մկանաբջիջները (կարդիոմիոցիտները) կարող են մեծանալ ի պատասխան այն գործոններին, որոնք մեծացնում են ձախ փորոքի բեռնվածությունը, օրինակ՝ բարձր արյան ճնշում (զարկերակային հիպերտենզիա) կամ որևէ սրտային հիվանդություն: Երբ ձախ փորոքի բեռնվածությունն աճում է, փորոքի մկանային հյուսվածքը սկսում է հաստանալ: Երբեմն չափերով կարող է մեծանալ նաև բուն փորոքը:
Ձախ փորոքի հիպերտրոֆիա կարող է նաև զարգանալ սրտի մկանաբջջի կառուցվածքային խնդիրների պատճառով: Այսպիսի փոփոխությունները կարող են կապված լինել գենետիկական արատի հետ: Սրտի մկանաբջիջների շուրջ ախտաբանական հյուսվածքի աճ կարող է զարգանալ որոշ հազվադեպ հանդիպող հիվանդությունների ժամանակ:
Ձեր սրտիբեռնվածությունը բարձրացնող գործոնները ներկայացվում են ստորև:
- Բարձր արյան ճնշում (հիպերտենզիա). սա ձախ փորոքի հիպերտրոֆիայի ամենատարածված պատճառն է: Զարկերակային հիպերտենզիա ախտորշվելիս մարդկանց ավելի քան մեկ երրորդի մոտ արդեն առկա են ձախ փորոքի գերաճի նշաններ:
- Աորտալ փականի սթենոզ. սա ձախ փորոքը արոտայից բաժանող աորտալ փականի նեղացումն է: Աորտալ փականի սթենոզի պատճառով ձախ փորոքը ստիպված է ավելի մեծ բեռնվածությամբ կծկվել, որպեսզի կարողանա արոտա արտամղել բավարար ծավալի արյուն:
- Աթլետիկ մարզումներ. ծանր և երկարատև մարզումները կարող են սրտին «հարմարեցնել» լրացուցիչ բեռնվածության պայմաններում աշխատելուն: Դեռևս պարզ չէ, թե նման տեսակի ձախ փորոքի գերաճը կարող է բերել սրտամկանի վնասման և հիվանդության:
Սրտի պատի հաստացման բերող մկանաբջիջների կառուցվածքի խանգարում կարող է զարգանալ հետևյալ դեպքերում՝
- հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա. սա գենետիկական հիվանդություն է, որի ժամանակ սրտամկանը ոչ նորմալ հաստանում է նույնիսկ նորմալ արյան ճնշման պայմաններում՝ բերելով սրտի բեռնվածության բարձրացման
- ամիլոիդոզ. ամիլոիդոզը օրգաններում, այդ թվում՝ սրտում առաջացնում է ախտաբանական սպիտակուցի կուտակում:
Ռիսկի գործոններ
Զարկերակային հիպերտենզիայից և աորտալ փականի սթենոզից բացի, ձեզ մոտ ձախ փորոքի հիպերտրոֆիայի ռիսկը բարձրացնող գործոններից են՝
- տարիք. ձախ փորոքի հիպերտրոֆիան ավելի տարածված է մեծ տարիքով մարդկանց շրջանում
- մարմնի քաշ. ավելորդ քաշը բարձրացնում է բարձր արյան ճնշման և ձախ փորոքի հիպերտրոֆիայի ռիսկը
- ընտանեկան պատմություն. որոշ գենետիկ հիվանդություններ կապված են ձախ փորոքի հիպերտրոֆիայի զարգացման հետ
- դիաբետ. շաքարային դիաբետը բարձրացնում է բարձր արյան ճնշման և ձախ փորոքի հիպերտրոֆիայի զարգացման ռիսկը
- ռասա. աֆրո-ամերիկացիների մոտ ձախ փորոքի հիպերտրոֆիայի զարգացման հավանականությունն ավելի մեծ է, քան զարկերակային ճնշման համանման ցուցանիշներով սպիտակամորթերի մոտ
- սեռ. զարկերակային հիպերտենզիայով կանանց մոտ ձախ փորոքի հիպերտրոֆիայի զարգացման ռիսկն ավելի բարձր է, քան զարկերակային ճնշման համանման ցուցանիշներով տղամարդկանց մոտ:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024